Логотип

ՆԻԿՈԼԸ ԿՐԿԻՆ «ՈՉ ՄԻ ԲԱՆՈՒՄ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ՞»։ ՈՉ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱԿՐՈՆԻ

Անցավ-գնաց Նիկոլի համար նախընտրական եվրոպական գագաթնաժողովը, որին և՛ ՔՊ-ի, և՛ նրա խնամակալների ծրագրերում ակնհայտորեն առանձնահատուկ դեր էր հատկացված՝ որպես վարկանիշի բարձրացման յուրօրինակ ցատկահարթակի։ Կարելի է փաստել, որ նրանք այդ հնարավորությունից օգտվեցին լիակատար չափով, խաղալով նաև Ֆրանսիայի նկատմամբ հայերի ավանդական սիրո վրա և, համապատասխանաբար, կազմակերպելով մեծ ներկայացում, որում գլխավոր դերը վերապահված էր Էմանուել Մակրոնին։ Որը, հարկ է նշել, հիանալի խաղաց դա՝ իր «ընկեր Նիկոլյային» սատարելու ջանքերով։

ՄԻՆՉԴԵՌ ՆՈՒՅՆ ԱՅԴ «ԸՆԿԵՐԸ», ՈՐԻՆ ՄԱԿՐՈՆԸ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ ԱՄԵՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ, փորձեց, իր սովորությանը լիովին համապատասխան, նրա վրա բարդել ևս մեկ դեր. Արցախի հարցում քավության նոխազի։ Եվ այս օրերին Հայաստանում տիրող տխմար «մակրոնամոլությունը» շատ հարմար առիթ դարձավ դրա համար։

Ուշադիր դիտողները չէին կարող չնկատել, որ Նիկոլը մի տեսակ «հպանցիկ» հերթական փորձն արեց իր վրայից գցելու Արցախի հանձնման մեղքն այս անգամ Ֆրանսիայի նախագահի վրա։ Իբր, հենց նա է ստիպել Փաշինյանին 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում. դե, առավելագույնը՝ Շառլ Միշելի հետ միասին, որին, սակայն, գրեթե բոլորն արդեն մոռացել են։ Բնավ պատահական չէ, որ օկուպացիոն ռեժիմի պարագլուխն իր ելույթում մի քանի անգամ շեշտեց Մակրոնի դերը Պրահայի համաձայնագրի «նախաձեռնման» և «մեր ու Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերման» գործում։

Ցավոք, հայ հասարակության որոշակի մասը, ընդ որում՝ ամենևին ոչ նիկոլական զոմբիների շարքերից, կուլ տվեց այդ խայծը՝ չմտորելով նման, ինչպես հիմա մոդայիկ է ասել՝ նարատիվի անհեթեթության մասին։ Չգիտակցելով դրա բացարձակ անտրամաբանականությունը, որը կոպտորեն խախտում է այն ամենի հետևողական ու օրինաչափ ընթացքը, որ արել է անհեթեթ գլխարկով այդ սուբյեկտը։ Քանզի այդ «տրամաբանությամբ» ստացվում է, թե պայմանական «մակրոնը».

– ստիպել է իրեն 2019-ի օգոստոսին Ստեփանակերտում ճղավել «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», գերազանց հասկանալով նման արարքի սադրիչ բնույթը,

-2020-ի հոկտեմբերի կեսերին ստիպել է շարունակել 44-օրյա պատերազմը, որպեսզի հանձնվի Շուշին և կործանվի ևս մի քանի հազար հայերի կյանք,

-ստիպել է մի քանի տարվա ընթացքում հետևողականորեն Ադրբեջանին հանձնել Հայաստանի տարածքները Գեղարքունիքում, Սյունիքում, Ջերմուկի շրջակայքում և որևէ փորձ չձեռնարկել դրանք բռնազավթումից ազատելու համար,

-ստիպել է հրաժարվել շրջափակված Արցախին որևէ օգնություն ցուցաբերելուց, իսկ 2023-ի սեպտեմբերի 21-ին ի լուր աշխարհի հայտարարել, թե արցախցիներին ոչ մի վտանգ չի սպառնում,

-ստիպել է ինդուլգենցիա տալ Ալիևին վանդալիզմի և Արցախում հայկական հետքը ջնջելու համար՝ հրաժարվելով ողջ հայ ժողովրդին պատկանող անգին ժառանգությունից,

