Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանը վկայի կարգավիճակով հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե։ Այս մասին նա հայտնեց այսօր լրագրողների հետ զրույցում։
«Ինձ կանչել էին հարկադիրի պահանջով, քանի որ ես իբր չեմ կատարում իրենց զգուշացումները»,– ասաց վարդապետը։
Նա ընդգծեց` պետական մարմինները` ի դեմս հարկադիրի, ամեն կերպ փորձում են խոչընդոտել իր ծառայությունը։
«Փաստորեն ես` որպես Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևորական, չեմ կարող պատարագ մատուցել, չեմ կարող հանդիպել երիտասարդների հետ, չեմ կարող քահանայական դասին հանդիպել, քանի որ, ըստ քննչականի, դա խոչընդոտ է դատական ակտին»,– ասաց նա։
Վարդապետը տեղեկացրեց, որ Արման Սարոյանը (կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյան. խմբ.) շարունակում է քահանաներին նամակներ գրել։ Վերջին շրջանում ևս երկու դեպք է գրանցվել։ Նամակում գրված է եղել, թե նրանք հեռացված են իրենց հովվությունից։
«Չգիտես ինչու, բոլորը սպասում են ընտրությունների ելքին։ Մինչդեռ ընտրություններով չի պայմանավորվում Հայ առաքելական եկեղեցու վարդապետությունը, որի մեջ մտնում է նաև ուղղափառ եկեղեցաբանությունը։ Եթե կան հոգևորականներ, որոնք կարծում են, թե պետք է սպասել ընտրություններին, ապա իրենց համար եկեղեցու վարդապետությունը փոփոխելի է»,-ասաց նա։
Հոգևորականի գնահատմամբ՝ Մասյացոտնի և Արագածոտնի թեմերում տեղի ունեցող գործընթացները հարված են ոչ միայն եկեղեցու սահմանադրական հիմքերին, այլև Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական համակարգին՝ այն ներսից քայքայելու նպատակով։
«Վերջին ամիսներին Մասյացոտնի թեմում տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ Հայաստանը փաստացի իրավական պետություն չէ»,– հավելեց նա։
Sputnik Արմենիա
