Логотип

Զինվորների զանգվածային կուտակումներ ընտրատեղամասերում. ընդդիմության խոսնակների ահազանգը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարություններով՝ պնդելով, որ քվեարկության ավարտի վերջին րոպեներին և դրանից հետո մի շարք տեղամասեր են բերվել մեծ թվով զինծառայողներ:

ԲՀԿ նախագահի խոսնակ, պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանը հայտնել է, որ Սյունիքի մարզի ընտրատեղամասերից մեկում քվեարկության սահմանված ժամն անցնելուց հետո գործընթացը դեռ շարունակվում է։ Ըստ նրա տարածած տեղեկատվության՝ պատճառը վերջին պահին կազմակերպված զանգվածային հերթերն են.

«Ժամը 20։25-ին Սյունիքի 35/65 տեղամասում քվեարկությունը դեռ չի ավարտվել. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության»,–գրել է նա։

Նմանատիպ խնդրի մասին է բարձրաձայնել նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը՝ նշելով, որ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի 10/51 ընտրատեղամասում զինծառայողներին քվեարկության են տարել ժամը 19:56-ին՝ տեղամասերի փակվելուց ընդամենը 4 րոպե առաջ:

«Ահա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին։ Քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են։ Նրանց բերել են քվեարկելու։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ այս խմբակի մասին»,– նշել է Ղահրամանյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում ժամը 20:00-ին պաշտոնապես փակվել են բոլոր 2005 ընտրատեղամասերը, Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունն ավարտվել է:

Sputnik Արմենիա