Բաքվում Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին ևս երկու մեղադրանք են առաջադրել, որոնք նախատեսում են ցմահ ազատազրկում։ Բաբայանը ձայնային հաղորդագրությունով դիմել է բոլոր իրավապաշտպաններին ու նշել, որ այն, ինչ կատարվում է այսօր Բաքվի դատարանում, պետք է բողոքարկվի միջազգային ատյաններում։ Ձայնային հաղորդագրությունը NEWS.am-ին փոխանցվել է Դավիթ Բաբայանի ընտանիքի միջոցով։
«Ավարտվեց այսպես կոչված մեր դատավարության նաև վերաքննիչ փուլը։ Դե ինչ դատավարություն, սա մի թատրոն էր, որի սցենարը գրված էր նախօրոք։ Նույնիսկ չհամարձակվեցին տարրական սխալները շտկել։ Օրինակ` վերջին նիստում ներկայացնելով ներկաներին, երբ թողեցին այդ վճռները ուժի մեջ, իմ պաշտպաններին ներկայացրեցին հին կազմով, այն դեպքում, երբ նրանք փոխվել էին այս դատավարության ժամանակ։ Այսինքն` ոչ միայն հարկ չհամարեցին ստուգել, այլ նաև չհամարձակվեցին փոխել նախօրոք գրված սցենարը, նույնիսկ շտկել այն սխալները, որ այնտեղ կան»,–նշել է նա։
Բաբայանն ընդգծել է, որ այս ամենը ֆորմալ մի փուլ էր, որը պետք է անցնեին, որպեսզի հետագայում օգտագործեն միջազգային դատարան դիմելու համար։
Նա նշել է, որ վերաքննիչ դատարանում գործընթացին քաղաքացիներ չեն մասնակցել, այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանում մոտ 200-300 հոգի ամեն անգամ ներկա են եղել։
«Շատ հետաքրքիր է, որ այնպիսի գաղափարներ են շրջանառության մեջ դրվում, որ անհնար է ուղղակի դա պատկերացնել։ Օրինակ` ինձ վրա ավելացրել են երկու ցմահ հոդվածներ, որոնք չկային, որևէ անգամ չէր հիշատակվում ամբողջ դատավարության ժամանակ»,–նշել է նա։
Բաբայանն այդ մեղադրանքները տեսել է, երբ դատավարության ավարտից մեկ շաբաթ հետո իրենց տվել են կրճատ գրություն։ Ըստ մեղադրանքի` Բաբայանը փորձել է տապալել Ադրբեջանի իշխանությունը, սահմանադրությունը և այլն։ Հարցին, թե կա որևէ ապացույց, որ նա փորձել է տապալել իշխանությունը, ոչ մի պատասխան չեն տվել։
Բաբայանը խնդրել է այդ դատավարության հիմնական ելույթները տեսատարբերակով փոխանցեն իրենց ՄԻՊ–ին, բայց մերժել են։
«Հետաքրքիր երևույթներից մեկը այն է, որ փոխվել են նաև պաշտպանները, 5-6 պաշտպան է փոխվել այս ընթացքում։ Մեկը փոխվել է հենց վերաքննիչ դատարանում քննության մեկնարկին։ Ես փորձել եմ իմանալ՝ ինչն է պատճառը, ասել են առողջականը։ Դատարանում դատի ժամանակ ասել եմ՝ տեսազանգով կապվեք հետները, ես ուզում եմ անձամբ տեղեկանալ` ինչպես են։ Իրենք իհարկե, խառնվել են, չեն միացրել, ասել են, որ կյանքներին վտանգ չկա»,–ասել է Բաբայանը։
Նա շեշտել է, որ իրեն ամեն պահի խանգարել են ելույթ ունենալ, որը ևս պետք է միջազգային դատարանում ներկայացնելու համար։
«Հետաքրքիր զարգացումներից է նաև այն, որ այստեղի պաշտպաններից մեկը հայտարարել է` իրենք չեն ուզում, որ գործը հասնի միջազգային դատարան, որովհետև մեղադրանքների ավելի քան 95%-ը շինծու է, և որևէ ապացույց չկա։ Իսկապես դա այդպես է։ Բացի այդ, դատարանում բոլոր մեր բողոքները 100%-ով բավարարվել են հօգուտ մեղադրող կողմի։ Առաջին ատյանի դատարանում 99.4%–ն էր բավարարվել հօգուտ մեղադրող կողմի»,–նշել է նա։
Բաբայանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի դատական համակարգին այդպիսի կոպիտ սխալների համար, որոնք միջազգային դատարանում կնպաստեն արդարության վերականգնմանը։
Նա նաև նշել է, որ առողջական խնդիր ունի, որի մասին բարձրաձայնել է դատարանում և խնդրել, որ այդ ամենը արձանագրվի։
«Մի բան է պայքարել արդարության համար, մեկ այլ բան է նստել դրա համար, բայց իմացեք` չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան։ Մնացածը ամեն ինչ նորմալ է, պի՛նդ եղեք, թանկագին հայրենակիցներ, բարի կամքի մարդիկ, մեր հայրենիքին դեռ սպասում են ծանր երևույթներ»,–նշել է նա։
