Логотип

ԱՊՀ առաքելությունը լոկ օրապահիկ է ստանում, իսկ ԵԱՀԿ և ԵԽԽՎ փորձագետները վճարվում են

ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության կազմում ընդգրկված Ժողովրդավարության զարգացման մոնիթորինգի միջազգային ինստիտուտի փորձագիտական խումբը ներկայացրել է Հայաստանի ընտրական օրենսդրության կատարելագործմանն ուղղված մի շարք հանձնարարականներ: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում ասաց Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդների խմբի համակարգող Ժակիպ Ասանովը։

«ՄԽՎ-ին կից միջազգային ինստիտուտի փորձագիտական խումբը հանգել է այն եզրակացության, որ Հայաստանի օրենսդրությունն ընդհանուր առմամբ համապատասխանում է միջազգային չափանիշներին, միաժամանակ ներկայացրել է մի շարք առաջարկություններ: Մասնավորապես, դրանք արտաքին ֆինանսավորման, ընտրական միջավայրի ներառականության ուժեղացման, տարածքային ընտրական հանձնաժողովների ձևավորման և աշխատանքի դադարեցման հետ կապված հարցեր են։ Ես կարծում եմ, որ ապագա խորհրդարանը այդ բոլոր իրավական ասպեկտները կդիտարկի ընտրական իրավունքի հետագա զարգացման հնարավորության տեսանկյունից»,- ասաց Ասանովը։

Նրա խոսքով՝ ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության կազմում ընդգրկված է 47 մարդ, որոնցից 34-ը կարճաժամկետ դիտարկում է իրականացնում ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի ընտրատեղամասերում, իսկ մնացած փորձագետները երկարաժամկետ դիտարկում են իրականացնում Հայաստանում դեռևս մայիսի 7-ից:

Իր հերթին, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար, քարտուղարության ղեկավար Դմիտրի Կոբիցկին նշեց, որ համագործակցությունը ներկայացնող դիտորդները մշտապես կապի մեջ են եղել այլ դիտորդական առաքելությունների գործընկերների հետ, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, սակայն վերջին տարիներին Արևմուտքի երկրները ներկայացնող փորձագիտական խմբերի կողմից կողմնակալ վերաբերմունքի միտում է նկատվում: Նա չբացառեց, որ այդպիսով ԵԱՀԿ, ԵԽԽՎ և այլ կառույցների դիտորդները «պատվեր են կատարում», քանի որ իրենց ծառայությունների դիմաց գումար են ստանում, ի տարբերություն ՄԽՎ առաքելության և ԱՊՀ գործկոմի, որոնց անդամները կարող են միայն օրապահիկ ստանալ, բայց ոչ աշխատավարձ՝ Հայաստան ուղևորությունների համար:

«Ցավոք, վերջին շրջանում մենք տեսնում ենք, թե ինչպես է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հետևություններ անում, հաճախ մինչև ընտրությունների անցկացումը՝ արդեն մեկնաբանելով, որ ամեն ինչ վատ է, ամեն ինչ մեծ խախտումներով է։ Մենք, հանդիպելով նրանց, անընդհատ հարցնում ենք՝ ինչպես եք դա արձանագրում, որովհետև մենք, ինչպես դուք՝ դիտորդներդ, շրջում ենք նույն ընտրատեղամասերում, հանդիպում ենք նույն կուսակցությունների, ընտրությունների կազմակերպիչների հետ։ Մենք դա չենք արձանագրում, իսկ դուք արձանագրում եք։ Հավանաբար, որոշակի պատվեր կա։ Հիմնականում մարդիկ, որոնք ներկայացնում են այդ առաքելությունները, վճարվում են: Մենք մեզ այդպես չենք պահում։ ՄԽՎ-ի և ԱՊՀ գործկոմի առաքելություններում մեր գործընկերներից ոչ ոք այդ աշխատանքի համար գումար չի ստանում։ Դե, առավելագույնը, ինչպես ասում են, օրապահիկ։ Իսկ այդ մարդիկ բոլորը վճարվում են, ուստի նրանք գնում են և կատարում այն, ինչ իրենց ասվում է», – կարծում է Կոբիցկին։

Նա նաև հավելեց, որ փորձել է ճշտել, թե ինչի վրա են հիմնված արևմտյան կառույցների բացասական եզրակացությունները, և եվրոպացի գործընկերները խոստովանել են, որ օբյեկտիվ եզրակացություններ են ուղարկում վերադաս կազմակերպություններ, և իրենք էլ տարակուսել են, թե ինչի վրա են հիմնված այս կամ այն երկրում ընտրախախտումների մասին եզրակացությունները, որոնք վերջին հաշվով հրապարակում են Բրյուսելն ու Ստրասբուրգը:

«Ահա հիմա բառացիորեն հենց նոր տեղամասից եկանք, այնտեղ երկու մարդ կար՝ ԵԱՀԿ ներկայացուցիչներ՝ մի երիտասարդ Նիդեռլանդներից և մի աղջիկ Չեռնոգորիայից։ Գիտեք, հաճելի մարդիկ են, և մենք շատ լավ զրուցեցինք նրանց հետ իրենց դիտարկման վերաբերյալ։ Իհարկե, մենք կնայենք և կհասկանանք, թե ինչ հետևություններ կանի այդ առաքելությունը, ինչ կառաջարկի իր եզրակացության մեջ», – ընդգծեց Կոբիցկին։