Ընտրողների ռեգիստրի հիմնական թիվը, որը հրապարակվում է ընտրությունների նախօրեին, ներառում է միայն քաղաքացիական ընտրողներին, մինչդեռ քվեարկության արդյունքների վերջնական ամփոփման ժամանակ հաշվի են առնվում նաև այլ հատուկ ցուցակներ։ Այս մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժովը` պարզաբանելով ընտրողների ընդհանուր թվի շուրջ հանրային քննարկումներին և տարբերություններին։ Հանձնաժողովն իրավական կարգավորումների վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել։
««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ լիազոր մարմինը՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, քվեարկության նախորդ օրը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված միայն քաղաքացիական ընտրողների ընդհանուր թիվը»,– ասված է պարզաբանման մեջ։
Ըստ հայտարարության՝ գոյություն ունեն ընտրողների մի շարք այլ ցուցակներ, որոնք կազմվում են այլ իրավասու մարմինների կողմից։
– Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) գտնվող ընտրողների ցուցակները,
– Ձերբակալված անձանց պահման վայրերում (ՁՊՎ) գտնվող ընտրողների ցուցակները,
– Զորամասերում կազմվող ընտրողների ցուցակները,
– Քվեարկության օրը տեղամասային կենտրոնում կազմվող լրացուցիչ ցուցակները։
ԿԸՀ-ն շեշտել է, որ վերոնշյալ տվյալները ներառվում են հանձնաժողովի կողմից կազմվող քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրություններում, սակայն դրանք ի սկզբանե չեն կարող արտացոլվել ՆԳՆ-ի կողմից հրապարակվող նախնական տվյալներում, ինչն էլ ստեղծում է թվերի բնականոն տարբերություն։ Հանձանովոը հիշեցրել է, որ զորամասերում հաշվառված ընտրողների թվի հրապարակման օրենսդրական արգելք կա։
«Ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ զորամասերում հաշվառված ընտրողների թիվը որևէ ձևաչափով հրապարակման ենթակա չէ։ Ընտրական օրենսգրքով սահմանված է, որ զորամասում հաշվառված ընտրողների ցուցակները ԸԸՀ նախագահներին տրամադրվում են քվեարկության օրվանից 3 օր առաջ՝ փակ և կնքված ծրարով, որը բացվում է միայն քվեարկության օրը՝ այն պահին, երբ ընտրական տեղամաս են այցելում զորամասի ցուցակում ընդգրկված ընտրողները»,– մանրամասնել է ԿԸՀ–ն։
Հաշվի առնելով ներկայացված իրավական ընթացակարգերն ու հստակեցումները՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է արել զերծ մնալ ընտրողների թվերի հետ կապված, ինչպես իրենք են որակում, անհիմն շահարկումներից։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, իրավաբան Գոհար Մելոյանն ասուլիսին նշել էր, որ ընտրողների թիվը մինչ ընտրություններ պարբերաբար փոփոխվել են։
Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 8-ի արտահերթ նիստում վավերացրել է ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը։
Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվ է նշվել 2 507 216, քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 1237, շրջիկ արկղով քվեարկող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 1178, Էլեկտրոնային եղանակով քվեարկության մասնակցած ընտրողների թիվը՝ 410, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 1 477 736։
Հունիսի 6-ին ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտարարել են, որ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների քվեարկության նախորդ օրվա՝ հունիսի 6-ի դրությամբ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 485 851։
ԿԸՀ-ի ու ՆԳՆ-ի պաշտոնական թվերի տարբերությունը՝ 21 365, ձևավորվել է քվեարկության օրը կազմվող լրացուցիչ, ինչպես նաև զորամասերի և քրեակատարողական հիմնարկների փակ ցուցակների հաշվին։
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարեց, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Sputnik Արմենիա
