Логотип

ՓՈՐՁԱԳԵՏ․ ԿՈՊԻՏ ՍԽԱԼ Է, ԹԵ ԱՐԵՎԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈԽԱՐԻՆԵԼ ՄԵԾԱՄՈՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻՆ

Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հռչակագրի կետերի կատարման արդյունքում երկրի էներգետիկ անվտանգությունը կնվազի 35-40% – ով, և 4-5 տարի հետո մեր երկիրը կհայտնվի լուրջ էներգաճգնաժամի առջև: Ստորագրված փաստաթղթի վերլուծությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրեց ՄԱԿ-ի էներգետիկ անվտանգության ազգային փորձագետ, ԵԱՏՄ փորձագիտական ակումբի անդամ Արա Մարջանյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2026 թվականի մայիսի 5-ին Երևանում կայացած Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվեց 44 կետից բաղկացած համատեղ հռչակագիր։ Փաստաթուղթը դարձավ միջոցառման գլխավոր արդյունքը, որին մասնակցեցին Եվրախորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հարկ է զգույշ և պրագմատիկ լինել։ Հռչակագրի 18-րդ կետում հստակ գրված է, թե ինչ է ուզում Եվրոպան, այն է՝ շահագործումից հանել Հայկական ատոմային էլեկտրակայանը։ Դրա հետևանքները պետք է միայն մեզ հետաքրքրեն, իսկ մեր դեպքում դա նշանակում է, որ կկորցնենք բազային ծանրաբեռնվածություն ապահովող 440 մեգավատ երաշխավորված հզորություն՝ առանց դրա դիմաց ոչինչ ստանալու: Այլ կերպ ասած՝ մենք մոտ 35-40 տոկոսով կնվազեցնենք Հայաստանի էներգետիկ անվտանգությունը», – կարծում է փորձագետը։

Նրա դիտարկմամբ՝ ստորագրված փաստաթղթում նաև դրույթներ կան, որոնք վերաբերում են այսպես կոչված դիվերսիֆիկացիային, այսինքն՝ Բրյուսելը դրանով կարծես թե ասում է. «Մենք ոչ միայն փակում ենք ձեր ատոմակայանը, այլև ձգտելու ենք, որ դուք այլևս գազ չստանաք Ռուսաստանից»:

««Դիվերսիֆիկացիա» եզրույթը աշխարհաքաղաքական համատեքստում նշանակում է հրաժարվել ռուսական գազից: Դրա բերումով Հայաստանը կարող է բախվել լուրջ էներգետիկ ճգնաժամի արդեն 4-5 տարի հետո», – կարծում է Մարջանյանը:

Իշխանությունների պնդումները, թե անսահմանափակ հնարավորություններ կան արևային էներգետիկայի զարգացման համար, և որ այժմ հայկական արևային կայանները համաչափ են երկու ԱԷԿ-ի, մեր զրուցակիցը որակում է գռեհիկ ու պարզունակ սխալ, որն, օրինակ, կարող է թույլ տալ բուհի էներգետիկական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողը։

Իհարկե, առաջին հայացքից թվում է, թե քանի որ Հայաստանում արևային վահանակների գումարային հզորությունը (1100 ՄՎտ) ավելի քան երկու անգամ գերազանցում է ԱԷԿ-ի ցուցանիշը (440 ՄՎտ), ուստի, կարելի է «յոլա գնալ» առանց ատոմային էներգետիկայի։ Իրականում դա խաբուսիկ տպավորություն է։ Բանն այն է, որ ցանկացած երկրի էներգետիկ համակարգ պետք է ունենա բազային հզորություն և առավելագույն ծանրաբեռնվածությունը ծածկելու հնարավորություններ։ Ընդ որում, ատոմակայանները համարվում են երաշխավորված հզորություններ, որոնց վրա կարելի է հույս դնել ամբողջ տարում՝ օրական 24 ժամ ռեժիմով։ Իսկ ԱԷԿ-ը երաշխավորված հզորություն է, որը ծածկում է բազային ծանրաբեռնվածությունը: ԱԷԿ-ի վրա կարելի է հենվել տարեկան 365 օր՝ 8760 ժամ, օրական 24 ժամ:

