Եվրոպայում գազի բորսայական գներն այսօր բարձրացել են՝ մարտի 23-ից ի վեր առաջին անգամ գերազանցելով 1000 խմ–ի դիմաց 750 դոլարը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին են վկայում Լոնդոնի ICE բորսայի տվյալների վրա հիմնված հաշվարկները։
TTF ինդեքսով (Եվրոպայի ամենամեծ կենտրոնը, որը գտնվում է Նիդեռլանդներում) օգոստոսյան (մոտակա) ֆյուչերսները բացել են աճուրդը 741.1 դոլար (+0.5%) ցուցանիշով։ Իսկ Մոսկվայի ժամանակով 9:00-ի դրությամբ այդ ցուցանիշը հասել է արդեն մինչև 754.5 դոլարի (+2.3%)։ Գնանշումների դինամիկան ներկայացվում է` հաշվի առնելով նախորդ աճուրդային օրվա հաշվարկային գինը` հազար խմ–ի դիմաց 737.6 դոլար։
Գազի գները Եվրոպայում մարտի 23-ից ի վեր առաջին անգամ են գերազանցել 750 դոլարը։
Եվրոպայում գազի գինը սկսեց բարձրանալ, երբ մարտի 2-ին ԱՄՆ–ն ու Իսրայելը հարձակվեցին Իրանի վրա, և հակամարտության ամբողջ ընթացքում առավելագույն նիշի` հազար խմ–ի դիմաց 853.7 դոլարի հասավ մարտի 19-ին, երբ հեղուկ բնական գազի համաշխարհային խոշոր արտադրող Կատարը կտրուկ կրճատեց արտադրությունը։
Արդյունքում Եվրոպայում գազի միջին բորսայական գները մարտին կտրուկ բարձրացան՝ փետրվարի համեմատ գրեթե 60%-ով, ապրիլին նվազեցին 14%-ով, մայիսին՝ աճեցին 5%-ով, իսկ հունիսին՝ կրկին իջան 6%-ով։
Գազի գները զգալիորեն բարձր էին նաև 2021-2022 թվականներին։ Նման կայուն բարձր գներ չէին նկատվել Եվրոպայում գազաբաշխիչ կենտրոնների ամբողջ պատմության ընթացքում` 1996 թվականից ի վեր։ Իսկ հազար խորանարդ մետրի դիմաց պատմական 3,892 դոլար ռեկորդը գրանցվել է 2022 թվականի գարնան սկզբին։
Sputnik Արմենիա
