Последние новости

ԳՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ» ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ

Այ, ի՞նչն է ուշագրավ բոլոր ժամանակների և ժողովուրդների հեղափոխականների և ազատության տնաբույծ ջատագովների մեջ: Դրանք սարսափելի անազատ մարդիկ են, որոնք գործնականում չեն հանդուրժում ոչ մի ժողովրդավարություն։ Նրանք բոլորն ավելի շուտ հարակիրի կանեն միմյանց (իրենք իրենց հարակիրի չեն անի երբեք), քան կընդունեն մեկ ուրիշի կամարտահայտության իրավունքը կամ առհասարակ գոնե մեկ արժանիքը։ Եվ այն, որ նրանք գործածության մեջ են դնում «նախկիններ-հներ» կանոնական ու խղճուկ բնորոշումը՝ ի հակակշիռ իրենց՝ «ներկայիս-նորերի», մեծագույն սխալ է։ «Աշխարհի պես հին» բնորոշումը, Աստված վկա, շատ ավելի տեղին է: Բայց սա այնպես, տեսականորեն։ Իսկ գործնականում՝ Արցախում «5-րդ ալիքի» հեռարձակման հարցը վերջնականապես փակված է, համենայն դեպս՝ մինչև տարեվերջ։ Կան, ճիշտ է, վարդագույն դատողություններ. ասել է թե՝ գուցե ապագայում, 2021 թվականին դեռ կտեսնվենք։

Եվ այսպես, ինչպես հայտնի է, հունիսի 1-ից «5-րդ ալիքը» դադարեցել է հեռարձակվել Արցախում։ Դադարել է, բնականաբար, ոչ իր կամքով։ Առաջին պաշտոնական վարկածն ասում էր՝ տեխնիկական անսարքություններ։ Ինչն առանձնակի հետաքրքրական է, քանզի խոսքը «5-րդ ալիքի» առանձին հեռարձակիչի մասին չէ. Հայաստանի հեռուստաալիքները Ղարաբաղ են հեռարձակվում միասին, մեկ ընդհանուր «կետից»։ Տեխնիկական անսարքությունը դարձավ իսկը արհեստական բանականություն, որն անսպասելիորեն ցուցաբերեց ինքնուրույնություն, ընտրողականություն և նույնիսկ քաղաքական կողմնորոշում։

«Չէի ցանկանում հարցը քաղաքականացնել և «կրակից շագանակներ հանել»…Ես, ներեցեք, սարից չեմ իջել, հեռուստատեսությունում բավականին երկար եմ աշխատել և աշխատում եմ, և ես շատ լավ հասկանում եմ տեխնիկականի և ոչ տեխնիկականի խնդիրները։ Բայց էլի եմ կրկնում, քանի որ խնդիրը կապված էր Արցախի հետ, ես շատ զգուշավոր էի մոտենում։ Չկա որևէ տեխնիկական խնդիր, հավատացեք, չկա։ Եվ իմ այս ասածը հաստատելու եկավ պատգամավոր և Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետևյալ արտահայտությունը, բառացի մեջբերեմ. «Էդ ինչի՞ Յուրի Խաչատուրովը կգնա Արցախում արգելափակված հեռուստաընկերությանը հարցազրույց կտա, իսկ մեզ չի տա»։ Այդ միտքը նա հնչեցրեց մեկ բանի համար. ասելու, որ «5-րդ ալիքին» արգելափակել են, դա հստակ մեսիջ էր։ Ես վստահ եմ և այն համոզման եմ, որ պատվերն իջեցվել է Հայաստանից։ Եվ կոնկրետ պետք չի, որ ինչ-որ մեկը վերցնի, զանգի. դե, գնացել են, ինաուգուրացիա է եղել, հանդիպել են, խոսել են շնորհավորել են, ձեռքի հետ էլ ասել են՝ այս բանը արա, ինքն էլ արել է։ Այսքան բան»,- դեռ մեկ շաբաթ առաջ այսպես մեկնաբանեց ստեղծված իրավիճակը «5-րդ ալիքի»-ի գլխավոր տնօրեն Հարություն Հարությունյանը։ Եվ նաև՝ հեղինակն ու ռեժիսորը, որն իր ողջ թիմի հետ միասին ստեղծել է «Հաղթանակի Ապրիլ» վավերագրական ֆիլմը