Սակայն արևային կայանները և հողմաղացները չունեն կայուն գեներացիա։ Արևային էներգիան և քամին էներգիայի ընդհատվող (ոչ մշտական) աղբյուր են։ Մարջանյանի խոսքով՝ սա նշանակում է, որ նման կայանները հայտարարված հզորությունը անընդհատ չեն տալիս և չեն կարող դառնալ երկրի էներգետիկ հիմքը։

Փորձագետի հաշվարկով՝ 2025 թվականին Մեծամորի ԱԷԿ-ի ՕԳԳ-ն կազմել է մոտ 70%, այն դեպքում, երբ արևային վահանակների արդյունավետությունը եղել է 14%։ Այլ կերպ ասած, արևային էներգիան, որը ստացվել է ֆոտովոլտային էլեկտրակայաններից, 5 անգամ քիչ արդյունավետ է և նույնքան բարձր ինքնարժեք ունի, որքան ատոմայինը։ Ընդ որում, ինչպես նկատում է Sputnik Արմենիայի զրուցակիցը, դա միայն Հայաստանին չի վերաբերում։ Նույն պատկերը բոլոր երկրներում է, դիտարկումների ամբողջ ընթացքում։

Բացի այդ, փորձագետի խոսքով, խոշոր արևային կայանների առկայությունը այն երկրներում, որտեղ ատոմակայանները կանգ են առել կամ չեն շահագործվում, հղի է բլեքաութների լուրջ ռիսկերով։

«Անցյալ տարվա ապրիլի վերջին ամբողջ Իսպանիան, Պորտուգալիայի կեսը և Ֆրանսիայի հարավը 10 ժամով զրկվեցին էլեկտրաէներգիայից։ Դա Եվրոպայի պատմության մեջ ամենամեծ բլեքաութն էր, որը բազմամիլիարդանոց վնաս հասցրեց երկրներին և էներգահամակարգի հուսալիության տեսանկյունից նվազեցրեց նրանց գրավչությունը: Մասնավորապես Իսպանիայում խափանումը տեղի ունեցավ այն պատճառով, որ կանգնեցվել էին իսպանական 7 ատոմային բլոկներ, որոնք իրենց տեղը զիջել էին արևային կայաններին։ Կցանկանայի, որ Հայաստանը խուսափեր նման ճակատագրից։ Այնպիսի զգացողություն ունեմ, որ Հայաստանի հետ ստորագրված էներգետիկայի վերաբերյալ փաստաթղթերը պատրաստվել են նախքան տիկին ֆոն դեր Լյայենը ԱԷԿ-ից հրաժարվելը ռազմավարական սխալ կհամարեր», – ասում է նա։

Մասնագետն անդրադարձավ նաև էներգահամակարգի կայուն աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ կուտակային կայանների թեմային: Ինչպես հայտնի է, 10-ամյա հեռանկարում էներգիայի պահպանման համար ամենաօպտիմալ, հուսալի և մասշտաբային լուծումը համարվում է հիդրոակումուլյացիոն կայանները (ՀԱԷ), ինչը հաստատվում է ամերիկյան հեղինակավոր ազգային լաբորատորիաների NREL և DOE հետազոտություններով։

Այնինչ, առայժմ հայտնի չէ, թե ինչ տեսակի կուտակիչներ կընտրվեն Հայաստանի համար։ Դատելով նկատվող միտումներից՝ փորձագետը հանգում է այն եզրակացության, որ, ամենայն հավանականությամբ, կկառուցվեն լիթիում-իոնային մարտկոցներով ամենաքիչ արդյունավետ կայաններ։

