Բաքվի դատարանը սկսել է քննել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների և մյուս գերիների բողոքը, որը վերաբերում է կայացված դատավճիռներին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ դատավարությունը տեղի կունենա Բաքվի վերաքննիչ դատարանում՝ դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ:
Հիշեցնենք՝ այս տարվա փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին դատապարտեց 15 տարվանից մինչև ցմահ ազատազրկման: Այս գործով ընդհանուր առմամբ անցնում էր 15 անձ։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել էր և քննվում էր առանձին վարույթում: Վարդանյանը հրաժարվել է դատավճռի բողոքարկումից. նա չի ճանաչում դատավճիռը որպես արդարադատության իրավական ակտ և այն համարում է քաղաքական շարժառիթներով և անօրինական հետապնդման մաս, որը ոչ այլ ինչ է, քան արդարադատության մերժում։
Sputnik Արմենիա