Հունիսի 10-ին Արցախի նախագահի մամուլի խոսնակը պաշտոնապես հայտնեց, որ երկար սպասված նոր «ագրեգատը» վերջապես ստացել են, այն էլ Ֆրանսիայից։ Հետևաբար՝ հինգ ալիքների ընդհատված հեռարձակումը, որոնց թվում է նաև «5-րդը» կվերականգնվի։ Իրավիճակը մեկնաբանած բոլոր անձինք, և առաջին հերթին՝ Հարություն Հարությունյանը, համակվեցին խորը և անկեղծ զղջման զգացումով։ Չէ՞ որ նա միակը չէր, ով համարում էր, որ «խմբովի անջատումը» լոկ ծխածածկույթ է, որպեսզի խաղից դուրս բերվի ոչ միայն կոշտ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող, այլև Արցախի շուրջ իշխանության բոլոր շարժումները ուշադրության կենտրոնում, առանձնակի սևեռակետում պահող ալիքը։ Մի խոսքով, պաշտոնական Արցախը նախատեց «5-րդ ալիքին» «քաղաքական անհիմն շահարկումների» համար, իսկ նրա ամոթահար տնօրենն արդեն ուր որ է պիտի մեղքերի թողություն խնդրեր և ուրախությամբ հայտարարեր ի լուր աշխարհի, որ ալիքը վերադարձվում է արցախցի հեռուստադիտողին։ Երիցս ուռա՜։ Եվ հանկարծ՝ ա՜յ քեզ բան... Ապաշխարության ժամին հայտնի է դառնում, որ Արցախի էկոնոմիկայի նախարարությունը որոշում է կայացրել հարկատուների փողերը խնայողաբար օգտագործելու մասին։ Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ եթեր կհեռարձակվեն բացառապես կառավարական ցուցակով հաստատված ալիքները։ Կա՞ արդյոք այդ ցուցակում «5-րդ ալիքը»։ Դե, իհարկե՝ ո՛չ։ Եվ այն միակն է, որ չկա։ Փոխարենը՝ կա պաշտոնական հիմնավորում, բացառիկ ճիզվիտական. ալիքը փակել են քաղաքական շահարկումների արդյունքում: Ասել է թե՝ տղե՛րք, երբ ձեզ «ակնարկում» են, որ լռեք, ապա պապանձվեք ու ծպտուն մի հանեք, իսկ եթե ոչ, ուրեմն ստացե՛ք։

... Եկեք հրաժարվենք հին աշխարհից, իսկ մեզ անվանենք սարի արքա: Եկեք քաղաքականությամբ զբաղվենք ոչ թե հանուն երկրի, այլ հանուն մեզ։ Եկեք չսիրենք մեր երկիրը, իսկ այն սիրելու ցանկացած փորձ գնահատենք նույնիսկ ոչ թե շովինիզմ, այլ անցյալի մնացուկ։ Եկեք բոլոր նրանց, ովքեր համամիտ չեն մեզ հետ, հայտարարենք «նախկիններ» և ընդհանրապես գռեհիկ հիմարներ։ Իսկ մեր բարձր կոչման ու առաքելության հանդեպ ոտնձգություն կատարողներին մեղադրենք հակահեղափոխության ու ռևանշիզմի մեջ։ Եկեք մենք լինենք «ազատությունը», իսկ բոլոր նրանք, ովքեր մենք չենք, թող լինեն «սև-դարչնագույն»։ Եվ խարանենք, առնվազն՝ խոչընդոտենք ու արգելենք… Այս ամենը աշխարհի պես հին է։ Այս ամենը ինչ-որ ժամանակ արդեն եղել է։ Եղել է տարբեր ժամանակներում ու տարբեր ժողովուրդների հետ։ Այդ ամենը հետո, ծանր իմաստավորումից հետո, անվանել են տոտալիտարիզմ, տեռոր և այլ վատ բառերով։ Անվանել են «անազատություն»։ Բայց ո՛չ, նոր աշխարհի յուրաքանչյուր հաջորդ շինարար համառորեն ձգտում է շարժվել վաղուց տրորված ու թուքումրով պատված այդ ճանապարհով։ Ահավասիկ մեր ղեկավարությունն էլ, որը մինչ այժմ սահմանափակվում էր զազրելի, անշնորհակալ, պայծառ ապագան տեսնելու անընդունակ և «մեզ պատերազմ հայտարարած» ԶԼՄ-ների դեմ բանավոր գրոհներով, ձեռնարկեց խոսքից գործի անցնելու առաջին փորձը։ Անցնելու գաղափարախոսական գրաքննության։ Ոչ միայն պարզապես վախեցնող, այլ առանձնակի նողկալի փորձ, քանզի արվեց դա կարծես թե ոչ իր ձեռքով: Չէ՞ որ Արցախը անկախ պետություն է, «ես ես չեմ, ձին էլ իմը չէ», թեև ամեն ինչ գարշելի է և աչք ծակելու աստիճան ակնհայտ։

Եվ ամենազազրելին այն է, որ, ինչպես համոզված է «5-րդ ալիքի» ղեկավարը, արգելափակման համար մեկնախթան դարձավ հենց նույն «Հաղթանակի Ապրիլ» ֆիլմի ստեղծումն ու հեռարձակումը։ Արցախյան ազատամարտի հերոսներին, հայկական տոկունությանն ու արիությանը նվիրված ֆիլմը-ներբողի: Ֆիլմ, որի համար այն երկրում, որտեղ գերակայություն է հայրենիքը սիրելն ու սեփական հաղթական բանակով հպարտանալը, դրա ստեղծողներին շնորհակալություն կհայտնեին, գուցեև պարգևատրեին մեդալներով։ Իսկ մեր պարադոքսալ իրողությունների պարագայում նրանց արժանացրին միայն աքացիների։ Երկու ամիս է անցել ֆիլմի թողարկումից, իսկ «հայրենիքի լավագույն այրերը» շարունակ տառապում, տեղները չէին գտնում։ Փոխարենը՝ գտան ելքը. արգելափակել հեռարձակումը, և վե՛րջ։

