Последние новости

Արարատ Միրզոյանը Ամուլսարի խնդրի մասին

Ես ունեմ իմ տեսակետը, նաև խմբակցությունում և գործադիրում անընդհատ քննարկում ենք հարցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ամուլսարը շահագործելու հարցին։

«Մի խմբի բավականին ակտիվ կերպով հետաքրքրում է հարցը, և մարդիկ իրենց դիրքորոշումն են հայտնում։ Հիմա գիտեք՝ ինչ փուլում է։ Վարչապետը հարցրել է Շրջակա միջավայրի նախարարությանը, որը պետք է եզրակացություն տա՝ արդյոք Էլարդի փորձաքննությունը կամ որևէ այլ իրողություն հիմք են տալիս գալու եզրակացության, թե՞ կարիք կա նոր ՇՄԱԳ–ի։ Շատ հիանալի է, որ այդ դիսկուրսը հայ հանրության մեջ կա և ընդհանրապես լավ կլինի, որ բոլոր կարևոր հարցերում կարծիքների բախում լինի։ Սա առաջին փորձերից մեկն է, երբ այսպիսի լուրջ հարցի շուրջ հայհոյանքներին զուգահեռ նաև փաստարկված կարծիքներ ենք լսում, որոնք հանգամանորեն պետք է քննվեն, և այս երկխոսությունը մշտապես պետք է լինի»։

Լրագրողների հարցին՝ արդյոք ինքն ունի՞ մտահոգություն, Միրզոյանը պատասխանեց. «Ո՞նց կարող է ողջախոհ մարդը չունենա մտահոգություն։ Ուրիշ բան, որ այդ մտահոգությունները կարող են փարատվել, չփարատվել, հիմնականում փարատվել, հիմնականում չփարատվել և բազմաթիվ այլ տարբերակներով։ Ո՞նց կարող է ՀՀ որևէ քաղաքացի անտարբեր լինի, որևէ հանքի գործունեությամբ պայմանավորված՝ թափոններով և այլն։ Որևէ մեկն այս երկրի թշնամին չէ կամ այս երկրին կողքից չի դիտում, բոլորս էլ սիրում ենք մեր հայրենիքը և մտահոգություններ որևէ հանքի հետ կապված կառաջանար։ Պետք է նայենք, տեսնենք՝ ինչպես պնդվում է՝ ռիսկերը կառավարելի՞ են, թե՞ ոչ, նոր ՇՄԱԳ–ի անհրաժեշտության կարիք կա՞, թե՞ ոչ։ Սպասենք՝ մասնագիտացված կառույցն իր խոսքն ասի, հետո մնացածը սառը գլխով կարող ենք քննարկել»։

Հարցին՝ արդյոք Ամուլսարի գործարկումը չի վտանգի իշխանության վարկանիշը, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ես համաձայն եմ այն պնդման հետ, որ դրանից կարող է իշխանության վարկանիշը որոշակի անկում ապրել, թեև, իհարկե, այն խմբերը, որոնք ակտիվորեն պայքարում են, այսպես ասած, «Ամուլսարը սար է մնալու, հանք չի դառնալու» սկզբունքից ելնելով, չեմ կարծում, որ այդ ակտիվ մարդկանց մեծ մասը, այնուամենայնիվ, «Իմ քայլին» են ձայն տվել։ Եթե ՇՄԱԳ–ի կարիք չլինի և գնանք հանքի շահագործման, և որևէ այլ հարցում, իհարկե, կարծում եմ, որ կարող են լինել որոշումներ, որից մեր իշխող ուժի վարկանիշը կարող է անկում ապրել։ Որևէ իշխանություն արդյոք պե՞տք է մտածի և որոշի մի միայն վարկանիշից ելնելով, թե՞, այնուամենայնիվ, կարող են լինել իրավիճակներ, երբ որևէ որոշում պոպուլյար չլինի հանրության շրջանում, բայց երկրի շահերը ենթադրեն այդպիսի որոշման կայացումը։ Այստեղ պետք է պատասխանատվությունից խոսենք։ Հավատի հարց չէ, ես կարող էի հավատալ, չհավատալ, բայց պետք է ունենանք մասնագիտացված և դրա համար լիազորված մարմնի պրոֆեսիոնալ կարծիքը»։

Նրա խոսքով՝ ինքը փաստաթուղթը չի կարդացել, բայց վստահում է քննչականին, հակառակ դեպքում պետության կառավարումը կդառնար անհնար։

Հարցին՝ արդյո՞ք խմբակցության տարաձայնությունները չեն նպաստի, որ այն պառակտվի, Միրզոյանը պատասխանեց. «Ո՞վ է ասում, որ տարաձայնություններ են։ Ձևակերպումների մեջ կարող է երանգավորման խնդիր լինել, որն ամբողջապես պատկերը փոխի, բազմակարծություն, այո, տարբեր կարծիքների ազատ արտահայտում ե՛ւ խմբակցության ներսում քննարկումների ժամանակ, ե՛ւ գործադիրի հետ քննարկումների ժամանակ, ե՛ւ նաև դրսում՝ հրապարակավ կարծիքների տարբեր արտահայտում՝ այո, տարաձայնություն՝ ոչ, պառակտում, որ հաստատ ոչ», տեղեկացնում է NEWS.am։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՆԻԿՈԼԸ ՈՒԺ ԿԿԻՐԱՌԻ՞
      2019-09-17 21:45

      Հյուսիսային պողոտա, Իջևան, Ամուլսա՞ր Ամուլսարի մատույցներում տեղադրված բոլոր չորս պահակետերում փակցրած են շուրջօրյա հերթապահությունների գրաֆիկները։ Հերթապահում են ոչ միայն Ջերմուկի բնակիչները և բնապահպանները. ցուցակներում շատ են հասարակական գործիչների և քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվիստների ծանոթ ազգանունները։ Հերթապահությունը, հիշեցնեմ, ձգվում է մեկ տարուց ավելի. առավել քան մեկ տարի «Լիդիան» ընկերության աշխատակիցներին և շինարարական տեխնիկան թույլ չեն տալիս մտնել ենթադրվող հանքի տարածք, մարդիկ բազմիցս պառկել են էքսկավատորների առաջ։ Շատերը պահակետերից չեն հեռանում օրեր շարունակ։

    • Շիրակ Բունիաթյան. Ամուլսարը մեր հայրենիքն է, և վերջ
      2019-09-09 14:15

      Ամուլսարի մուտքերը կբացվի երկու դեպքում։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է բնապահպան Շիրակ Բունիաթյանը:

    • Ծառուկյանը՝ Ամուլսարի հանքի շահագորման մասին
      2019-09-09 14:12

      Ամուլսարի շահագործման հարցում պետք է հաշվի առնվի ժողովրդի կարծիքը, եթե կլինի ժողովրդի համաձայնությունը, կբացեն, եթե չի լինի, թող չբացեն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

    • Փաշինյան. Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում չունենք
      2019-09-09 12:27

      Առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում։ Բայց հասկանալի է նաև, որ մենք չենք կարող հաշվի չառնել մեր հանրության շրջանում առկա անհանգստությունները, ֆեյսբուքի ուղիղ եթերի քիչ առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։