Логотип

Հայաստանում հնարավոր կլինի տուն գնել հեռահար` առանց նոտարական վավերացման

Այսուհետ հնարավոր կլինի Հայաստանում նորակառուց շենքերում բնակարան ձեռք բերել առանց ֆիզիկապես երկրում գտնվելու։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

ՀՀ կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշեց, որ որոշել են պարզեցնել ընթացակարգը և եթե ներկայում անշարժ գույք ձեռք բերողները պարտավոր էին գտնվել ՀՀ–ում և ֆիզկապես այցելել նոտարին կամ որևէ անձի լիազորագիր տրամադրել` գույքը ձեռք բերելու համար, ապա հիմա կոմիտեի էլեկտրոնային հարթակում ստեղծվել է հատուկ ձևանմուշ, որը լրացնելուց հետո գնման գործընթացը կարող է լինել հեռահար։

«Մեր էլեկտրոնային համակարգում կներդրվի ձևանմուշ, որը հնարավարություն կտա, որպեսզի հիփոթեքային վարկի առկայության պարագայում հեռահար գնորդը, վաճառողը և բանկը էլեկտրոնային համակարգի մեջ կնքեն, վավերացնեն այն պայմանագիրը, որը հիմք կդառնա իրավունքի պետական գրանցման համար։ Արդյունքում, կառուցապատողից սեփականության իրավունքը կփոխանցի հիփոթեքային վարկավորմամբ ձեռքբերողին, որը կարող է պայմանագիրը վավերացնել թե՛ ՀՀ–ում, թե՛ ՀՀ սահմաններից դուրս»,– մանրամասնեց Թովմասյանը։

Ըստ նրա` քանի որ բանկը հիփոթեքային վարկը տրամադրելիս ստուգում է գնորդի բոլոր անհրաժեշտ պարամետրերը, ֆինանսական միջոցները, հիփոթեքային վարկի սպասարկման նրա բոլոր հնարավորություներն ու կարողությունները, ապա այս նոր համակարգով հնարավոր է դառնում առանց նոտարական վավերացման կամ լիազորագիր տրամադրման եռակողմ պայմանագիրը էլեկտրոնային համակարգում կնքելուց հետո բանկի կողմից այն ներկայացնել իրավունքի պետական գրանցման և ՀՀ–ում հեռահար ձեռք բերել նոր կառուցվող շենքից անշարժ գույք։

Sputnik Արմենիա