Логотип

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ԳԵՐԵՎԱՐՄԱՆ, «ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԵՎ «ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԻ» ԼԵԳԻՏԻՄԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Բաքվում ապօրինի պահվող ՀՀ քաղաքացիների շուրջ վերջին զարգացումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Հայաստանում ցանկացած օրակարգ, այդ թվում՝ նախընտրական, անխուսափելիորեն ներառում է նաև երկրի ապագայի համար կարևորագույն այդ հարցը: Դավիթ Իշխանյանի ուղերձը և, ամենակարևորը՝ Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը կրկին ապացուցեցին դա ամենայն ակներևությամբ։ Ինչպեսև այն փաստը, որ Արցախի հարցը և դրա հետ կապված բոլոր ածանցյալները շարունակում են առանցքային մնալ այսօրվա հայ իրականության մեջ, նույնիսկ նրանց համար, ովքեր եռանդագին փորձում են «փակել» այն:

ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ՝ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՅԴՔԱՆ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՈՒ ՍՐԲԱԶԱՆ ԵՌԱՏՈՆԻՆ, Փաշինյանը կրկին սկսեց ճղավել ու կրկին Արցախի թեմայով։ Այս անգամ՝ Սյունիքի Կոռնիձոր գյուղում։ Հիստերիկ «պերֆորմանսը»՝ «Արցախը երբեք հայկական չի եղել» հայտարարությամբ և ազերպրոպի զինանոցից քաղած այլ զառանցանքներով, դարձավ նրա ծակած հերթական հատակը։ Բայցև զգացողություն թողեց, որ Արցախի, Հայաստանի և Ազգային-ազատագրական շարժման վրա այդչափ բացահայտ հարձակումն ամենևին էլ ՔՊ-ի քարոզարշավի նախապես ծրագրված թեզ չէ։

Ընդհակառակը, լիակատար տպավորություն է, որ կոռնիձորյան պոռթկումը Ալիևի հետ համատեղ նախընտրական ուղեգծի շտկման արդյունք է, թելադրված հենց գերիների հարցում զարգացումներով։ Եվ առաջին հերթին՝ Ռուբեն Վարդանյանի գնահատականների կոշտությամբ ու հստակությամբ բացառիկ հայտարարությամբ, որը բացահայտ մեղադրում է հանցավոր իշխանությանը ոչ միայն իրավիճակին համարժեք գործողությունների, այլև խնդրի լուծմանը հասնելու որևէ ցանկության բացակայության մեջ։

Բաքվի բանտից հնչած հուզական լարվածությամբ անողորմ հարցը. «Ամոթ չէ՞», մեղադրանք է հակահայկական (անբարոյականության մասին խոսելն անգամ ավելորդ է) քաղաքականության մեջ՝ առնվազն գերիների նկատմամբ։ Եթե պետությունը հինգուկես տարի շարունակ չի կարողանում հասնել իր բացարձակ անմեղ քաղաքացիների վերադարձին, թեև ամենուր պնդում է հաստատված «խաղաղության» մասին, ապա դա վկայում է ոչ միայն նրա ղեկավարության բացարձակ անձեռնհասության մասին, այլև ցույց տալիս ինչպես հայրենակիցների ճակատագրի հանդեպ անտարբերությունը, այնպես էլ նրանց առնվազն մի մասին, մեղմ ասած, օտար պետության բանտերում ընդմիշտ թողնելու գիտակցված շահագրգռվածությունը։

Երբ երկրի դե ֆակտո առաջնորդը Շուշիի լեգենդար ազատագրման և հերոսական Պաշտպանության բանակի ստեղծման օրը, պատմական ազգային աղետից ընդամենը 2,5 տարի անց, ճղավում է, թե «Արցախը երբեք հայկական չի եղել», ապա դա պարզապես հիստերիա չէ և ոչ էլ իշխանությունը կորցնելու վախ։ Դա շատ նման է Ալիևի հետ ևս մեկ հակահայկական գործընթացի վաղաժամ մեկնարկի մասին հապշտապ պայմանավորվածության արդյունքի։

ՆՄԱՆ ԲԱՆ ՊՆԴԵԼՈՎ՝ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՈՂ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ հայոց պետականության ոչնչացման վերջին փուլի համար, որի իրագործումը ծրագրված է արդեն ընտրություններից հետո. իհարկե, վարչապետի պաշտոնում նրա վերարտադրության դեպքում։ Այսինքն՝ եթե «Արցախը երբեք հայկական չի եղել», ուրեմն Հայաստանը ագրեսոր և օկուպանտ է, իսկ շարժումը գլխավորած, Ադրբեջանի դեմ պատերազմներին ակտիվորեն մասնակցած և հայկական երկրորդ հանրապետությունը ղեկավարած մարդիկ հանցագործներ են։

