Զինծառայող Նարեկ Թորոսյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են»,– գրել է նա։
Հիշեցնենք` զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան լուրը հուլիսի 21–ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեն` նշելով, որ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ ԶԼՄ–ների` զինծառայողին ինքնասպանության են հասցրել ծառայակիցները, նախնական տվյալով՝ զինվորը ինքնասպանությունից առաջ ծեծի է ենթարկվել։ Հուլիսի 22-ին հայտնի դարձավ, որ Թորոսյանի մահվան դեպքով 2 անձ է ձերբակալվել։ Հուլիսի 23–ին ՔԿ–ն հայտնեց, որ նրա ծառայակից կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։
Sputnik Արմենիա
