«Իրավիճակը պարզապես վատ չէ, այն ծանր է, և դրա հետևանքները նույնպես ծանր են լինելու։ Շատ մարդիկ՝ հատկապես փոքր և միջին տնտեսությունները, արդեն իսկ բախվել են լուրջ խնդիրների ու պարտքերի։ Նման կերպ չի կարելի վարվել տնտեսության հետ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից Հայաստանից գյուղմթերքի ներմուծման սահմանափակումներին։
Ըստ Աշոտ Հարությունյանի՝ այս իրավիճակից դուրս գալը հեշտ չի լինելու։
«Անհրաժեշտ է ճիշտ, խելամիտ և փորձի վրա հիմնված քայլեր ձեռնարկել, որ մարդիկ կարողանան հաղթահարել այս դժվարությունները։ Հատկապես կարևոր է աջակցել արտադրողներին՝ գյուղացիներին և ֆերմերներին, որ նրանք կարողանան իրացնել իրենց արտադրանքը։ Շատ կարևոր է, որ պետությունն անմիջական և արդյունավետ աջակցություն ցուցաբերի, քանի որ դա կարող է լինել վճռորոշ։ Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որ արտադրողը կարողանա իր ապրանքը հասցնել շուկա։ Այդ դեպքում կշահեն և՛ քաղաքաբնակները, ովքեր կստանան որակյալ և մատչելի մթերք, և՛ արտադրողները, ովքեր կկարողանան արդար եկամուտ ստանալ իրենց աշխատանքի դիմաց։
Հատկապես արագ փչացող գյուղմթերքի՝ ծիրանի, կեռասի և այլն, մթերումը անհրաժեշտ է ժամանակին կազմակերպել։ Պետք է ապահովել, որ արտադրողներն իրենց բերքը հանձնեն մթերող կազմակերպություններին այնպիսի գնով, որն առնվազն համարժեք լինի արտահանման շուկայում առկա արժեքին»։
Աշոտ Հարությունյանն ընգծում է, ցավոք՝ նման համակարգված գործընթաց տեսանելի չէ։ Իսկ թե ինչ գներ կձևավորվեն հայկական շուկայում, ըստ նախկին փոխնախարարի, կախված է նրանից, թե հնարավոր կլինի՞ ինքնարժեքից մի փոքր բարձր գնով իրացնել գյուղմթերքը։
«Պետությունը պետք է իրացնի այդ գյուղմթերքը, բայց կարևոր է այնպես կազմակերպել իրացման գործընթացը, որ մարդիկ կարողանան իրենց արտադրանքը վաճառել ինքնարժեքից գոնե մի փոքր բարձր գնով։ Հակառակ դեպքում բերքը պարզապես կմնա ծառերին ու թփերին, քանի որ ֆերմերները չեն կարող իրենց վրա վերցնել լրացուցիչ ծախսեր, եթե դրանք չեն փոխհատուցվելու և եկամուտ չեն ապահովելու, անգամ՝ ծախսերը չեն դուրս գալու։ Պետք է կազմակերպել բերքահավաքը, աջակցել գյուղացուն և թույլ չտալ, որ բերքը մնա ծառերի վրա։ Այդ դեպքում քաղաքաբնակները կունենան որակյալ գյուղմթերք, իսկ ֆերմերները՝ թեկուզ փոքր, բայց եկամուտ՝ այս աննորմալ իրավիճակից դուրս գալու համար»։
Աշոտ Հարությունյանը նշում է՝ սա պարզապես ժամանակավոր լուծում է ստեղծված իրավիճակի համար, երկարաժամկետ գործընթացների համար այլ պահանջներ կան.
«Մթերումների և արտահանման գործընթացների հետ կապված այս խնդիրն ապագայում ծանր հետևանքներ է թողնելու։ Այս իրավիճակից դուրս գալու համար պետք է ճիշտ բանակցություններ վարել, խնդիրները ճիշտ կարգավորել, բարեկամներին չկորցնել»։
