Логотип

Վանդալիզմ Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրում պոկել են ոսկեգույն տառերը

Այս գիշեր վանդալիզմի դեպք է գրանցվել Գյումրիում. անհայտ անձը կամ անձինք քաղաքի խորհրդանիշ համարվող «Մայր Հայաստան» հուշահամալիրից պոկել են հերոս–քաղաքների անվանումների ոսկեգույն տառերը։ Այս մասին հայտնում են Գյումրու քաղաքապետարանից։

Կոմունալ ծառայության աշխատակիցները տառերը առավոտյան հայտնաբերել են աղբամանում։ Գրությունները պոկելու հետևանքով քարերի վրա մեծ անցքեր և վնասվածքներ են գոյացել։ Այժմ փորձում են տառերը հաջորդականությամբ դասավորել և ամրացնել իրենց տեղերում։

Գյումրու քանդակագործության ազգային պարկ–թանգարանի վարիչ Արթուր Գևորգյանը հայտնել է` սա վանդալիզմ է այն մարդկանց հանդեպ, որոնք կռվել են այդ քաղաքներում, հերոսացել են, շքանշաններ են ստացել և սերունդներ դաստիարակել

«Առանձնահատուկն այն է, որ հնգաթև աստղերը թողել են, քաղաքներն են ոչնչացրել։ Միանշանակ է, որ սա պետք է համապատասխան արձագանք ստանա իրավապահների կողմից, որովհետև չի կարելի «Մայր Հայաստան» անվանումով հուշահամալիրում նման բան անել»,– ընդգծել է նա։

Քաղաքապետարանից նշել են` հաշվի առնելով, որ տառերը թանկարժեք մետաղից չեն, ակնհայտ է, որ տեղի ունեցածը շահադիտական կողոպուտ չէ։ Ընդգծել են, որ սա պարզապես գույքի վնասում չէ, սա հուշարձան է, որը խորհրդանշում է Հայրենական մեծ պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքն ու հիշատակը։ Չի բացառվում, որ սա նաև հայ–ռուսական հարաբերություններում սեպ խրելու փորձ է, ինչը, սակայն, ըստ քաղաքապետարանի չի ստացվի։

«Սա կարող է անել երրորդ ուժը, որպեսզի այս ամբողջը ինչ–որ քաղաքական արձագանք ստանա, բայց կարծում եմ` չի ստացվի, որովհետև մասնագետներն այս պահին զբաղված են վերականգնման աշխատանքներով»,– ասել է Գևորգյանը։

Գյումրու համայնքապետարանը դեպքի առթիվ պաշտոնական հաղորդում է ներկայացնելու ոստիկանություն։

Sputnik Արմենիա