Վրաց ուղղափառ եկեղեցու ընդլայնված ժողովում այսօր Վրաստանի նոր՝ 142-րդ Ամենայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարք է ընտրվել Շիո սրբազանը:
Բարձրաստիճան հոգևորականներն ընտրություն են կատարել երեք թեկնածուների միջև: Քվեարկության արդյունքներով պատրիարքական գահի տեղապահ, Սենակիի և Չխորոծկույի միտրոպոլիտ Շիոն (Մուջիրի) ստացել է 22 ձայն, Մրովելիի և Ուրբնիսի միտրոպոլիտ Իովը (Ակիաշվիլի)՝ ինը ձայն, իսկ Փոթիի և Խոբիի միտրոպոլիտ Գրիգոլը (Բերբիչաշվիլի)՝ յոթ ձայն:
Ընդլայնված ժողովում ձայնի իրավունքից օգտվել են միայն Սուրբ Սինոդի անդամները: Քվեարկությանը մասնակցել է Սինոդի 38 անդամ, մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարքի խորեպիսկոպոսը (աշխարհիկ անունով՝ Էլիզբար Թեյմուրազի Մուջիրի) ծնվել է 1969 թվականի փետրվարի 1-ին Թբիլիսիում։ 1988 թվականին, Թբիլիսիի թիվ 53 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո (որին զուգահեռ սովորել է նաև երաժշտական ուսումնարանում), Էլիզբար Մուջիրին ուսումը շարունակել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիայում։ 1991 թվականին նա որպես փորձնակ ընդունվել է Շիոմղվիմեի վանք։ 1993 թվականի փետրվարի 5-ին Էլիզբարը ձեռնադրվել է վանական՝ ստանալով Շիո անունը։ Նա նշանակվել է վանքի սեղանապետ։ 1995 թվականին վանական Շիոն ձեռնադրվել է սարկավագ, իսկ 1996 թվականին Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլյա II-ը սարկավագ Շիոյին ձեռնադրել է քահանա։ 1997 թվականին աբեղա Շիոն նշանակվել է Թբիլիսիի Կլդիսուբանի թաղամասի Սուրբ Գևորգ եկեղեցու վանահայր։
1998 թվականին նա ավարտել է Բաթումի Հովհաննես Աստվածաբան անվան հոգևոր սեմինարիան և ուսումը շարունակել Մոսկվայի հոգևոր ակադեմիայի հեռակա բաժնում։ 1998 թվականի ապրիլի 3-ին աբեղա Շիոյին շնորհվել է իգումենի աստիճան՝ ոսկե խաչ կրելու իրավունքով, և նա նշանակվել է Սուրբ Եղիա մարգարեի տաճարի վանահայր։ 1999 թվականի մարտի 6-ից իգումեն Շիոն ծառայել է Թբիլիսիի Անչիսխատի տաճարում։ Նույն թվականի սեպտեմբերի 20-ից նա հանդիսանում է Նարիկալա ամրոցի Սուրբ Նիկողայոս եկեղեցու վանահայրը։ 2001 թվականի հոկտեմբերից նա Մոսկվայի վրացական համայնքի Սուրբ Գևորգ եկեղեցու վանահայրն է, ինչին զուգահեռ սովորել է Սուրբ Տիխոնի աստվածաբանական ինստիտուտում։
2003 թվականի օգոստոսի 18-ին Վրաց Ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդը (Ուրբնիսիում) իգումեն Շիոյին ընտրել է նորաստեղծ Սենակիի և Չխորոծկուի թեմի առաջնորդ։ Սեպտեմբերի 7-ին Մցխեթայի Սվետիցխովելի մայր տաճարում տեղի է ունեցել իգումեն Շիոյի եպիսկոպոսական ձեռնադրությունը, որը կատարել էՀամայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլյա II-ը՝ Սուրբ Սինոդի անդամների մասնակցությամբ։ 2007 թվականի դեկտեմբերի 25-ին Շիո եպիսկոպոսը պարգևատրվել է Սուրբ Գևորգի շքանշանով։ 2009 թվականին նա ստացել է արքեպիսկոպոսի աստիճան։ 2010 թվականի օգոստոսի 2-ին նշանակվել է Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարքի արքեպիսկոպոս։ 2017 թվականի նոյեմբերի 23-ին Շիո սրբազանը նշանակվել է Պատրիարքական գահի տեղապահ, իսկ 2018 թվականի հունիսի 21-ին Սուրբ Սինոդի նիստում նրան շնորհվել է սկուֆիայի (եկեղեցական գլխարկի) վրա ադամանդե խաչ կրելու իրավունք։
News.am
