Հնարավոր է, որ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասին այս հոդվածը չգրվեր, եթե չլիներ… Ֆաինա Գեորգիևնա Ռանևսկայան։
Իշխանության քարոզիչները շնչահեղձ են լինում հրճվանքից. տեսեք, թե ի՜նչ մարդիկ են մեզ հյուր եկել։ Իբր, էլ երբ էր նման բան եղել… Հոգով գավառացու տիպիկ սինդրոմ, բայց դա դժբախտության լոկ կեսն է:
ԱՄԵՆ ԻՆՉ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ԱՅՆՊԵՍ, ԹԵ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ Հայաստանի արժանիքների, նրա հեղինակության ճանաչումն է, ֆլան-ֆստան… Կարելի է կարծել, թե Հայաստանը դարձել Է միջուկային տերություն կամ եկամուտների մակարդակով վերին հորիզոնականներն է զբաղեցրել աշխարհում։ Իրականում ամեն ինչ նվաստալիության աստիճան պարզ է: Այո, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն աջակցության ցուցաբերում է Հայաստանին, ինչպես ասում են իշխանական քարոզիչները։ Պարզապես ճշտենք. Փաշինյանի կառավարման Հայաստանին։ Կարծում ենք, որ նույնիսկ ամենամոլի ուսապարկերը դեմ չեն լինի այս ճշգրտմանը։
Անցնենք առաջ: Այդ ի՞նչ արտակարգ բան է արել Փաշինյանը արտաքին քաղաքականության կամ տարածաշրջանային քաղաքականության ոլորտում, որ Եվրոպան նրան այդպես աջակցում է։ Չէ որ, կարծում ենք, նույնիսկ ուսապարկերը չեն համարում, թե Երևանում անցկացվող եվրոպական շքերթը կոչված է աջակցելու Ավինյանի տրանսպորտային բարեփոխմանը կամ Ակադեմքաղաքի նախագծին։ Հասկանալի է, որ Երևանում անցկավող Եվրոպական շքերթը կոչված է սատարելու հենց Փաշինյանի արժանիքները (Եվրոպայի տեսանկյունից) արտաքին, առաջին հերթին՝ տարածաշրջանային քաղաքականության ոլորտում։
Իսկ ինչո՞վ է աչքի ընկել Փաշինյանը։ Ինչո՞վ է առաջին հերթին հիշվելու նրա կառավարումն այս ոլորտում։ Կարծում ենք, նույնիսկ մոլի ուսապարկերը չեն առարկի, որ Փաշինյանի կառավարումը պատմության մեջ կմտնի նախևառաջ նրանով, որ նրա օրոք դադարեց գոյություն ունենալ հայկական Արցախը։ Եվ որ Փաշինյանը դեմ չէ դրան, ավելին. նույնիսկ պատճառաբանություններ է բերում նման իրավիճակի օգտին և ասում, որ մեկընդմիշտ փակում է Ղարաբաղյան շարժման թեման …
Ինչո՞վ է դա եվրոպացիների սրտով, եթե նրանք ողջունում և աջակցում են Փաշինյանի քաղաքականությունը Ղարաբաղի հարցում։ Դե, նրանք պարզապես թքած ունեն Արցախի վրա. հայկական է, թե հայկական չէ, հեչ էլ, փոքր երկրամաս է, 150 հազար բնակչություն, Եվրոպայում երկրները շատ ավելի մեծ տարածքներ են կորցրել…
Եվրոպայի համար միևնույնն է՝ ումն է Արցախը, ով է այն վերահսկում։ Բայց այ շատ կարևոր է Եվրոպայի համար, որ երբ Արցախը հայկական էր, այնտեղ ռուս խաղաղապահներ կային, իսկ հիմա, երբ Փաշինյանը թեման փակել է, նրանք այնտեղ չկան. տարածաշրջանում Ռուսաստանի դերի նվազման փաստացի վկայություն: Եվրոպացիների համար սա կարևոր է Ռուսաստանի հետ իրենց դիմակայության, եթե չասենք՝ չհայտարարված պատերազմի պայմաններում….
Իսկ այդ դիմակայության, եթե չասենք՝ պատերազմի պայմաններում Արցախը Եվրոպայի համար լոկ տաշեղ է, որ թռչում է անտառը կտրելիս։ Եվ դրա համար էլ այսօր եվրոպացիներն ուրախ-զվարթ պաչ-պռոշտի են անում Փաշինյանի հետ։ Նույն այն եվրոպացիները, որոնք ավելի վաղ ամեն տեսակի աջակցություն էին խոստանում Փաշինյանին, միայն թե իջեցնի Արցախի հարցում հայկական կողմի պահանջների նշաձողը։
Մեկ էլ հանկարծ պարզվեց, որ Փաշինյանը ոչ միայն պատրաստ է իջեցնել նշաձողը, այլև ընդհանրապես վերացնում է դա ու եվրոպացիներից էլ ոչինչ չի պահանջում, բացի… Դե, մի քիչ փող, մի քիչ էլ ծափահարություններ… Իհարկե, ի սեր Աստծո, Փաշինյան, դու այնքան զիլ տղա ես, մի՞թե քեզ համար մենք կխնայենք գովերգները։ Էլ ո՞նց չպաչպչեն այդպիսի նվերը, մանավանդ, որ ընտրությունները քթի տակ են, և Եվրոպան շատ է ուզում, որ նա շարունակի նախկին ուղեգիծը…
Արդյունքում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Երևանում անցկացնելու համար մենք պարտական ենք երկու գործոնի. նրան, որ հայկական Արցախը դադարեց գոյություն ունենալ՝ սա մեկ, և Ուկրաինայում ռազմական գործողությունների շարունակություն՝ սա էլ երկու։
Եվ եթե անկեղծ խոսենք, Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովը հպարտության օրեր չի պարգևում։ Սրանք մեր խայտառակության օրերն են, այն գնի արտացոլումը, որը Փաշինյանի Հայաստանին վճարել են Արցախը հանձնելու համար։ Իսկ հիմա Ֆաինա Ռանևսկայայի մասին, որին թույլատրված էր խախտել բառապաշարի քաղքենիական կանոնները: Անձի մասշտաբի բերումով: Ռանևսկայային է պատկանում հայտնի արտահայտությունը, որը պետք է միշտ հիշեն իշխանությանը սպասարկող մեր քարոզիչները. «Նույնիսկ ամենագեղեցիկ սիրամարգի պոչի տակ թաքնված է ամենասովորական հավի հետույք։ Այնպես որ՝ նվազեցրե՛ք պաթոսը, պարոնայք»
