Логотип

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի հայկական ճեմարանի շենքը վերադարձվել է թեմին

Դոնի Ռոստովի իշխանությունները Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմին են փոխանցել հայկական ճեմարանի պատմական շենքը։ Այն ճանաչվել է որպես պատմամշակութային ժառանգության օբյեկտ։ Այս գործընթացում անգնահատելի ավանդ է ունեցել ազգային բարերար Սամվել Կարապետյանը, ով մշտապես մեծ կարևորություն է տվել Հայ Եկեղեցու կրթական առաքելությանը՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Շենքի հետագա գործունեությունն ու շահագործումը կազմակերպելու, ինչպես նաև վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն այցելել է Դոնի Ռոստով, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել։ Տեղում իրականացված զննության ժամանակ պարզվել է, որ չորսհարկանի շենքը պահպանել է գեղեցիկ ճարտարապետական տեսքը, սակայն երկար տարիներ չօգտագործվելու պատճառով հայտնվել է անմխիթար վիճակում։

Թեմը ստանձնել է շենքի վերականգնման և կրթական կենտրոնի պատմական առաքելության վերածննդի պարտավորությունը։

Այսօր քչերին է հայտնի, որ հայաբնակ Նոր Նախիջևանը մինչև 20-րդ դարի սկիզբը թեմական կյանքի հոգևոր կենտրոնն է եղել։ Դա պայմանավորված է նրանով, որ 1875 թվականին այստեղ հիմնադրվել է տարածաշրջանի լավագույն աստվածաբանական ուսումնարաններից մեկը, իսկ 1881 թվականին՝ Ալեքսանդր II կայսեր հրամանագրով, այն վերակազմավորվել է հոգևոր ճեմարանի։

News.am