Բորել․ ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
2022 թ. դեկտեմբերի սկզբից Եվրոպական Միությունն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և դրանց մարդասիրական հետևանքներին։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը մշտական կապի մեջ է երկու կողմերի արտաքին գործերի նախարարների հետ: Կողմերի հետ սերտ կապի մեջ է նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Եվրախորհրդարանի պատգամավոր Ասսիտա Կանկոյի՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ պաշտոնական հարցմանը Ժոզեպ Բորելի պատասխանում: