Логотип

Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆ․ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ «ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐՈՎ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԷԺԱՆԱԳԻՆ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է՝ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻՑ

Արցախցիների «սպառնալիքներով» տեսանյութը Էժանագին բեմադրություն է իշխանական կաբինետներից։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մասնագիտական հայացքով առավոտվանից հետևում եմ համացանցում տարածվող այն տեսանյութին և հետևած արձագանքներին, որտեղ դիմակավորված անձինք, իրենց արցախցի ձևացնելով, իբր ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ են հնչեցնում Փաշինյանի հասցեին։

Այն էլ հատուկ. Արցախի դրոշով ու բարբառով, որ հանկարծ ուրիշ բան չմտածենք

Ժողովո՛ւրդ, սա դասական տեղեկատվական ինսցենիրովկա է ։ Կարիք չկա փարձառու վերլուծաբան լինելու՝ հասկանալու համար, թե ում ձեռքի գործն է սա։ Բավական է նայել ընդամենը երկու պարզ փաստի․

ա. Ո՞վ է առաջինը տարածում ։

Տրամաբանական կլիներ, որ նման ռադիկալ տեսանյութը հայտնվեր ընդդիմադիր հարթակներում, չէ՞։ Բայց ոչ։

Այսօր առավոտվանից սա կազմակերպված ու զանգվածային տարածում էին բացառապես փաշինյանական ԶԼՄները , առաջինը Սիվիկում եմ տեսել , ու իշխանական ֆեյքերն ու նրանց սատարող բլոգերները։ Սա քաղտեխնոլոգիական հին ու փորձված հնարք է՝ ինքդ ստեղծիր կեղծ վտանգ, ինքդ տարածիր, որ հետո զոհի կերպար ընդունես ու լեգիտիմ հիմքեր ունենաս ընդդիմության դեմ հարձակում (տրավլյա) սկսելու համար։ Առավոտվա փաշինյանական ջղաձգումները միայն ապացուցեցին դա:

բ. Դիմակների ֆենոմենը։

Նկատե՞լ եք՝ այն մարդիկ, ովքեր իրականում չեն սիրում Փաշինյանին ու դժգոհ են այս իշխանությունից, դիմակ չեն դնում։ Մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչպես են քաղաքացիները (այդ թվում՝ արցախցիները) փողոցում, հանդիպումների ժամանակ կամ ուղիղ եթերներում՝ բաց դեմքով ու սեփական անունով Փաշինյանին աչքերի մեջ ասում այն ամենը, ինչ մտածում են նրա մասին։ Իսկ այս տեսանյութում դիմակների հետևում թաքնված են հենց իրենց պատվերով աշխատող «դերասանները» կամ ուժայինները, որովհետև դեմքերը բացելուն պես՝ վայրկյանների ընթացքում կնույնականացվեին, ու այս էժանագին բլեֆը կպայթեր։

Իսկ ինչո՞ւ է սա պետք իշխանությանը հենց հիմա

1,Արցախցիների դեմ ատելություն բորբոքելու համար. տեսանյութում հատուկ շեշտվում է «արցախցի» լինելը, որպեսզի հանրության մեջ նորից ներքին պառակտում մտցնեն։

2. Ընդդիմությանը վարկաբեկելու համար. ուզում են ցույց տալ, թե ընդդիմադիր դաշտում միայն «ահաբեկիչներ» ու «կրիմինալ» տարրեր են։

3, Ձեռքերը ազատելու համար. սա հիանալի նախապատրաստական հող է, որպեսզի ուժայինները նոր թափով քաղաքական հալածանքներ, խուզարկություններ ու ձերբակալություններ սկսեն ակտիվիստների նկատմամբ՝ «պետական անվտանգության» պատրվակով։

Հայեր ջան, մի տրվեք էժանագին մանիպուլյացիաներին, պահպանե՛ք մեդիահիգիենան և հիշեք՝ իրական ընդդիմադիրը երբեք դիմակ չի դնում»։

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում մի քանի դիմակավոր անձինք Արցախի բարբառով և վիրավորական բառապաշարով դիմում են Փաշինյանին։ «Նիկոլ, դու պատասխան ես տալու, մենք գիտենք՝ դու որտեղով ես ման գալիս, որ փողոցներով ես անցնում։ Մենք քեզ ջրելու ենք, Նիկոլ»․ ասում է նրանցից մեկը՝ ընթացքում մյուսների ձեռքին, ենթադրաբար, ինքնաձիգներ են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 18–ին, Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ անդրադարձել է հրապարակված տեսանյութին ու կոշտ բառապաշարով հակադարձել․ «Հլը էս փսլինքներին նայի էլի։ Ուրեմն, սենց, մասկեքը հագել են, իբր իրենք ուժեղ տղերք են»։ Փաշինյանը հորդորել է նրանց ինքնակամ ներկայանալ իրավապահներին՝ հավելելով, որ հատ–հատ նրանց գտնելու է և սատկացնելու է։

Այս դեպքի առթիվ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով. «ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ ինքնություններն անհայտ անձինք առանց օրենքով նախատեսված թույլտվության, իրացնելու նպատակով որսացել են համակարգչային ցանցում պահվող ընդհանուր օգտագործման համար չնախատեսված և համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տվյալը, ատելության և անհանդուրժողականության շարժառիթով ուղիղ եթերի ժամանակ խուլիգանական դրդումներով զուգորդված՝ ՀՀ վարչապետի նկատմամբ՝ նրա պետական և քաղաքական գործունեության հետ կապված, քաղաքական հայացքներով պայմանավորված, տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ։

Մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարվում է նախաքննություն՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունները բացահայտելու ուղղությամբ»։

News.am