Логотип

Սամվել Կարապետյանը ներկայացրել է հայկական արտադրանքը համաշխարհային շուկաներ դուրս բերելու ռազմավարությունը

Հայաստանը պետք է որակական թռիչք կատարի՝ հումքի արտահանումից անցում կատարելով բարձր տեխնոլոգիական արտադրությունների ստեղծմանը, որոնք ունակ կլինեն Արարատյան դաշտի եզակի բերքը վերամշակել բարձր ավելացված արժեք ունեցող պատրաստի արտադրանքի։ Այդ մասին մայիսի 11-ին Արարատի և Արմավիրի մարզերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը։

Նա նշել է, որ ֆերմերների ներկա կախվածությունը լոգիստիկ միջանցքներից, ինչպիսին է Վերին Լարսը, կրիտիկական խոցելիություն է երկրի տնտեսության համար։

Քաղաքական գործիչը մատնանշել է այն իրավիճակի անթույլատրելիությունը, երբ փակ ճանապարհների կամ արտահանողների քմահաճույքների պատճառով ֆերմերները ստիպված են լինում բերքը հանձնել չնչին գներով կամ առհասարակ թափել այն։ Սամվել Կարապետյանն առաջարկել է զարգացնել վերամշակող ձեռնարկությունների ցանցն անմիջապես մարզերում։

«Երբ մենք ստեղծում ենք ավելացված արժեք, վախը, թե այսօր Լարսը բաց է, թե փակ, անհետանում է։ Եթե ապրանքը վերամշակված է, մենք կարող ենք այն այսօր հապճեպ չվաճառել, այլ իրացնել մի քանի ամիս անց՝ շատ ավելի շահավետ գնով»,- պարզաբանել է բարերարը։

Նա հավելել է, որ իր ծրագիրը նպատակաուղղված է նրան, որ հայկական ծիրանը կամ խաղողը երկրից դուրս գա որակյալ վերջնական արտադրանքի տեսքով, ինչը հնարավորություն կտա մի քանի անգամ ավելացնել գյուղի աշխատավորների եկամուտները և ամրապնդել ազգային բրենդը միջազգային ասպարեզում։

News.am