Բլոգեր Արտակ Ավետիսյանն ազատվեց բանտային կալանքից, նրա նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Այսօր քաղբանտարկյալ Արտակ Ավետիսյանի գործով առաջին դատական նիստն էր։ Երևան քաղաքի քրեական դատարանի որոշմամբ (դատավոր՝ Մուշեղ Արամյան) Արտակն ազատվեց բանտային կալանքից և նրա նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն՝ հանրային խոսքի արգելքի պայմանով»,– գրել է փաստաբանը ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ մայիսի 12–ին Շենգավիթ վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ «Նիկո՛լ, դավաճան» բղաված բլոգեր Արտակ Ավետիսյանին հղի կնոջ աչքի առաջ բռնի կերպով բերման էին ենթարկել ոստիկանության բաժին։ Մայիսի 14-ին նրա տանը խուզարկություն էր անցկացվել։ Մայիսի 15-ին հայտնի դարձավ, որ Ավետիսյանը կալանավորվել է 1 ամսով։
Մայիսի 26–ին Ավետիսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքը վերաորակվեց, ու ատելության խոսքի տարածման փոխարեն նրան ներկայացվեց խուլիգանության մեղադրանքը։
Sputnik Արմենիա
