Պաշտոնական Երևանի փորձը՝ զարգացնել ինտեգրացիան Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում և միաժամանակ հայտարարել Եվրամիությանը միանալու իր հանձնառության մասին, Ռուսաստանի հետ հարաբերությունները վտանգավոր կերպով անորոշ է դարձնում, ինչը պահանջում է Հայաստանի ղեկավարության կողմից վերջնական և թափանցիկ որոշում՝ տնտեսական ցնցումներից խուսափելու համար։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է ՄԳԻՄՕ համալսարանի միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը։
Մեկնաբանելով ՌԴ նախագահի վերջին հայտարարությունները՝ փորձագետը ընդգծել է, որ հնարավորինս շուտ «կողմնորոշվելու» կոչը թելադրված չէ ընտրություններին միջամտելու ցանկությամբ, այլ եվրասիական կառույցներից Հայաստանի հնարավոր դուրս գալու գործընթացը կանխատեսելի և անցավ դարձնելու անհրաժեշտությամբ։
Նիկոլայ Սիլաևը նշել է, որ Մոսկվայում տեսնում են հստակ հակասություն հայկական իշխանությունների խոսքերի և գործողությունների միջև՝ որպես օրինակ բերելով վերջերս Երևանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ընդունելությունը։ Փորձագետի կարծիքով՝ նման քայլերը դե ֆակտո ոչ բարեկամական քաղաքականություն են, որը զրոյացնում է Հայաստանի ԱԳՆ-ի նախկին հավաստիացումները։
Փորձագետը ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինը, հիշատակելով հանրաքվեի հնարավորությունը, առաջարկել է գնալ «փափուկ, կիրթ և փոխշահավետ ամուսնալուծության» ճանապարհով, եթե Հայաստանի ժողովուրդը իսկապես ընտրի եվրոպական ուղին։ «Կարևոր է խուսափել այնպիսի իրավիճակից, երբ առևտրատնտեսական հարաբերությունները կհայտնվեն քաոսի մեջ, և ստիպված կլինեն շտապ միակողմանի միջոցներ ձեռնարկել ԵԱՏՄ-ի շուկաները պաշտպանելու համար», – ընդգծել է նա։
Անդրադառնալով գալիք խորհրդարանական ընտրություններին արտաքին միջամտության թեմային՝ Սիլաևը մատնանշել է արևմտյան երկրների և տարածաշրջանի հարևանների կողմից աննախադեպ ճնշումը։ Նա կարծիք է հայտնել, որ Բաքվի կողմից Փաշինյանին ցուցաբերվող աջակցությունը, որը հաճախ ուղեկցվում է պատերազմ հնարավոր լինելու հռետորաբանությամբ՝ «սխալ» քվեարկության դեպքում, ընտրողների կամքի մանիպուլյացիայի ձև է։ Այս համատեքստում փորձագետը հակադրել է Ռուսաստանի դիրքորոշումը, որը, նրա խոսքով, շահագրգռված է բացառապես գործընթացի լեգիտիմությամբ և ազնվությամբ։
«ԵՄ-ն, Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են հակառակ շահագրգռությունն ունենալ, բայց Ռուսաստանը նման ձևով չի միջամտում, քանի որ լրջորեն է վերաբերվում Հայաստանի ինքնիշխանությանը», – նշել է քաղաքագետը։ Զուգահեռներ անցկացնելով ուկրաինական սցենարի հետ, որի մասին խոսել է Ռուսաստանի նախագահը, Նիկոլայ Սիլաևը բացատրել է, որ խոսքը ոչ թե ռազմական նմանության մասին է, այլ «երկու աթոռի վրա նստելու» ողբերգական փորձի։
Նա հիշեցրել է, որ հենց Կիևի երկար ժամանակ և՛ Ռուսաստանին, և՛ ԵՄ-ին, և՛ սեփական քաղաքացիներին խաբելու փորձերն են հանգեցրել սուր ներքին պառակտման և տնտեսական փլուզման։ Փորձագետը ընդգծել է, որ այնտեղ, որտեղ Եվրամիությունը պարտադրում է այլընտրանք չունեցող կուրս՝ լինի դա Ուկրաինան, Վրաստանը կամ Մոլդովան, դա անխուսափելիորեն ծնում է քաղաքացիական հակամարտություն և բախումներ։ Սիլաևի խոսքով՝ Հայաստանի խնդիրն այժմ այս իրադարձություններից դասեր քաղելն է և ինքնիշխան որոշում ընդունելը՝ գիտակցելով Ռուսաստանի հետ կապերի խզման բոլոր տնտեսական հետևանքները։
