Հայաստանում մեկնարկում է քարոզարշավը: Պաշտոնապես: Հատուկ արձանագրում ենք այդ փաստը, քանի որ դե-ֆակտո այն վաղուց էր մեկնարկել, և հատկապես իշխանական « Քաղաքացիական պայմանագիր » կուսակցությունը մի քանի ամիս է, ինչ ակտիվ քարոզարշավի մեջ է՝ իշխանական լծակների ու գործիքակազմի գործադրմամբ:
Եվ այսպես, նախընտրական քարոզարշավին մասնակցում է 19 քաղաքական ուժ։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը, իսկ հունիսի 7-ին ՀՀ քաղաքացին կկատարի իր ընտրությունը:
Քարոզարշավի մեկնարկն ազդարարվեց նրանով, որ գործադիրի գերակշիռ մասը այսօրվանից մեկնում է արձակուրդ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Նրանք բոլորը ակտիվ քարոզչություն են իրականացնելու Հայաստանի գյուղերում ու քաղաքներում, որպեսզի առաջիկա հինգ տարիներին շարունակեն աշտոնավարել այն որակով, որը տեսանելի է բոլորիս և որը ՀՀ քաղաքացին շատ լավ զգում է իր մաշկի վրա:
Այդպես, արձակուրդ են մեկնում՝
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը,
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը,
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը,
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը,
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը,
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը,
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը,
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը,
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Ինչպես նաև Փաշինյանի բազմաթիվ օգնականներն ու խորհրդականը, մարզպետները: Անգամ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն է մեկնում արձակուրդ։ Նրանք բոլորը արձակուրդում կգտնվեն մինչև հունիսի 5-ը:
Քարոզարշավի մեկնարկն ազդարարվեց ևս մեկ ուշագրավ դրվագով, Փաշինյանը հերթական անգամ սպառնալիքներ հնչեցրեց օպոնենտ ուժերի հասցեին, հայտարարելով, թե « պատերազմի եռագլուխ ուժերից որևէ մեկը չպետք է հաղթահարի խորհրդարան անցնելու շեմը ».
«Ազգային ժողովում խնդիր եմ ձևակերպել և այդ խնդրով մենք քաղաքացիների հետ աշխատելու ենք, որ պատերազմի եռագլուխ կուսակցություններից որևէ մեկը չհաղթահարի խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ շեմը: Մեր ծրագիրը դա է, որ նրանցից որևէ մեկը պետք է չհաղթահարի խորհրդարան անցնելու անհրաժեշտ շեմը։ Կոնկրետ խոսում եմ «Հայաստան» դաշինքի, «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասին և խոսում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին»,- նշել է Փաշինյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը ապա հավելել.
«Այդ ուժերը պետք է մտածեն խորհրդարան անցնելու մասին։ Որ ասում են հաղթելու ենք, ծիծաղելի է ուղղակի»:
Իսկ այսоր մամուլը գրեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ասուլիսը երեկ դեռ չավարտված, Փաշինյանը հրահանգ իջեցրեց իր իրավապահ համակարգին՝ մասսայական գաղտնալսումներ իրականացնել Կարապետյանի թիմակիցների շրջանում և ոչ միայն, ու հնարավոր և անհնար բոլոր միջոցներով նրա աջակիցների «վրա կեղտ գտնել» ու քրեական հետապնդումների նոր ալիք սկսել այդ ուժի դեմ։ Հարցը՝ կա՞ ինչ-որ մեկը, որ կասկածում է, որ հենց այսպես էլ եղել է, հռետորական է:
Այլ կերպ ասած, արձանագրենք, որ Փաշինյանի պահվածքում՝ թե՛ որպես երկրի ղեկավարի, թե՛ որպես ընտրության գնացող ուժի առաջնորդի ոչ մի բան չի փոխվել. նա շարունակում է սպառնալ բոլորին, ով կարող է ճոճել իր իշխանությունը և քննադատում է այդ իշխանությանը, նա գործի է դնում իրեն հպատակն, հլուհնազանդ ծառայող իրավական համակարգը, այն հարմարեցնելով միմիայն իր շահերի սպասարկմանը, ինչի հետևանքով ծանր հանցագործությունները Հայաստանում, այդ թվում անչափահասների նկատմամբ, գնալով ավելանում են, դրանք նույն համակարգի կողմից ծածկադմփոց են արվում, իսկ ՔԿՀ-ներում տեղ ու դադար չկա՝ ամբողջը Փաշինյանի ընդդիմախոսներն են:
Հույս հայտնենք, որ այս ամենը տեսանելի է ՀՀ քաղաքացուն և ճիշտ ընտրություն կատարելը նույնքան հեշտ գործընթաց կլինի, որքան Փաշինյանի համար ազատ խոսքը խեղդելը:
Լիա ԽՈՋՈՅԱՆ, Verelq.am