Պարզ ասած, Փաշինյանն ու Ալիևը սկսում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը «իրենց նկատմամբ դատավճիռները վաստակած հանցագործներ» հայտարարելու արդեն համատեղ գործընթացը։ Եվ կասկածից վեր է, որ իշխանությունը կրկին ուզուրպացնելու դեպքում Նիկոլը կճանաչի Ալիևի անցկացրած «դատավարությունների» լեգիտիմությունը և այդպիսով իր համար կփակի գերիների հարցը, որ սուր փշի պես խրված է իր համապատասխան տեղը։

Ամենայն հավանականությամբ, մտադրություններն այդքան բացահայտ ցույց տալը իշխանությունների նախընտրական ծրագրերի մեջ չէր մտնում։ Բայց Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը անհանգստացրեց և դրդեց Փաշինյանին ու Բաքվում նստած իր հանցակցին սկսել գործել բուն քարոզարշավի ընթացքում՝ հենց այդ հարցում հետագա գործընթացների անկանխատեսելիության պատճառով։

Այն մասին, որ մոտ ժամանակներս Ալիևը կվերադարձնի 11 «սովորական» գերիների՝ պահելով միայն Արցախի առաջնորդներին, շատ է գրվում ու խոսվում։ Հաշվի առնելով ընտրությունների վճռորոշ նշանակությունը թուրքական եռյակի հետագա ծրագրերի համար՝ դա շատ հավանական է։ Բայց հունիսի 7-ից անմիջապես հետո, եթե, կրկնենք, Նիկոլին ինչ-որ հրաշքով հաջողվի մնալ իշխանության ղեկին, մնացած ութի վարկաբեկման և մեղադրման ինտենսիվ արշավ կսկսվի արդեն Երևանից։ Արշավ, որի համար հողն արդեն նախապատրաստված կլինի Արցախի մասին անհեթեթ հայտարարություններով։

Ինչն, անշուշտ, կազդի իրավապաշտպանների ջանքերի և գերիների շուրջ միջազգային գործընթացների վրա։ Բայց կարող է նաև երկսայրի սուր դառնալ՝ բումերանգի էֆեկտով։ Հիշենք, որ ժամանակին Փաշինյանն արդեն փորձել է զրպարտել Վարդանյանին՝ հրապարակավ հանդես գալով կեղտոտ ակնարկներով, բայց հասարակության կտրուկ արձագանքի պատճառով ստիպված էր ժամանակավորապես դադարեցրեց իր վայրահաչը։

ԱԼԻԵՎԸ ԲԱԶՄԻՑՍ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ԵՐԲԵՔ ՉԻ ԱԶԱՏԻ ԱՐՑԱԽԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ։ Սակայն միջազգային աճող ճնշման պայմաններում նրան հույժ անհրաժեշտ է Նիկոլի աջակցությունը, և այս հարցում՝ արդեն ոչ միայն անգործության տեսքով։ Ալիևին պետք է, որ Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս Փաշինյանի, պաշտոնապես հաստատեն Արցախում Ադրբեջանի նախորդ բոլոր գործողությունների լեգիտիմությունը, մասնավորապես՝ նախկին և գործող ղեկավարության ներկայացուցիչների գերեվարումը, շինծու մեղադրանքներն ու ծայրեծայր սարքած քրեական գործերը, «դատավնրություններն» ու «դատավճիռները»:

Բաքվի բռնապետին դա անհրաժեշտ է ոչ միայն այն բանի համար, որ «օրինական» հիմքեր ունենա չվերադարձնելու Հայաստանի ութ քաղաքացիներին և ցուցադրաբար պահելու նրանց Բաքվի բանտում։ Նրա հետագա նպատակներն ուրվագծվում են ծայրաստիճան հստակ և բազմիցս մատնանշվել են հայկական փորձագետների կողմից. Հայաստանին «օկուպանտ» ճանաչել միջազգային-իրավական մակարդակով, պահանջել Արցախյան շարժման մյուս առաջնորդների և ռազմա-քաղաքական և հասարակական ակտիվ գործիչների արտահանձնում, ինչպես նաև՝ բազմամիլիարդանոց ռազմատուգանք, այդ թվում՝ տարածքներ։

Ավելորդ է նշել, որ այս և այլ զարգացումներն անխուսափելիորեն կհանգեցնեն հայոց պետականության իսպառ վերացման և Հայաստանի թուրքացման։

Մայիսի 9-ին, վերջին տարիների անփոփոխ չարագուշակ ծիսակարգի համաձայն, Փաշինյանը շատ էական քայլ կատարեց այդ ուղղությամբ և, ամենայն հավանականությամբ, կավելացնի իր հակահայկական «նարատիվները»։ Ազգային շահերի տեսանկյունից այս ամենի աներևակայելիության և բնակչության որոշակի մասի դեգրադացիայի աստիճանի մասին ավելի լավ է լռենք, քանզի համապատասխան բառեր գտնելն այս դեպքում պարզապես անհնար է։

Պարտության վախից անկյուն քշված իշխանությունը հանում է բոլոր դիմակները, այդ թվում՝ գերիների հարցում։ Անվերջանալիորեն ծակվող հատակին հայ ժողովրդի պատասխանը կարող է և պետք է տրվի հունիսի 7-ին։