Երվանդ Վարոսյանը հնարավոր հետևանքների մասին
Փաստաբան Երվանդ Վարոսյանի համար այդպես էլ հասկանալի չի դարձել դատարանների մուտքերն արգելափակելու ակցիայի իմաստը։
«Ի՞նչ կարիք կար փակել դատարանների դռները, եթե այդ հայտարարությունը կարող էր հնչել նաև բաց դռների պայմաններում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց նա։
Խորհրդակցության ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած անելիքներից մեկ կետի հետ է համաձայն։ Այն վերաբերում է դատավորների ունեցվածքի ստուգմանը։
«Ես միշտ դրա կողմնակիցն եմ եղել, կարծում եմ, այն դատավորը, որ աշխատել է մաքուր, այդ առումով, վախենալու բան չի ունենա և ավելի անկախ կարող է լինել»,-ասաց փաստաբանը։
Վարոսյանը չի հասկանում, օրինակ, թե ինչ տրամաբանությամբ պետք է դատավորները հրաժարական տան կամ չտան, ինչպե՞ս է կատարվելու զտումը։ Այստեղ նա վտանգավոր միտում է նկատում՝ կապված շաբաթ օրը Դավիթ Գրիգորյանի կայացրած որոշման հետ։
Հիշեցնենք, որ այս դատավորի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց։
«Խիստ բացասական եմ գնահատում այն, որ ամեն ինչ տեղի ունեցավ այդ որոշման ֆոնին։ Եթե ամեն ինչ կապում ես մի որոշման հետ, ապա ստացվում է այնպես, որ դատական համակարգին տրվող կամ տրվելիք գնահատականը կապված է այն բանի հետ, թե տվյալ որոշումը իր սրտով է, թե ոչ։ Սա անթույլատրելի որոշում է, ամբողջ պրոցեսի վրա կարող է ստվեր նետվել։ Ստացվում է այնպես, որ ամիսներ շարունակ նույն դատական համակարգը Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնում էր, խնդիր, կարծես թե, տեսնող չկար, մինչդեռ այդ խնդիրը պետք էր տեսնել իշխանության գալու առաջին իսկ օրից և դրա լուծման ուղիներն արդեն սեղանին պետք է լինեին դրված»,-ասաց Վարոսյանը։
Կառավարությունում անցկացված խորհրդակցությունից հետո էլ փաստաբանի համար պարզ չէ, թե ինչ է արվելու, ինչ է լինելու։ Նա ուրախությամբ նշում է նախորդ իշխանության ժամանակ անկախությամբ, կոռումպացված գործարքների մեջ թաթախված չլինելով աչքի ընկած դատավորների արձագանքը։
«Այն վճռականությունը, որով նրանք պատրաստվում են պաշտպանել իրենց իրավունքները մինչև վերջ, ինձ հույս է տալիս, որ նրանք այլ անձանց իրավունքները ևս ի վիճակի կլինեն պաշտպանել։ Ես համոզված եմ, եթե իրականում ցանկություն կա ձևավորել անկախ դատական համակարգ, ապա այն պետք է խարսխված լինի անկախ, վճռականություն, ինքնասիրություն ունեցող դատավորներից։ Եթե փորձ արվի դատական համակարգը ձևավորել պատեհապաշտ, մորթապաշտ անձանցից, ապա մենք ունենալու ենք շատ ավելի վատ իրավիճակ, քան ունեինք»,-ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է դատարանների վրա ստվերային ճնշումների առկայության մասին գործադիրի ղեկավարի հայտարարությանը, ապա փաստաբանի համար խիստ զարմանալի է, թե ինչու մեկ տարվա ընթացքում չեղավ կոռուպցիոն որևէ սխեմայի բացահայտում, որոնք նախկինում ենթադրաբար գոյություն են ունեցել և դրանցում, պետք է որ, ներքաշված լինեին ոչ միայն դատավորներ։
«Ո՞ւր են այդ բացահայտումները։ Կարծում եմ, որ ստվերային ճնշման մասին չպետք է խոսի մարդը, ում ենթակայության ներքո են գտնվում իրավապահ մարմինները։ Այդ ստվերային ճնշումները, նաև նախկինում տեղի ունեցած, պետք է բացահայտվեն ու ներկայացվեն հանրությանը։ Բայց այն հանգամանքը, որ այդ ամենը չի բացահայտվում, ինձ մտահոգում է՝ արդյոք մենք ուզո՞ւմ ենք այդ ամեն ինչից ձերբազատվել, թե պարզապես փորձ է արվում այդ ամենը վերցնել հսկողության ներքո։ Այսինքն, գնաց նախկին հսկողը, հիմա մենք վերցնենք հսկողությունը։ Եթե չկան բացահայտումները, դա խիստ մտահոգիչ ու կասկածելի է, պետք է դրանց մասին ոչ թե հայտարարություններ անել, դատարանների դռներ փակել, այլ բացահայտել, դատավորներին մեղադրանք առաջադրել ու քրեական պատասխանատվության ենթարկել. սա է ճիշտ ճանապարհը»,-ընդգծեց իրավաբանը։