-ստիպել է հրաժարվել Ադրբեջանի դեմ բոլոր միջազգային հայցերից, փաստացի՝ միակողմանի կարգով,

-ստիպել է հարձակում սկսել Հայ Եկեղեցու վրա, այդ թվում՝ ձգտելով խոչընդոտել Արցախում հայկական հուշարձանների պաշտպանությանն ու ազգային ինքնության պահպանմանը,

-ստիպել է հրաժարվել հայ գերիների իրավունքների պաշտպանությունից՝ սահմանափակվելով միայն դատարկախոսությամբ և ցուցադրաբար չձեռնարկելով կոնկրետ քայլեր նրանց ազատ արձակելու համար:

ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ, ԹԵ՞ ԲԱՎԱԿԱՆ Է: Մի՞թե այս և բազմաթիվ այլ անհերքելի փաստերի խորապատկերին ոմանք դեռ կարող են մտածել, թե «մակրոններն» են ստիպել «խեղճ Նիկոլին» անել այդ ամենը։ Նա, իբր, չէր ուզում, բայց ստիպել են… Ինչպես որ ժամանակին «ատրճանակը դեմ են տվել գլխին», որ ստիպեն ստորագրել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը…

8 տարի շարունակ ողջամիտ մարդիկ խոսում են այն մասին, որ Նիկոլն ի սկզբանե եկել է (կամ բերվել է) իշխանության Արցախը հանձնելու, իսկ հետո ողջ Հայաստանը թուրքացնելու նպատակով։ Որ նա և իր ողջ թիմը ատում են հայերին ու ամեն հայկականը և սպասարկում առաջին հերթին թուրքական շահերը։ Նրա բոլոր գործողությունները, նրա ողջ քաղաքականությունը 8 տարի շարունակ աղաղակում են ակնհայտի մասին. այդ արարածը և նրա բոլոր ուսապարկերը Հայաստանը ներսից զավթած թուրքերի դրածոներ են։ Որովհետև թուրքերը հասկացել են. միայն այդպես կարելի է հաղթել հայերին։

Այո, Եվրամիության այսօրվա ղեկավարների երեսպաշտությունն ու ցինիզմը չափ ու սահման չունեն։ Նույն Մակրոնը, որը համարվում է «Հայաստանի և Արցախի բարեկամը», իրականում գործում է բացառապես իր երկրի և դաշինքի շահերից ելնելով, ինչպես ինքն է հասկանում դրանք: Ինչպեսև նրա եվրոպական բոլոր գործընկերները։ Այդպիսին են ԵՄ ներկայաիս առաջնորդները, ավաղ։

Բայց դա ամենևին չի նշանակում, թե Փարիզից, Մոսկվայից և Վաշինգտոնից ինչ-որ մեկը ստիպել է Նիկոլին անել այն, ինչ ինքը՝ խեղճ մարդը, չէր ուզում անել։ Չգիտես ինչու նույն այդ եվրոպացիները չփորձեցին ստիպել դա անել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներին (առաջինն ի սկզբանե պատրաստ էր Արցախի ինքնավարությանը, ինչի մասին հրապարակավ հայտարարեց 1992թ. մարտի հայտնի հարցազրույցում)։ Իսկ գլխավորը՝ ընտրության հնարավորություն միշտ էլ կա. եթե չէր ուզում՝ թող հրաժարվեր, դիմադրեր, հեռանար վերջապես, բարձրաձայն հայտարարելով այդ մասին և շրխկացնելով դուռը։ Դրանով իսկ ինչ-որ չափով մաքրելով իր անունը, թեև նրան ոչ մի ներում չկա հենց միայն 44-օրյայի համար։

Նա չարեց դա, ոչ մի անգամ: Բայց եթե ինչ-որ մեկին իսկապես թվում է, թե «Մակրոնը ստիպել է Փաշինյանին ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում», հիշեք միայն մեկ լուսանկար. Էրդողանի հետ։ Արվել է 2024թ. սեպտեմբերին, Պրահայի հայտարարությունից 2 տարի անց։ Լուսանկար, որտեղ Փաշինյանը ցուցադրաբար, սրտաթրթիռ կրծքին է սեղմում Էրդողանի գիրքը։ Հիշեք նրա դեմքի արտահայտությունը. բացարձակ երջանիկ։

