Ամեն քայլ ձեռնարկել՝ նավթադոլարներից հղփացած ադրբեջանաթուրքական բռնապետական տանդեմին կանգնեցնելու համար․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
2021 թվականի հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանը մեկ անգամ ևս ծավալուն ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հյուսիսարևելյան ուղղությամբ: Նախիջևանի սահմաններին մոտ Երասխ գյուղի, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի վրա հարձակումներից հետո, սա արդեն երրորդ անգամն է մեկ շաբաթվա մեջ, որ Ադրբեջանի հանցագործ իշխանությունները ոտնահարում են հրադադարի համաձայնագիրը և բացահայտորեն խախտում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Հաղորդվում է, որ մարտերը դեռևս շարունակվում են, դրանց արդյունքում երեկ գիշեր երեք հայ զինծառայող է զոհվել ադրբեջանական զինուժի կողմից, ևս չորսը վիրավորվել են: Այս մասին հայտարարել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը։