ՀՀ-ում տնային կալանքի տակ գտնվող 205 անձ 12։30-ի դրությամբ արդեն մասնակցել է քվեարկությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարության հաղորդմամբ՝ տնային կալանքի տակ գտնվող 922 անձից 869-ն ունեն ընտրելու իրավունք, որոնցից ընտրությանը մասնակցելու ցանկություն է հայտնել 434-ը։ Նրանց կեսն արդեն մասնակցել է ընտրություններին։
Նրանց ուղեկցումն ընտրատեղամասեր կատարվում է Պրոբացիայի ծառայության կողմից։
Հավելենք, որ քվեարկություն անցկացվում է նաև ՀՀ քրեակատարողական հիմնարկներում։ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի տվյալներով՝ շուրջ 1400 անձ ընտրելու իրավունք ունի, որոնցից շուրջ 80-ը 12։30-ի դրությամբ քվեարկել են։
Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։
Ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրության իրավունք ունեցող 362 657 քաղաքացի (14.48 %-ը)։
Sputnik Արմենիա
