Логотип

ՆԱ ՈՉ ՄԻ ԲԱՆՈՒՄ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ

Մինչ իշխող թիմը Նարեկ Կարապետյանի ռուսաստանյան քաղաքացիության և ՌԴ ԱԴԾ-ի հետ Սամվել Կարապետյանի կապի ապացույցների որոնումներով, Դանիել Իոաննիսյանով զինված, արդեն փորփրել է ռուսական բոլոր արխիվներն ու դեղին մամուլի նյութերը, մինչ արձակուրդում գտնվող Փաշինյանը հրահանգներ է տալիս իր ուժայիններին, թե ում նստեցնեն հիմա, իսկ ում՝ հետո, և խոստանում ընտրողներին, թե մինչև 2031թ. կխլի Գագիկ Ծառուկյանի տունը, Ռոբերտ Քոչարյանը նորից կնստի, փոխարենը խոստանում է, թե երկու տարի հետո հնարավոր կլինի Լառնակա մեկնել երկու եվրոյով՝ ունենալով ընդամենը սովորական անձնագիր, Ռուսաստանը արգելանք դրեց Հայաստանից հանքային ջրի, ծաղիկների, պտուղ-բանջարեղենի, ալկոհոլի ներկրման վրա…

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՄՈՍԿՎԱՅԻՑ ԿՈՆԿՐԵՏ ԻՐ ՀԱՍՑԵԻՆ Օվերչուկի, Լավրովի, Մեդվեդևի, Վոլոդինի, Շոյգուի և այլոց հնչեցրած մեղադրանքներին՝ Փաշինյանը հպարտ հայտարարում է, թե Ախալքալաք-Կարս երկաթուղով կարելի է ապրանքներ տեղափոխել Թուրքիա, իսկ ԵԱՏՄ շրջանակներում իր՝ Փաշինյանի համար անլուծելի հարցեր չկան և իրականում… ինքը շատ է սիրում Պուտինին։ Պարզապես ֆենոմենալ է: Հատուկ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցություններն արդեն ապաշրջափակած Հասմիկ Հակոբյանի ու նրա նմանների համար:

Եվ ընդհանրապես, «Ռաֆիկը ոչ մի բանում մեղավոր չէ…»։ Ինչպես որ բացարձակապես ոչ մի բանում մեղավոր չէր ո՛չ 44-օրյա պատերազմի և դրա արդյունքների, ո՛չ էլ Արցախի էթնիկ զտման համար։

Որքան ավելի է մոտենում հունիսի 7-ը, այնքան ակնհայտ է դառնում, որ խորհրդարանական ընտրություններում մենք ընտրելու ենք բնավ ոչ հանրապետության զարգացման ուղղությունների, ասենք՝ Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև։ Ամենևին:

Մենք ընտրելու ենք կա՛մ նորմալ կյանք՝ առանց ամենօրյա հիստերիաների ու ստերի, կա՛մ հերթական տարածքների, մարդկանց, ինքնիշխանության կորուստ։ Կա՛մ երկրի բնականոն զարգացում, կա՛մ պետության կոլլապս։ Կոլլապս, որում Փաշինյանի «Ինչո՞ւ մեռած չեք» հարցը, ստանալով ավելի մեծ արդիականություն, անմիջականորեն կշոշափի համաքաղաքացիների ավելի ու ավելի լայն կատեգորիաների…

Հարկ չկա մեծ վերլուծաբան լինել՝ հասկանալու համար, որ եթե արդեն լրջմիտ ու հանդարտ Վոլոդինն է խոսում Փաշինյանի «ստորության» ու «անբարեբարո» պահվածքի մասին, ապա բանը բանից անցել է։ Եթե Փաշինյանն իսկապես սիրեր իր համաքաղաքացիներին, ապա արդեն բացարկած կլիներ իրեն ընտրարշավից, կդադարեր տանջել երկիրն ու մարդկանց։

Պատմության չար հեգնանքն այն է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը քաղաքական կյանքից, ինչպեսև «նիկոլիզմինը»՝ որպես երևույթ, այլընտրանք չունի։ Նույնիսկ եթե Փաշինյանը կարողանա կրկին հիմարացնել ընտրողների մեծամասնությանը սուտ խոստումներով ու հիստերիայով, ողջ թափով գործի դնի վարչական ռեսուրսը՝ մարդկանց քշելով միտինգների և բլիթներ բաժանելով անձամբ ու աշխատակազմերի ղեկավարների միջոցով։ Նույնիսկ եթե նրան այդ ամենը հաջողվի, շատ չանցած այնպիսի ձախողումներ կլինեն, որ նա, միևնույնն է, կհեռանա։ Հարցը բացառապես այն է, թե որքան վնաս կհասցնի պատճառել պետությանն ու քաղաքացիներին մինչև քաղաքական ասպարեզից իր անխուսափելի և բավական արագ անհետացումը։

Հ.Գ. 2025-ին Հայաստանը ՌԴ-ին ծաղիկների, մրգերի և բանջարեղենի մատակարարումով վաստակել է ավելի քան 186 մլն դոլար, աշխարհի այլ երկրներ կարողացել է արտահանել ընդամենը 10 մլն դոլարի արտադրանք։