Փաշինյանը չէր ուզում բաց թողնել Մակրոնին։ Շարունակ գրկում էր ու գրկում օդանավի սանդուղքի մոտ: Մեկ անգամ, երկու, երեք… Վերջապես Մակրոնը զվարթ վազեց սանդուղքն ի վեր, օդանավում հաստատ ազատ շունչ քաշեց, իսկ Նիկոլը տրտմեց. հեքիաթն ավարտվում է, պետք է նորից ճգնել տոկոսների համար, նորից սրտիկներ ուղարկել ընտրողներին ու պատմել, թե ոնց է սիրում նրանց։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 8 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԸ այդչափ ջանադրաբար ու քծնանքով չի սիրաշահել օտար երկրի որևէ այլ առաջնորդի, որքան Մակրոնին։ Նույն այն Մակրոնին, որը 2022-ի հոկտեմբերին Պրահայում օգնեց Փաշինյանին ազատվել Արցախից, Հայաստանի վզին գցած ռուսական «սանձից»։ Որից հետո էլ, ըստ էության, Փաշինյանը անչափ սիրեց Մակրոնին. ինչպես ասում են՝ սերը աթարին էլ է կպնում…
Պարզ է, որ Մակրոնը եկել էր դժվարին պահին սատարելու Փաշինյանին, հոգ չէ, որ զուգորդեց Նիկոլին խոստացած պետական այցը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի հետ, որպեսզի տեղավորվի հնարավորինս սեղմ ժամկետներում։ Բայց փոխարենը, հասկանալով Փաշինյանի բոլոր դժվարությունները, Ֆրանսիայի նախագահը շռայլ էր գրկախառնությունների ու շքանշանների առումով, դիմացավ նույնիսկ Գյումրիի անձրևին։
Միևնույն ժամանակ Մակրոնը չզրկեց իրեն հակառուսական մի շարք սադրիչ հայտարարություններ անելու հաճույքից: Ընդ որում՝ Փաշինյանի ներկայությամբ, ստիպելով Հայաստանի վարչապետին լսել դա, բայց խոնարհաբար լռել։
Այսպես, Մակրոնը դրվատեց Փաշինյանին, որ վերջինս չի ցանկանում «Ռուսաստանի արբանյակը» լինել, բայց իր վրդովմունքը հայտնել, որ «Հայաստանում դեռևս կան 4000 ռուս զինծառայողներ և 1000-ից ավելի սահմանապահներ»… Մակրոնին ամենևին չէր հուզում, թե նման հայտարարությունների արդյունքում ինչ խնդիրների կարող է բախվել Հայաստանն ընդհանրապես և Փաշինյանը՝ մասնավորապես։ Բացարձակապես չէր հուզում. չէ՞ որ ինքը՝ Մակրոնը, եկել էր «աջակցելու ժողովրդավարությանը»։ Ի դեմս Փաշինյանի։ Եվ դա բնավ չի նշանակում, թե Ֆրանսիայի նախագահը միջամտում է հայկական ներքին գործերին. այսպես նա անձամբ մեկնաբանեց իր հայտարարություններն ի պաշտպանություն Փաշինյանի և վերջինիս ընտրած «եվրոպական ուղեգծի»։
Իսկ բացի այդ, ձգտելով գովաբանել Փաշինյանին, որը չի ցանկանում լինել «Ռուսաստանի արբանյակը», Մակրոնը բավական զավեշտալի միտք արտահայտեց. իբր, ութ տարի առաջ պատկերացնելն անգամ դժվար էր, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն անցկացվի Երևանում, այնքան կախված էր Հայաստանը Ռուսաստանից։ Ընդ որում խնդիրներով ծանրաբեռնված Մակրոնի մտքից թռավ ոչ միայն իր մասնակցությունը 2018-ին, ըստ իրեն՝ «Ռուսաստանի արբանյակ» հանդիսացող Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։
Խեղճ Մակրոնը մոռացավ նաև այն, որ ութ տարի առաջ գոյություն չուներ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով կոչեցյալ համաժողով… Այդ անչափ անորոշ կառույցը ստեղծվեց ընդդեմ Ռուսաստանի՝ Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո։ Ստեղծվեց հենց Մակրոնի նախաձեռնությամբ, իսկ ԵՔՀ առաջին գագաթաժողովն անցկացվեց Պրահայում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին։
Դա հենց այն, Հայաստանի համար չարաբաստիկ գագաթնաժողովն էր, որի ժամանակ Էմանուել Մակրոնն ու Շառլ Միշելը համոզեցին Նիկոլ Փաշինյանին ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս: Փոխարենը խոստանալով… անհասկանալի է, թե ինչ: Մակրոնը հաստատ չի հիշի, թե ինչ է խոստացել։
