«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 մլրդ դրամ գրավ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ դատախազությունից։
Նշենք, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ։ Նա մեղադրվում է հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու ու փողերի լվացման հոդվածներով։
Հուլիսի 21-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ, հիմքում կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքն է (նախընտրական հավաքներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռել և փողերի լվացում): ԿԸՀ–ն ՀՀ դատախազության միջնորդությունը մեկ անգամ արդեն հետ էր ուղարկել, սակայն հուլիսի 13–ին նույն միջնորդությունը դատախազությունը կրկին ներկայացրել էր հանձնաժողովի քննությանը։
ԿԸՀ–ն հուլիսի 22–ի նիստի ժամանակ համաձայնություն տվեց, որ ՀՀ դատախազությունը մեղադրանք առաջադրի Նարեկ Կարապետյանին` այդպիսով, ըստ էության, նրան զրկելով պատգամավորական անձեռնմխելիությունից։
