Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելն ու երկրի այլ ապագա պատկերացնելն արդեն հանցագործության է հավասարեցվում։ Ֆեյսբուքյան էջում տեսաուղերձով նման հայտարարություն է արել «Ուժեղ Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված Նարեկ Կարապետյանը` անդրադառնալով դատախազության կողմից իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ։ Նա մեղադրվում է հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու ու փողերի լվացման հոդվածներով։
«Հայաստանում վերջին ժամանակներում ուղղակի քաղաքական հայտ ներկայացնելը արդեն իսկ հանցագործություն է և ընդհանրապես կարիք չկա խորանալու, թե ինչի մեջ քեզ կմեղադրեն, քանի որ քաղաքական հայտ ներկայացնելը, երկիրդ ավելի լավ պատկերացնելը, ավելի լավ երկրիդ ապագան տեսնելը արդեն իսկ հանցագործություն է համարվում։ Սա հենց այն որոշիչ բանն է, քննությունն է, որը տարանջատում է այն մարդկանց, ովքեր պատրաստ են գնալ այդ բարդությունների և այն մարդկանց, ովքեր ամեն բարդությունից խուսափում են։ Մենք պատրաստ ենք այդ բարդությունների, միշտ պատրաստ ենք եղել և հիմա էլ ենք պատրաստ և մի անգամ ասել եմ, մեկ անգամ էլ կասեմ, ավելի մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերի այն կողմում, քան այս կողմում»,- նշել է Նարեկ Կարապետյանը։
Կարապետյանի խոսքով` Հայաստանը լինելու է մի երկիր, որտեղ այլևս քաղաքական հետապնդումը քրեական գործեր չեն ծառայելու մարդկանց քաղաքական գործունեությունից հետ պահելու համար։ Նա հավելել է, որ ուժային կառույցները աշխատելու են, որպեսզի երկրում ամենօր չլինի սպանություն, որպեսզի երկրում լինի իրական օրինականություն և երկիրը վերադարձնի իր ամենաանվտանգ երկիր տիտղոսը։
«Վստահ եղեք, սիրելի հայրենակիցներ, որ ոչ մի բարդ բան բերդ գնալու մեջ չկա, ոչ մի բարդ բան ինձ համար և իմ թիմակիցների համար այս ճանապարհի մեջ չկա, և մենք գնալու ենք, շարունակելու ենք այս պրոցեսը, որովհետև սա մի մեծ պատմության, մի մեծ տարածաշրջանային զարգացման մի մաս է, որի հիմնական նպատակները լրիվ այլ են»,- շարունակել է Կարապետյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերադարձրել էր Նարեկ Կարապետյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը։
Հուլիսի 21-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ, հիմքում կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքն է (նախընտրական հավաքներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռել և փողերի լվացում): ԿԸՀ–ն ՀՀ դատախազության միջնորդությունը մեկ անգամ արդեն հետ էր ուղարկել, սակայն հուլիսի 13–ին նույն միջնորդությունը դատախազությունը կրկին ներկայացրել էր հանձնաժողովի քննությանը։
ԿԸՀ–ն այսօր համաձայնություն տվեց, որ ՀՀ դատախազությունը մեղադրանք առաջադրի Նարեկ Կարապետյանին` այդպիսով, ըստ էության, նրան զրկելով պատգամավորական անձեռնմխելիությունից։
Sputnik Արմենիա
