Անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ ընտրություններից անցել է ընդամենը 10 օր, իսկ ռեժիմն արդեն սկսել է իր հետընտրական ծրագրի ակտիվ իրականացումը։ Եվ քանի որ նրա գլխավոր սկզբունքն է՝ ամեն ինչ անել Բաքվի իր հանցակիցների ցուցումով և նրանց հետ սերտ կապի մեջ, ապա միանգամայն տրամաբանական է, որ առանց հապաղելու Հայաստան ժամանեց Ալիևի օգնականը՝ մոլի հայատյաց Հիքմեթ Հաջիևը։ Բնավ պատահական չէ, որ Դիլիջանում Արմեն Գրիգորյանի հետ նրա զբոսանքի կադրերը տարածվեցին լրատվամիջոցներում, ինչպես որ պատահական չէ հանդիպման համար Դիլիջանն ընտրելը. հենց այդ քաղաքում է Ռուբեն Վարդանյանը ներդրել մոտ 236 միլիոն դոլար:
ԱՍԵՆՔ, ՔՊ–Ի ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԱԼԻԵՎԻ ԱՌՋԵՎ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ։ Կարելի է վստահորեն արձանագրել, որ Նիկոլն արդեն սկսել է նախապատրաստվել հաջորդ ընտրություններին, ընդ որում՝ հաշվի առնելով այս ընտրությունների դասերը։ Դա ակնհայտ է արդեն ներկայացված օրինագծերից, որոնք վերաբերում են ինչպես մասնակիցներին, այնպես էլ քվեարկելու իրավունք ունեցող ընտրողներին:
Բացի այդ, նա արդեն առավել քան ակտիվորեն ձեռնամուխ է եղել ընդդիմադիր դաշտի «մաքրմանը», ընդ որում՝ ոչ միայն քրեական, այլև սոցիալ-քաղաքացիական բնույթի բռնաճնշումների և սահմանափակումների տեսքով։ 10 օրը չլրացած՝ առնվազն 3 դեպքեր հանրային լայն արձագանք ստացան և ցույց տվեցին, որ ընդդիմախոսների, այլախոհների և հայաստանյան իրողությունների մասին ճշմարտությունը բարձրաձայնելուց չվախեցողների դեմ պայքարը, իսկ ըստ էության՝ խոսքի ազատության կոշտ ճնշումը մտնում է նոր և անողոք փուլ:
Գոհար Վարդանյանը՝ Կիրանցից, սահմանամերձ հենց այն գյուղից, որտեղից սկսվեց «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը, վերածվելով «Սրբազան պայքարի», հունիսի 12-ին «Ֆեյսբուք» սոցցանցում հաղորդեց, որ իրեն ստիպել են «սեփական ցանկությամբ» աշխատանքից ազատվելու դիմում գրել: Պատճառը Գոհարի գրառումն էր այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունեցել Կիրանցում հունիսի 7-ին։ Նշենք, որ շատերն այդ օրը տհաճ անակնկալի էին եկել, որ ՔՊ-ին հաջողվել է ձայների մեծամասնություն ստանալ խորհրդանշական դարձած հենց այդ սահմանամերձ գյուղում:
«Կիրանցում ներկայումս ապրում է մոտ 360 մարդ, որոնցից անչափահաս (ընտրելու իրավունք չունեցող) են մոտ 90-100-ը։ 2026 թվականին ընտրողներ թիվը եղել ա 401 մարդ, իսկ ընտրություններին մասնակցել է 307-ը։ Այսինքն մի գյուղում, որտեղ ապրում է մոտ 260 չափահաս մարդ, ընտրություններին մասնակցել է 307 մարդ։ Ո՞նց։ Ասեմ։ Կիրանցում ընտրել են նաև սահմանապահներ, ժամկետային զինծառայողները, ինչպես նաև Կիրանցում չապրող, այստեղ գրանցում չունեցող մարդիկ։ Մարդիկ, որոնց ես առաջին անգամ էի տեսնում»,- գրել էր Վարդանյանը։
Ահա այս գրառումից հետո էլ երիտասարդ կնոջը ստիպել են աշխատանքից ազատվելու դիմում գրել։ Նիկոլի համար շատ կարևոր էր ցույց տալ, որ սահմանամերձ գյուղերում աջակցում են իրեն ու իր տխրահռչակ «խաղաղությանը», Իսկ Գոհարը վերցրեց ու ցրեց այդ հեքիաթը։ Նրանից սկզբում պահանջել են ջնջել հրապարակումը, իսկ մերժում ստանալով՝ ստիպել են հեռանալ պետծառայությունից։ Ամեն ինչ այնքան պրիմիտիվ է, որ նույնիսկ հարկ չկա որևէ մեկին որևէ բան բացատրել։
