Փաշինյանի ձախողումների մասին շատ բան է ասվել։ Այսօր խոսենք նրա մի մեծ մոլորության մասին, որը կարող է հանգեցնել և, եթե նա հաղթի ընտրություններում, հավանաբար իրոք կհանգեցնի նոր ձախողումների, որոնք սպառնում են արդեն հայկական պետության բուն գոյությանը:
Փաշինյանը հիվանդ է բացահայտ դրսևորված վեհության մոլուցքով։ Եվ քանի որ նրա ձախողումների կոնկրետ արդյունքներն ակներև են, նա համոզել է ինքն իրեն, թե իր ձախողումները… ձախողումներ չեն, այլ իրականում ինքը մեծ առաքելություն է իրականացնում՝ փոփոխելու աշխարհաքաղաքական դասավորությունը եթե ոչ աշխարհում, ապա տարածաշրջանում հաստատ։
ՎԵՀՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՒՑՔՈՎ ԱԽՏԱՀԱՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ, դատելով ամենից, անկեղծորեն համարում է, թե Արցախը հանձնելով կարողացել է ինչ-որ բան փոխել շախմատի մեծ խաղատախտակի վրա: Այսպես, նա համոզում է, թե Արցախը հանձնելով՝ ազատվել է Հայաստանի վզին Ռուսաստանի գցած սանձից… Իբր, հիմա ինքն ազատել է Հայաստանը Ռուսաստանից կախվածությունից…
Իրականում Ռուսաստանից առանձնակի անկախություն Հայաստանը ձեռք չի բերել, քանի որ հանրապետության տնտեսությունը կապակցված է Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը էներգետիկան է, երկաթուղին, գազը, հացահատիկը և շատ ու շատ այլ բաներ։ Փաշինյանն ինքն է ասում, որ հենց տնտեսությունն է պետության հիմքը։
Այլ հարց է, որ տնտեսական կապերը կարելի է գնահատել որպես կախվածություն (ըստ Փաշինյանի), բայց կարելի է և համարել դաշնակցային հարաբերությունների դրսևորում։ Սակայն գլխավորն այն է, որ այստեղ որևէ փոփոխություն չկա և չի կարող լինել Արցախը հանձնելուց հետո։ Տնտեսությունը ինչպես եղել, այնպես էլ կապված է մնում Ռուսաստանի հետ, իսկ Մոսկվան ինչպես եղել, այնպես էլ մնում է Հայաստանի գլխավոր դաշնակիցը, Արցախի հանձնումը քիչ բան է փոխել։
Կարելի է խոսել տարածաշրջանում քաղաքական առումով Ռուսաստանի ազդեցության որոշակի թուլացման մասին, բայց դրան բնավ Փաշինյանը չի հասել Արցախի հանձնումով, դա Ուկրաինայում պատերազմի հետևանքն է։
Փաշինյանն անկեղծորեն համարում է, թե Արցախի հանձնումով ինչ-որ բա՞ն է սկզբունքորեն փոխել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Կա՛մ հիմար է, կա՛մ աներևակայելի միամիտ, կա՛մ էլ նույն այն վեհության մոլուցքն է խոսում… Մենք ընտրում ենք վերջինը:
Թուրքիան և Ադրբեջանը ինչպես որ ընկալում էին Հայաստանին որպես աշխարհաքաղաքական թշնամի, այնպես էլ ընկալում են հիմա և կընկալեն հետագայում։ Կընկալեն որպես աշխարհաքաղաքական խոչընդոտ իրենց հավակնոտ ծրագրերի առջև։ Խոչընդոտ, որը նրանց համար ակներև է, քանզի բավական է նայել տարածաշրջանի քարտեզին։
Թուրքիան և Ադրբեջանը մեր բարեկամը չդարձան Արցախը հանձնելուց հետո։ Նրանք մնում են թշնամի, և դա շատ խորամանկ ու խելացի թշնամի է, որը հետապնդում է կոնկրետ նպատակներ, բայց հասկանում է, որ շտապել պետք չէ. հարկավոր է զգույշ գործել, որպեսզի չխրտնեցնեն որսը, որն ինքն է մտնում ծուղակը։
Ինչ-որ բան սկզբունքորեն փոխվե՞լ է Եվրոպայի հետ հարաբերություններում։ Վերջինիս հետ մենք միշտ էլ ունեցել ենք հարթ հարաբերություններ, մի շարք երկրների հետ՝ է՛լ ավելի խորը։ Ինչպես վերջերս հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանը, իր կառավարման տարիներին, իսկ դա 20 տարի առաջ էր, վիզաներ ստանալը նույնիսկ ավելի հեշտ էր, քան այսօր, երբ Փաշինյանն անցկացնում է ԵՄ – Հայաստան առաջին գագաթնաժողովը…
ԵՎՐՈՊԱՅԻ ՀԵՏ ՄԵՆՔ ՄԻՇՏ ԷԼ ՆՈՐՄԱԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ, ընդ որում Եվրոպան Հայաստանի անվտանգության երաշխավոր չի եղել ո՛չ երեկ, ո՛չ այսօր և ո՛չ էլ հեռանկարում։ Արցախի հանձնումը ոչինչ չի փոխել. անգլիական նավերը, ինչպես որ չէին կարողանում բարձրանալ հայոց լեռները (վստահեցնում էր մի անգլիացի գեներալ), այնպես էլ չեն կարող հիմա, իսկ ֆրանսիական նավերը առավելագույնը կարող են փոքր-ինչ օգնել տարհանման հարցում։
Ինչ-որ բան սկզբունքորեն փոխվե՞լ է Ամերիկայի հետ հարաբերություններում։ Թրամփն ու Վենսը ոսկու սարե՞ր են խոստանում Հայաստանին։ Վուդրո Վիլսոնը, հիշեցնենք, Հայաստանին խոստացել էր Արևմտյան Հայաստանի յոթ պատմական հայկական շրջաններ, որոնք այսօր պատկանում են Թուրքիային: Վիլսոնի խոստումների համեմատ Թրամփի ու Վենսի խոստումները մանկան թոթովանք են… Ի դեպ, Վիլսոնի այդ մեծ խոստումները գործնականում փոխարկվեցին Հայաստանի տարածքների նոր կորստի:
Մեր տարածաշրջանում շախմատի մեծ խաղատախտակի վրա սկզբունքորեն ոչինչ չի փոխվել Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում, որը հանգեցրեց Արցախի կորստին։ Չի փոխվել և չի կարող փոխվել ՝ չնայած Փաշինյանի «ընդամենը» բոլոր «տաղանդներին»։
Փոխվել է միայն մեկ բան. Արցախը կար, այսօր չկա։ Ու քանի որ ներկայիս իշխող թիմը Փաշինյանի հիպնոսի տակ չի ուզում հասկանալ ու ընդունել դա, նրա իշխանավարումը վտանգավոր է պետության համար։
Հ.Գ. «Երևանյան երկխոսություն» միջոցառման ժամանակ իր ելույթում Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Հայաստանի քաղաքացիներին Հայաստանի աշխարհագրական դիրքի փոփոխության կապակցությամբ։