Նա համաձայն չէ նաև այն հայտարարության հետ, ըստ որի դատական համակարգի նկատմամբ վստահության բացակայության պատճառով նաև քննչական մարմինների աշխատանքի արդյունավետությունն է տուժում, որովհետև քննչական մարմինները շատ հաճախ աշխատում են այն կանխավարկածով, որ դատական համակարգը, միևնույնն է, ջուրն է նետելու բոլոր բացահայտումները։
Վարոսյանն ասաց, երկար ժամանակ դատական համակարգը կուրորեն դակում էր այն ամենը, ինչ իրեն հրամցրել է նախաքննական մարմինը կամ դատախազությունը։
«Այո, վերջին շրջանում չնչին տենդենց կա, որ նախաքննական մարմինների հրամցրած ամեն նեխած բան չէ, որ դատական համակարգը հաճույքով ճաշակում է։ Եվ սա այն ծիլերն են, որոնց մոտ պետք է նստել ու պահպանել, որ հանկարծ չթոռոմեն և ոչ թե ասել՝ նախաքննական մարմին...Նախաքննական մարմինը թող որակով ու օրենքով աշխատի, նախաքննական մարմինը թող չծանրաբեռնեն անիմաստ գործերով»,-նշեց Վարոսյանը։
Փաստաբանի համոզմամբ, վարչապետի կոչը, դրան հետևած ակցիաները, խորհրդակցության ընթացքում հնչեցրած հայտարարությունը չեն կարող ազդեցություն չունենալ դատավորների վրա։
«Այսպես ասած՝ Հին Հայաստանից եկած դատավորների մեծ մասը չունեն այն վճռականությունը, ինչ նրանք, որոնք հրապարակային ելույթներ են ունենում։ Այն դատավորները, որոնք միշտ աչքի են ընկել իրենց վախկոտությամբ, մտավախություն ունեմ, որ նրանք էլ ավելի են վախենալու ու կաշկանդվելու։ Փոխարեն, մենք նժարը թեքենք վճռական ու անկախ աշխատող դատավորների կողմը, անում ենք, հակառակը և կստացվի, որ մենք կունենանք վախկոտների համակարգ, ինչը սարսափելի կլինի»,-ահազանգեց նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-25 19:43
Президент Республики Польша прибыл в Республику Армения.
-
2024-11-25 19:41
После долгого перерыва ансамбль «Voices of Artsakh» представил цикл новых песен.
-
2024-11-25 19:39
Генпрокуратура Азербайджана возбудила уголовное дело в отношении военного эксперта Адалята Вердиева за съемку позиций на границе с Арменией.
-
2024-11-25 19:38
Депутат парламента Армении от правящей фракции "Гражданский договор" Овик Агазарян заявил Sputnik Армения, что ему нужно дополнительное время, чтобы решить вопрос со своим мандатом.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-10-03 11:05
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ նպատակահարմար չի համարում մասնակցել իր լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի նիստում որոշման նախագծի քննարկմանը:
-
2019-09-28 13:24
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան իր պաշտպանյալի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը Վճռաբեկ դատարանում բողոքարկելու հնարավորությունից զրկելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է 2-րդ նախագահի փաստաբանական խումբը։
-
2019-09-19 20:42
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած՝ ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու գործընթացը տեղավորվում է այն նույն դաշտում, որում արգելափակվեցին դատարանների դռները, և սկսվեց հետապնդում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորներ Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նկատմամբ, որոնցից մեկը երկրորդ նախագահին ազատեց կալանքից, մյուսը՝ կասեցրեց դատական գործը, և այն փոխանցվեց ՍԴ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:
-
2019-09-18 10:51
Մեր պետության կառավարումն այնքան է անլրջացել, որ իրավական պրոցեսներին որևէ ադեկվատ կամ լուրջ գնահատական տալը շատ դժվար է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը` անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու՝ «Իմ քայլը» խմբակցության որոշմանը: