Логотип

ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ ՄԵԶ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՊԵՏՔ, ԻՆՉՊԵՍ 34 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՇՈՒՇԻՈՒՄ

Փաշինյանի շրջապատը լրջորեն մտահոգված է «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի աղմկահարույց ասուլիսով, ինչպես նաև մայիսի 8-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասին լուրերով: Կազմակերպիչների ծրագրի համաձայն, կրկին իսկ՝ ըստ լուրերի, մայիսյան հանրահավաքը բազմապատիկ ավելի մարդաշատ կլինի, քան նախորդը (ապրիլի 11-ին) Թատերական հրապարակում: Մայիսի 8-ը պաշտոնական նախընտրական քարոզչության առաջին օրն է, իսկ հաղթողների սերնդի համար դա առաջին հերթին Շուշիի ազատագրման գործողության մեկնարկի օրն է:

ԱՆՀՆԱՐ Է ՋՆՋԵԼ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ. 34 ՏԱՐԻ ԱՌԱՋ, 1992թ. ՄԱՅԻՍԻ 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 02։30-ին Լիսագորի լոկատորի բարձունքից (նիշ 2214, 8) Արկադի Տեր-Թադևոսյանը ստացավ զեկույցը. «Մեր վերահսկողության տակ ենք վերցրել բարձունքն ու մայրուղին, կարելի է սկսել գրոհը»: Շոշ գյուղից դեպի հյուսիս գլխավոր հրամանատարական կետում էին գեներալ Գուրգեն Դալիբալթայանը, ԼՂՀ նախարարների խորհրդի նախագահ Օլեգ Եսայանը, օպերատիվ իրավիճակի փոփոխությունների մասին անհապաղ զեկուցվում էր ԼՂՀ ԻՊԿ նախագահ Սերժ Սարգսյանին:

Ինքնապաշտպանության ուժերի գրոհային խմբերը, Հայաստանից կամավորական ջոկատները, ռեակտիվ հրետանին՝ Ռազմիկ Մելքումյանի հրամանատարությամբ, Ժորա Գասպարյանի հրամանատարությամբ հրետանին, Դ-30 հաուբիցային և ականանետային դիվիզիոնը՝ Ալեքսանդր Դամպերի հրամանատարությամբ, կապի ծառայությունը՝ Արթուր Փափազյանի գլխավորությամբ, բժշկական ծառայությունը՝ Վալերի Մարությանի գլխավորությամբ, մի քանի ուղղություններով սկսեցին հակառակորդի գերազանցող ուժերի ջախջախումը: Գործողությունն ընթանում էր անառիկ ամրոցի հենակետերում։ Հյուսիսային ուղղությամբ գործողությունը ղեկավարում էր Վալերի Չիթչյանը, արևելյան (Շոշի) ուղղությամբ՝ Արկադի Կարապետյանը, հյուսիս-արևմտյան (Ջանհասան-Քյոսալյար) ուղղությամբ՝ Սեյրան Օհանյանը, Լաչինի (հարավային) ուղղությամբ՝ Սամվել Բաբայանը։

Մայիսի 8-ի կեսօրին ադրբեջանցիները սկսեցին լքել քաղաքը, մայիսի 9-ի առավոտյան քաղաքում հանգիստ էր… Շուշիի ազատագրման մարտական գործողություններում հայկական կողմն ունեցավ 57 զոհ: Հավերժ փա՛ռք նրանց: Հակառակորդի կորուստները՝ 250-300 զոհ, 600-700 վիրավոր, 13-ը գերի հանձնվեցին:

Սա անկախության սերնդի կենդանի հիշողությունն է, որին բաժին ընկան ծանր փորձություններ, որոնց միջով նա անցնում է նաև այսօր: Եթե հանրահավաքի մասին լուրերն արդարանան, ապա մայիսի 8-ին Հանրապետության հրապարակում անպայման կհիշեն Շուշիի ազատագրման տարեդարձի, մեր հաղթանակների ու մեր հերոսների մասին:

Չի բացառվում, որ իշխող վերնաշերտը ամեն քայլի դիմի հանրահավաքի անցկացմանը խոչընդոտելու համար, Սամվել Կարապետյանի զինակիցների ամենօրյա ձերբակալությունները ստիպում են կասկածի տակ առնել խորհրդարանական ընտրապայքարի ֆավորիտ կուսակցության ծրագրերի իրականացման հնարավորությունը: Այս կուսակցության ակտիվիստների դեմ իշխանությունն ամենադաժան բռնաճնշումներ է կիրառում։ Մայիսի 8-ին կլրանա նաև վարչապետի պաշտոնում Փաշինյանի ընտրվելու (երկրորդ փորձից) 8-րդ տարին:

Մինչ 2018-ի գունավոր հեղափոխության ծաղրապատկերը Հայաստանում միշտ հանդիսավորությամբ նշել ենք «Եռատոնը». Շուշիի ազատագրման օրը, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը: «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ մայիսի 9-ին նշվում է Հաղթանակի և խաղաղության տոնը, ընդ որում Փաշինյանի ռեժիմը 8 տարվա ընթացքում առավելագույն ջանքեր գործադրեց երկու հասկացություններն էլ վարկաբեկելու համար։ Ռեժիմի վերնաշերտը հայտարարեց, թե «Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է», իշխող թիմի ներկայացուցիչները չեն համարձակվում անգամ հանդիմանել Ադրբեջանին Արցախի Հանրապետության հայ բնակչությանը 2023թ. սեպտեմբերի 19-ին ցեղասպանության ենթարկելու համար, արգելված է բուն «Արցախ» բառը, հետապնդվում են Հաղթանակի գեներալները, Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի քան 200 քառ.կմ-ը բռնազավթված է ադրբեջանցիների կողմից։

ԿԱՆԽԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՄԲ ԹՈՒՐՔԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, կասեցնել իշխող վերնաշերտի թուրքամետ քաղաքականությունը, փրկել Սյունիքը, Վայոց Ձորն ու Գեղարքունիքը սողացող բռնազավթման շարունակությունից, պահպանել Արցախի մշակութային ժառանգության գոնե փշրանքները, վերականգնել հայկական շահերի պաշտպանությանն ուղղված քաղաքականությունը, ապահովել քաղաքացիական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը. այս ամենը հնարավոր է միայն մեկ եղանակով։ Հունիսի 7-ի ընտրությունները երկիրը թուրքական աշխարհի հետնաբակի վերածումից փրկելու վերջին հնարավորությունն են։ Այդ պատասխանատվությունն ընկած է մեզանից յուրաքանչյուրի վրա։ Այդ օրը յուրաքանչյուր ոք, ով իրեն հայ է համարում, պարտավոր է գնալ ընտրատեղամաս, քվեարկելու ընդդիմադիր դաշտի ֆավորիտների օգտին՝ ի դեմս «Ուժեղ Հայաստանի», «Հայաստան» դաշինքի և ԲՀԿ-ի:

Դա թույլ կտա խուսափել ձայների փոշիացումից, ինչը ձեռնտու է միայն Փաշինյանի կուսակցությանը։ Այսօր, ինչպես 34 տարի առաջ, մեզ Հաղթանակ է պետք հանուն փրկության, ինչպես դա եղավ 1992 թ. մայիսին, երբ Շուշիի ազատագրումը փրկեց մահացու հրետակոծումից Ստեփանակերտն ու մերձակա գյուղերը, վնասազերծվեցին հակառակորդի բոլոր հենակետերն ու կրակակետերը։ Բերդաքաղաքի ազատագրումը ճանապարհ բացեց Արցախի զինված ստորաբաժանումների հետագա առաջխաղացման համար։ Անմիջապես վերահսկողության տակ անցան Շուշիի շրջանի 9 գյուղեր, այնուհետ հայկական ջոկատները մտան Լաչինի շրջան, վերցրեցին Բերձոր քաղաքը, հասան ՀՀ պետական սահման, ազատելով Արցախը Հայաստանին կապող ճանապարհը՝ «Հումանիտար միջանցքը»։

Հունիսի 7-ին մեզ հարկավոր է նույնպիսի Հաղթանակ, ինչպես 34 տարի առաջ, հանուն Հայաստանի ազատագրման Ալիևի ու Էրդողանի խամաճիկի ռեժիմից, հանուն մեր նախնիների հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի: Առջևում ճակատագրական ընտրություններն են։ Ինչպեսև Շուշիի ազատագրման գործողությունը, դրանք կարող են դառնալ անցյալի սխալների շտկման և հզոր, կենսունակ ազգային պետության կառուցման ճանապարհով առաջընթացի սկիզբ:

Մտածող հանրությանը հավաստի հայտնի է, թե ով է 44-օրյա պատերազմում հարավային ուղղությամբ ռազմական գործողությունների ձախողման գլխավոր մեղավորն ու գլխավոր պատասխանատուն։ Փաշինյանը, սակայն, մեղավոր նշանակեց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ Միքայել Արզումանյանին, որը մարտական գործողությունները ղեկավարել է պատերազմի լոկ վերջին 12 օրերին: 4 տարի շարունակ ծաղրում են գեներալին. 3 տարի պահեցին բանտում, հետո փոխեցին տնային կալանքի։ 44-օրյա պատերազմում կրած պարտության մեղքը բանակի վրա բարդելու փորձը վաղուց ձախողվել է։ Ժողովուրդը չհավատաց 11 հազար դասալիքների և, Փաշինյանի խոսքերով՝ ՌԴ գլխավոր շտաբի հրամանները կատարած գեներալների մասին հեքիաթներին։ Փաշինյանն է 2020թ. պայմանավորված պատերազմի գլխավոր մեղավորն ու պայմանավորված պարտության գլխավոր պատասխանատուն։ Այդ նա է, որ իր արևմտյան տերերի թելադրանքով երկու անգամ հրաժարվել է Շուշին ու Հադրութը հայկական զինված ուժերի վերահսկողության տակ պահելու Պուտինի առաջարկից։

Եթե նրան հաջողվի վերարտադրվել (ամեն հնարք բանեցնելով) հունիսի 7-ի քվեարկության արդյունքներով, ապա գլխավոր մեղավորը մենք կլինենք, մեզանից յուրաքանչյուրը։ Վերարտադրվելու դեպքում Փաշինյանն անհապաղ ձեռնամուխ կլինի Ալիևին ու Էրդողանին տված խոստումների կատարմանը, առաջին հերթին՝ Սյունիքում տարբեր ցուցանակների տակ արտատարածքային միջանցք տրամադրելուն…