Քվեարկության եմ եկել, որպեսզի հաղթի այն Հայաստանը, որը կարող է պահպանել սահմանների անձեռնմխելիությունը, ապահովել իր քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները, ազգային արժանապատվությունը։ Այս մասին քվեարկությունից հետո ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Այն Հայաստանի համար, որտեղ սուտն ու զրպարտությունը դատապարտվում են, իսկ ակտիվ քաղաքական դիրքորոշումը գնահատվում է, հավելել է քաղաքական գործիչը։ «Այն Հայաստանի, որտեղ իշխանությունները ընդդիմության վրա չեն կախում տխրահռչակ «փողերի լվացում» հոդվածը», – շարունակել է Սարգսյանը։ Նախկին նախագահի ցանկությունն է, որ լինի ազգային համախմբում, և վերանա այն ճնշող մթնոլորտը, որը շատերն են զգում, որպեսզի մարդիկ կարողանան ազատ արտահայտել իրենց կարծիքը։
Պատասխանելով ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու իր «մեծահոգի» որոշման մասին հարցին՝ Սարգսյանը նկատել է, որ դա մեծահոգություն չի համարում։ «Սա սթափ հաշվարկ է, և արդյունքների մասին կկարողանանք դատել այսօր ժամը 8-ից հետո՝ տեսնելով, թե ինչ ակտիվություն կցուցաբերեն քաղաքացիները։ Եթե թեկուզ 10 տոկոսով ավելի շատ քաղաքացիներ գան ընտրության, քան 2021-ին, կհամարեմ, որ մեր որոշումն արդարացված է», – նշել է Սարգսյանը։ Դիմելով հիասթափված քաղաքացիներին՝ նա կոչ է արել մասնակցել, քանի որ դրանից է կախված, թե որ քաղաքական ուժը կլինի իշխանության։
Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք ընտրություններով փոխել իշխանությունը, և սպասվում է արդյո՞ք փողոցային պայքար, Սարգսյանը խորհուրդ է տվել հարցի երկրորդ մասը ուղղել ընտրապայքարի մասնակիցներին։ ՀՀԿ-ն իր հերթին մտադիր է աջակցել այն ընդդիմադիր ուժի որոշումներին, որը կհավաքի ձայների մեծամասնությունը։ Առաջին հարցի պատասխանը կլինի կեսգիշերից հետո, հավելել է Սարգսյանը՝ նկատի ունենալով նախնական արդյունքները։
Մեկնաբանելով ՀՀԿ-ի իշխանության օրոք խախտումների մասին հայտարարությունները՝ Սարգսյանը նշել է, որ այդ առասպելները խիստ չափազանցված են, և երբեք այսպիսի միջամտություն, ինչպես հիմա, չի եղել։ Ըստ նրա, պարզապես նրանք, ովքեր դժգոհ են ՀՀԿ-ից, մինչև օրս փորձում են հավասարեցնել (ներկայիս իշխանությունների հետ), սակայն հավասարության նշան դնելը տեղին չէ ոչ սահմանների, ոչ ընտրությունների, ոչ էլ ստի ու զրպարտության հարցում։ Ինչ վերաբերում է մյուս կուսակցությունների հասցեին հնչող այն մեղադրանքներին, թե իբր համագործակցում են և իրականացնում են ՀՀԿ-ի ռեբրենդինգ, քաղաքական գործիչը նկատել է, որ նրանց թվում է, թե վարկաբեկել են ՀՀԿ-ին և այդ կերպ փորձում են վարկաբեկել մյուսներին։ Հարցին, թե ընտրություններին մասնակցող ուժերից քանիսն են գործող իշխանությունների դեմ, Սարգսյանը նշել է, որ դրանք առնվազն 4-ն են։
News.am