Այդ լուսանկարն ամեն ինչ ասում է նրա մասին: Այդտեղ նա չի ծամածռվում, չի ձևանում ինչ-որ այլ մարդ, չի կեղծում, ոչինչ չի թաքցնում. նա է, ով եղել է, կա և կինի միշտ։ Դա ի տես ամենքի նրա շուռ տված նրա հակահայկական էությունն է։ Նրա աստեղային ժամը. թուրքերին հանձնեց Արցախը, կործանեց հազարավոր հայերի կյանքը, ոչնչացրեց ահռելի գենոֆոնդ, հանձնեց 250 քմ տարածք և շարունակում է դա անել, և նա կգնա մինչև «հաղթական ավարտ»: Հայատյացություն, թուրքասիրություն, սեփական ստամոքս ու քսակ. ահա այդ կերպարի էությունը, որից էլ բխում է մնացյալ ամենը։

ԲՈԼՈՐԻՆ, ԲԱՑԻ ՀԱՅԵՐԻՑ, ԴԱ ՇԱՏ ՁԵՌՆՏՈՒ Է. ԹԵ՛ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ, ԹԵ՛ ՌՈՒՍՆԵՐԸ, ԹԵ՛ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ այս բոլոր տարիներին օգտվում են դրանից։ Եվ նրանց տեսանկյունից դա ճիշտ է, քանզի բխում է իրենց երկրների շահերից։ Հայկական շահերը ոչ ոք չի պաշտպանի, քաղաքականության մեջ դա ընդունված չէ։ Մանավանդ որ հայերի մի որոշակի հատված լիովին համաձայն է նման իրադրությանը, կարելի է ասել՝ նույնքան երջանիկ, որքան Նիկոլը Էրդողանի գիրքը կրծքին։ Ավելի ճիշտ՝ որպես սպանդանոց տարվող անուղեղ ոչխար։ Ամոթալի ու ցավալի է գրել, բայց, ցավոք, այդպես է որ կա, և ժողովրդի ողջամիտ հատվածը դա վաղուց է գիտակցել։

Երևանում նույնիսկ երեսպաշտ եվրոպացիները զայրացան Ալիևի լկտիությունից. Բնականաբար՝ իրենց վերաբերող մասով։ Իսկ այս մեկը շնորհակալություն հայտնեց նրա համար, որ թուրքը «անջատողականներ» անվանեց արցախցիներին։ Դա՞ էլ էր Մակրոնը ստիպել։

Մեզ պարզապես պարտադրում են հերթական փչոցը «Նիկոլը ոչ մի բանում մեղավոր չէ» սերիալից։ 30 տարի առաջ նախկինների հանձնած Արցախի մասին առասպելը չանցավ, մեղքը բուն արցախցիների վրա բարդելն էլ կարծես թե չի ստացվում… Իսկ Մակրոնը լավ պատճառաբանություն է. նա, ըստ էության, խորապես թքած ունի դրա վրա։ Գնաց և տեղնուտեղն էլ հիշողության ու առօրյա գործերի մեջ հետ մղեց այն ամենը, ինչ ասել ու արել է Երևանում։

Մնացինք մենք և մեր ընտրությունը հունիսի 7-ին։ Եվ եթե չցանկանանք ընտրել հայատյացներին ու թուրքասերներին, եթե չուզենանք կրկին դավաճանել Արցախին ու Հայաստանին, ոչ ոք չի կարող ստիպել մեզ դա անել։ Երբ ձեզ նորից ասեն, թե ինչ-որ մեկը, կարևոր չէ՝ Մակրոնը, Միշելը, թե Պուտինը, ստիպել է Նիկոլին հանձնել Արցախը, պարզապես հիշեք այն լուսանկարը։ Ահա նա, ում նա անվերապահորեն հնազանդվում է:

Այո, դա զզվելի է, նողկալի, նվաստացուցիչ: Բայց, ըստ երևույթին, պետք է հիշեցնել անդադար։ Որպեսզի ոչ ոք կասկածի տակ չառնի այն, թե կոնկրետ ինչի մեջ ենք մենք այսքան խորը խրվել. մեր սեփական մեղքով, այլ ոչ թե այն պատճառով, թե ինչ-որ մեկը մեզ «ստիպել» է…