Հորմուզի նեղուցի խափանումներն ազդում են ոչ միայն միայն էներգակիրների, այլև գյուղատնտեսության համար էական նշանակություն ունեցող ապրանքների վրա, ուստի առկա է պարենային ապրանքների գների աճի ռիսկ, ինչը մասամբ սկսել է նյութականանալ։
Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով 2026թ․ առաջին եռամսյակում առկա մարտահրավերներն ու հաստատված դրամավարկային քաղաքականության զեկույցը։
Նա հիշեցրեց, որ 2026թ․ սկզբից աշխարհում ավելացել են անկայունություններն ու ռիսկերը՝ կապված Մերձավոր Արևելքի հակամարտության սրմամբ, էներգակիրների գների և դրանց տատանողական աճի, առևտրային ուղիների սահմանափակման հետ։ ՀՀ հիմնական գործընկեր երկրներում ևս դիտվում են տնտեսական աճի հեռանկարների հետագա վատթարացման և գնաճի միջավայրի զգալի ընդլայնման ռիսկերը։
Մասնավորաբար, տնտեսական աճն ԱՄՆ-ում վերջին եռամսյակում որոշակիորեն դանդաղել է՝ դրսևորելով զգալի տատանողականություն։ Եվրագոտում տնտեսական աճը շարունակել է թուլանալ։ Ռուսաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշները վկայում են առաջին եռամսյակում տնտեսական աճի դանդաղման և ներքին պահանջարկի զգալի թուլացման մասին։
«2026թ․ առաջին եռամսյակում Հայաստանում շարունակվում է արձանագրվել բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստում է շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճը։ Վերջին ամիսներին ծառայությունների ճյուղում բարձր ակտիվությունն ուղեկցվում է կառուցվածքային նկատելի տեղաշարժերով դեպի առավելապես պահանջարկի ընդլայնմամբ շարժվող ենթաճյուղեր։ Նկատվում են նաև արտաքին պահանջարկի որոշակի ընդլայնման ազդակներ՝ առավելապես արտահայտվելով Մերձավոր Արևելքում լարվածության պայմաններում դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքերի աճով»,- նշեց Գալստյանը։
2026թ․ -ի համար տարբեր կազմակերպությունների և ֆինանսական շուկայի մասնակիցների կողմից ՀՀ տնտեսական աճը գնահատվում է 5-5,5 տոկոսի միջակայքում, թեպետ, ըստ ԿԲ նախագահի, ավելի բարձր աճի ազդակներ էլ կան։
2026թ․ անցած ամիսների ընթացքում գնաճը շարունակել է արագանալ և ապրիլին կազմել է 5,3 տոկոս։ Ըստ նրա՝ սա հիմնականում պայմանավորվել է ինչպես ներմուծվող, մասնավորաբար, էներգակիրների և պարենային ապրանքների գների բարձրացմամբ, այնպես էլ ներքին տնտեսությունում առաջարկի որոշակի գործոնների ազդեցությամբ։
ԿԲ նախագահի խոսքով՝ արդեն մայիսին 2026թ․ 12-ամսյա գնաճը գնահատվում է 4 տոկոսի շրջակայքում, որը, ըստ Գալստյանի, թիրախից բարձր է։
«Մենք աշխարհից անմասն չենք կարող մնալ, աշխարհում ստեղծված գնաճային իրավիճակը, բնականաբար, ազդելու է նաև Հայաստանի վրա, ու Կենտրոնական բանկի հիմնական գործն այս պահի դրությամբ լինելու է հասկանալ, թե գնաճը, որ հիմա ունենք՝ 5,3 ու ավելի վերև է գնալու, պայմանավորված է բացառապես առաջարկի գործոններով ու կարելի է սպասել, որոշակի ազդակ չտալ, թե եթե կան որոշակի պահանջարկի գործոններ, մենք պետք է որոշակի արձագանք ունենանք»,- ասաց ԿԲ նախագահը։
Նրա խոսքով՝ մսի բավականին բարձր գնաճ էլ կա, որը ներքին իրավիճակով է պայմանավորված, իսկ բենզինի գնաճը հիմնականում միջազգային ազդեցությունների ներքո է։ Ներկայում նաև ծառայությունների որոշակի գնաճ է նկատվում, որը պայմանավորված է և՛ ներքին, և՛ արտաքին պահանջարկի աճով։
Sputnik Արմենիա
