Логотип

Բերքառատի գյուղապետը հերքում է դպրոցի՝ ՔՊ հավաքին մասնակցելը՝ մինչ կադրերը տեսնելը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Բերքառատի վարչական ղեկավար Մերուժան Մինասյանը սկզբում հերքում է դպրոցի ուսուցիչների և տնօրենի՝ ՔՊ քարոզարշավին մասնակցելը, հետո, լրագրողի ցույց տված կադրերը տեսնելուց հետո, ստիպված ընդունում։ Ռեպորտաժը պատրաստել է News.am-ը։

Մայիսի 13-ին ԶԼՄ–ները գրել էին, որ Ապարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին մասնակցում են մարզի գյուղերի ուսուցիչներ և աշակերտներ, և դասաժամերը հատուկ կրճատվել են։ Այդ թվում՝ ըստ մամուլի՝ «Գազելներով» Ապարան էր բերվել նաև Բերքառատ գյուղի ուսուցչական կազմը։ Նրանցից երկուսը հայտնել էին, որ քարոզարշավին մասնակցելու նպատակով կրճատել են դասաժամերը՝ «հանուն Փաշինյանի»։ Ուսուցչուհիներից մեկն էլ ասել էր, թե բոլոր ուսուցիչները, հատկապես դպրոցի տնօրեն Աննա Վարդանյանը քարոզարշավին մասնակցելու ցանկություն են հայտնել։

«Դպրոցի կոլեկտիվը չի մասնակցել՝ հանձինս տնօրենի, ինքը ներկա չի եղել»,- պնդում էր Բերքառատի վարչական ղեկավարը։

Լրագրողի՝ «վստա՞հ եք» հարցին՝ Մինասյանը պատասխանեց՝ 100 տոկոսով։

«Եթե ներկա էղներ, ես տեղում էի, առաջարկություններ էի արել պարոն Փաշինյանին մանկապարտեզի համար, որ գյուղում կառուցվի։ Լրատվական միջոցներից նայում եմ, թե Բերքառատի տնօրենն է կազմակերպել, բայց ինքը ոչ եղել է, ոչ էլ կազմակերպել է»,- շարունակում էր պնդել Մինասյանը։

Լրագրողը ցույց է տալիս կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է Բերքառատի դպրոցի տնօրենն արդեն հանդիպման ավարտին բացում «Գազելի» դուռը, նստում, իսկ ուսուցիչներն էլ հետևում են նրան։

«Չէի պատկերացնում, բայց չեմ էլ հավատում, որ տիկին Վարդանյանը մասնակցել է․․․Դե արդեն կադրերը նայելուց հետո․․․ Ես չեմ կարող իրենից հիասթափվել, որովհետև լավ աշխատող է, ցավով եմ տանում, որ էս տեսակ բաներ է կատարվել, բայց ինքը որպես անձ, որպես ղեկավար, շատ լավն է․․․»,- ասում է Մինասյանը։

Ուսուցիչներից մեկը լրագրողի հետ զրույցում ասել էր, թե «շրջկոմն է «Գազելը» տրամադրել», որ իրենք գան, մասնակցեն։ Բերքառատի վարչական ղեկավարը նշեց՝ ինքը չի տրամադրել, դա մանկապարտեզի ավտոմեքենան է, որը, իր տեղեկություններով, անցնելիս է եղել, ուսուցիչները կանգնեցրել են, նստել ու գնացել քարոզարշավի։

Sputnik Արմենիա