ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՉՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԳԼՈՒԽԸ ՊՐԾԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑ
Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը որոշել է հրաժարական տալ։ Ինքն է որոշել, թե «որոշեցրել են», այնքան էլ կարևոր չէ։ Շատ ավելի կարևոր է այն, որ ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու աղաղակող միջադեպից և «չեմ կարծում, որ այդ մարդը կարող էր ծեծի ենթարկվել» ոգով սեփական ցինիկ մեկնաբանությունից հետո Սարգսյանի հրաժարականը պատասխանատվությունից խուսափելու առավել քան խղճուկ փորձի տեսք ունի։ Եվ պատկերը չի փոխում նույնիսկ սրտակեղեք պասաժը, որն ակնհայտորեն կոչված է արցունք քամել նրբազգաց լսարանի աչքերից։