Հայկական գյուղմթերքը վերջին շրջանում չի համապատասխանում Ռուսաստանի պահանջներին։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են Ռոսսելխոզնադզորից։
«Հաշվի առնելով, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է, և այն, որ վերջին շրջանում Հայաստանից մատակարարվող արտադրանքը չի համապատասխանում ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի բուսասանիտարական պահանջներին, կարելի է ենթադրել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը չի կարողանում իրականացնել գյուղատնտեսության նախարարության լուծարումից հետո իրեն վերապահված լիազորությունները», – ասվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունից նշել են, որ Հայաստանում 2019 թվականին կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվել է գյուղատնտեսության նախարարությունը, իսկ գյուղատնտեսության ոլորտում պետական քաղաքականությունը վերապահվել է էկոնոմիկայի նախարարությանը։
Հիշեցնենք` ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հայտնել էր, որ մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը: Մայիսի 22-ից գերատեսչությունը ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներկրումը։
Մայիսի 15-ին հայտնի դարձավ, որ Ռոսսելխոզնադզորը մտադիր է ստուգումներ անցկացնել հայկական մի շարք ձեռնարկություններում, այդ թվում` այն ընկերություններում, որոնց արտադրանքի մատակարարումը Ռուսաստան ավելի վաղ դադարեցվել էր: Պատճառը կեղծված ձկնամթերքի ներկրման կասկածներն են, որոնք ենթադրաբար եվրոպական ծագում ունեն։
Մայիսի 24-ին հայկական կողմը հայտնեց, որ Ռոսսելխոզնադզորն ավարտել է հայկական ձեռնարկությունների ստուգումը։
Sputnik Արմենիա