Թե կա մի բան, ինչում դժվար է կողմնորոշվել, դա այն է, թե ի՞նչն է ավելի վատ ու նողկալի։ Այն, որ մեր հաղթանակի մասին պատմող ֆիլմը կարող է դառնալ պատժամիջոցների առիթ, թե՞ այլախոհների դեմ այդ պատժամիջոցները սկսելու բուն փորձը, գրաքննության առաջին ծիծեռնակը։ Պատասխանը մեկն է. երկուսն էլ նողկալի են։ Եվ այս հանգամանքներում արդեն որպես բացահայտ ցինիզմ է հնչում «լավատեսական» բալեհատիկը այս գարշահամ տորթի վրա. «Տարեսկզբին ցուցակը կվերանայվի, և «5-րդ ալիքը» հեռանկար ունի կրկին հայտնվելու սոցիալական փաթեթում»…

«Ես չեմ կիսում ձեր համոզմունքները, բայց կյանքս կտամ հանուն նրա, որ դուք իրավունք ունենաք արտահայտելու դրանք»... Բոլոր կիրթ մարդիկ գիտեն, որ սա ասել է Վոլտերը, և ասել է մոտ երեք հարյուր տարի առաջ։ Բայց նոր աշխարհի շինարարի ուղեղը, լատիներեն բնորոշմամբ՝ «տաբուլա ռասա»-ի պես մի բան է, մաքուր տախտակ։ Վոլտեր-մոլտեր կատեգորիաներ չի նախատեսում։ Մանավանդ որ այդ «վոլտեր-մոլտեր»-ից, վերոնշյալ և բազմաթիվ այլ համանման մտքերից է ծնունդ առել ողջ ազատությունն ու ժողովրդավարությունը, ողջ հումանիզմը։ Եվ դրա համար պահանջվել է մի քանի դար։

Այնպես որ անիմաստ է դիմել մեր ղեկավարությանը՝ ազատության և ուղեղներում հեղափոխության մասին իրենց իսկ նետած կարգախոսով։ «Տաբուլա ռասա»-ի վրա չգիտես ինչու «թույլ չեմ տա» և «կարգելեմ» բառերը միշտ ավելի օրգանական ու արագ են տեղ գտնում, քան հումանիզմի, լուսավորության և ճշմարիտ ազատության գաղափարները: Ուստի մեզ մնում է միայն անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտանք նման անթույլատրողություն։ Որ նա, ով «այլ» է, ձեռք չբերի մերժյալի տխուր ու հպարտ համբավ։ Որ գրաքննության փորձը ձախողվի թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • "ГОРОД ГЕРОЕВ" - РЕАБИЛИТАЦИЯ СТАНЕТ ВОЗРОЖДЕНИЕМ
      2022-05-20 09:38
      1288

      "Представляете, мой мальчик начал спать по ночам!", - вот ради такого настоящего счастья для мальчика, для его матери и еще тысяч других мальчиков, прошедших ад войны, был создан реабилитационный центр для комбатантов "Город героев" имени национального героя Армении Ваагна Асатряна, который командовал отрядом спецназа и который погиб в 44-дневной войне.

    • ARMMONO: "ЕСТЬ И БУДЕМ" - ЭТО ТО, ЧТО МЫ СОЗДАЕМ
      2022-05-16 09:11
      2986

      Ереванский Международный Театральный фестиваль ARMMONO берет старт 17 мая и празднует 20-летний юбилей. Директор фестиваля Марианна МХИТАРЯН уверена, что в нынешних реалиях празднование - это не обеды, ужины и танцы. Это работа и творчество, которые только и могут быть залогом "были, есть и будем!".

    • НОКС - ТУПИКОВЫЙ ВАРИАНТ ЭВОЛЮЦИИ
      2022-05-14 10:34
      3942

      Итак, он откинул копыта, сыграл в ящик, накрылся медным тазом. И для того, чтобы предсказать такой финал, даже не требовалось особых компетенций, достаточно было просто обладать здравым смыслом. Ах да! "Он" - это проект века, очередная великая реформа в сфере образования, предполагающая объединение Государственного института театра и кино с Академией изящных искусств и попортившая многим много же крови. Официально об этом пока не объявляли, да и вряд ли объявят, но в инсайде Министерства НОКС уже звучит - проект заморожен.

    • "ДОМ НА ГРАНИЦЕ" - БЕЛЫЙ ТАНЕЦ
      2022-05-05 09:49
      4507

      С чего начинается Родина? И стоит ли ставить ее во главу угла, если жизнь, по слухам, одна? Это, пожалуй, главные вопросы, ответы на которые пытается найти спектакль "ДОМ НА ГРАНИЦЕ", поставленный по пьесе Карине Ходикян режиссером Тиграном Гюлумяном на сцене Разданского драматического театра.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