«Եվրոպան ուղղակիորեն չի խոսում այդ մասին, բայց ընդհանուր միտումը, հատկապես, եթե հիշենք անցյալ տարի ԱՄՆ-ի հետ ստորագրված հռչակագրերը, ուղղակիորեն այդ մարտկոցների վրա կայանների կառուցումն է։ Այո, կարելի է շատ արագ նման կայան կառուցել, բայց հետո դրա հետ մեծ խնդիրներ կլինեն», – հայտարարում է Մարջանյանը։

Մարջանյանը նաև քննադատեց իշխանությունների՝ մոդուլային փոքր ԱԷԿ-երին անցնելու գաղափարը և վստահություն հայտնեց, որ առաջիկա 5-7 տարիներին աշխարհում ոչ մի տեղ չի ստացվի արդյունաբերական նշանակության մոդուլային էներգաբլոկներով փոքր ատոմային էլեկտրակայան գործարկել: Նրա խոսքով, Ռուսաստանում մոդուլային բլոկներ տեղադրված են նավերի, մասնավորապես՝ Արկտիկայում և Հեռավոր Արևելքում գտնվող սառցահատների վրա, ինչը քիչ կապ ունի Հայաստանի հետ։

Փոքր կայանների գաղափարի առաջմղումը Մարջանյանը գնահատում է աշխարհաքաղաքական շարժառիթ՝ ԱՄՆ-ն ձգտում է Ռուսաստանից «պոկել» Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները՝ նրանց պարտադրելով մոդուլային էներգաբլոկներ ավանդական ռեակտորների փոխարեն, որոնք հիմնված են ջրային էներգետիկ ռեակտորի տեխնոլոգիայի վրա։

Փորձագետի կարծիքով, նոր բլոկի կառուցմանն անցնելուց առաջ Հայաստանը պետք է մտածի 2040-2050 թվականների հեռանկարների մասին: Եվ եթե մենք ուզում ենք, որ Հայաստանը ունենա այդ նույն տվյալների կենտրոնների համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի հուսալի աղբյուր, եթե ուզում ենք կազմակերպել Սյունիքի արդյունաբերական և լոգիստիկ վերածնունդը, զարգացնել էլեկտրատրանսպորտը, վերակենդանացնել քիմիական արդյունաբերությունը՝ ունենալու գիտականորեն և տեխնոլոգիապես զարգացած, հարուստ տնտեսություն և դինամիկ աճող հասարակություն, ապա պետք է ունենանք առնվազն 1200 մեգավատ հզորությամբ հուսալի էներգաբլոկ։ Այն, ի լրումն ասվածի, Հայաստանը կվերածի տարածաշրջանային հանգույցի, էներգետիկ կենտրոնի, առավել ևս, որ աշխարհագրական դիրքը դրա համար տալիս է բոլոր նախադրյալները։ Իսկ Գյումրի-Կարս գծի վերագործարկումը, նրա խոսքով, թույլ կտա էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա, որն առաջիկա 10 տարիներին կլինի էներգիայի պակասուրդ ունեցող երկիր։

«Մեծամորի ատոմակայանի փակմանը մնացել է 9 տարի։ Ատոմայն էներգետիկայի տեսանկյունից դա մի ակնթարթ է։ Իսկ ուր է շարժվում Հայաստանը. այն կհասնի այնտեղ, որտեղ կթելադրի իր միտքը։ Եթե գրագետ որոշումներ կայացնենք և տնային աշխատանքը ճիշտ կատարենք, ապա կունենանք զարգացած և բարեկեցիկ Հայաստան։ Եթե շարունակենք սխալներ, հատկապես կոպիտ սխալներ թույլ տալ էներգետիկայի ոլորտում, ապա կունենանք երրորդ կարգի տեխնոլոգիապես հետամնաց երկիր՝ առանց արդյունաբերության, առանց հեռանկարների, և չի բացառվում, որ առանց սեփական տարածքը վերահսկելու հնարավորության», – եզրափակեց Մարջանյանը։

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, Հայաստանում չկա էներգետիկ դպրոց և բացակայում է էներգետիկ համակարգի համալիր ընկալումը: Որոշումները կայացվում են էներգետիկ տրամաբանությունից առանձին:

Sputnik Արմենիա