«Թրամփի ուղի» նախագծի հաջող իրականացման համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը դուրս բերի իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և ազատ արձակի ապօրինի պահվող հայ գերիներին ու պատանդներին։ Այս հայտարարությունն արել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ բաց նամակով դիմելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, որը մայիսի 26–ին կժամանի Հայաստան։
«Նախագահ Թրամփը նախագահ Բայդենին անվանել էր տխուր, թույլ և անխելք, ես այդ բառերը վերագրում եմ վարչապետ Փաշինյանին, որը չափազանց տխուր, թույլ ու անխելք է, որպեսզի այս կարևոր հարցերը Ձեզ հետ հանդիպմանը բարձրացնի»,- գրել է Թաթոյանը։
Նա հավելել է, որ լիովին աջակցում է TRIPP-ին և ՀՀ վարչապետ դառնալու դեպքում պատրաստ է սերտ համագործակցել ԱՄՆ գործող վարչակազմի հետ՝ դրա լիարժեք և արդյունավետ իրականացման նպատակով
Նա վստահություն է հայտնել, որ համատեղ աշխատանքը հնարավոր կդարձնի մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատումը։
Sputnik Արմենիա