Մի փոքր ավելի «ոլորուն» ստացվեց Երևանի պետական համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանի՝ Արման Թաթոյանի «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորության թեկնածուի պարագայում։ Այստեղ ավելի արմատական վարվեցին. պարզապես փակեցին ամբիոնը՝ հնագույններից մեկը համալսարանում։ Ըստ լրատվամիջոցների, որոշումը կայացրել է նիկոլական պաշտպանության նախարար Պապիկյանը. իզուր չէ, որ այդ թյուրիմացությունը ժամանակին նշանակվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:
ՀԱՊԱ ՄՏԱԾԵՔ. ՓԱՌԱՊԱՆԾ ԱՄԲԻՈՆԸ, ՈՐՏԵՂ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ԵՎ ԻՐ ԱՆԶՈՒԳԱԿԱՆ, Երևանի կեսը հավաքող դասախոսություններն էր կարդում Լևոն Ներսիսյանը՝ մեծ դերասանի որդին, փակվեց լոկ այն պատճառով, որ ամբիոնի վարիչը «համարձակվել է» մտնել ընդդիմադիր կուսակցության ցուցակ և առհասարակ սեփական կարծիքն արտահայտել՝ քննադատելով գործող իշխանությանը: Նման բանը, ինչպես պարզվեց Փաշինյանի կառավարման 9-րդ տարում, Հայաստանում այսուհետ է՛լ ավելի խիստ է պատժվելու։ Այդ թվում՝ պաշտոնից և աշխատանքից հեռացումով։
Դրա ևս մեկ ապացույցը նույն ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Ալեն Ղևոնդյանի հետ կատարվածն է։ Նրան ձերբակալեցին, իբր՝ «իշխանությունը տապալելու հրապարակային կոչերի», իսկ իրականում՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշման և ազգային ու պետական շահերը պաշտպանելու համար։ Կասկածից վեր է, որ Ղևոնդյանին ձերբակալել որոշված էր ի սկզբանե, բայց սոցցանցերում բարձրացած աղմուկը ստիպեց իշխանություններին ավելի զգույշ լինել. նրան «պարզապես» արգելեցին հրապարակային ելույթներն ու գրառումները, պարզ ասած՝ զրկեցին խոսքի ազատության և սեփական կարծիքն արտահայտելու իրավունքից։
Ի դեպ, ավելի վաղ աշխատանքից հեռացվել էին նույն ամբիոնում աշխատող այլ քաղաքագետներ. Ցոլակ Հակոբյանը, Աբրահամ Գասպարյանը, Մենուա Սողոմոնյանը, իսկ քաղաքագիտության դոկտոր Խաչիկ Գալստյանը դեկտեմբերին ընդհանրապես ձերբակալվեց ու կալանավորվեց, ապա տեղափոխվեց տնային կալանքի։
Կրկնեմ. ընտրություններից անցել է ընդամենը 10 օր, բայց Հայաստանում արդեն ակնհայտ է հունիսի 7-ից շատ առաջ սկսված քաղաքական բռնաճնշումների խստացումը և ավտորիտար միտումների ցուցադրական ահագնացումը։ Սրան հավելենք ընդդիմության առաջնորդներին երկրից դուրս գալու ապօրինի արգելումը, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը։
Եվ սա լոկ սկիզբն է. Նիկոլը մտադիր է ձգել պտտուտակները առանց որևէ արգելակի, առանց հաշվի առնելու որևէ մեկի կարծիքը և հասարակության խուլ դիմադրությունը։ Շատ լավ իմանալով, որ Արևմուտքը շարունակելու է աչք փակել իշխող կուսակցության կողմից ժողովրդավարության և մարդու իրավունքների նորմերի կոպտագույն խախտումների վրա։
Հայաստանին շատ դժվար ժամանակներ են սպասվում բոլոր առումներով. և՛ տնտեսական, և՛ սոցիալական, և՛ քաղաքական։ Թուրքական ռեժիմը կանգ չի առնի ոչ մի բանի առջև՝ հայկական պետականությունը ոչնչացնելու իր ձգտման մեջ։ Մնում է հասկանալ, թե պատրա՞ստ է արդյոք հայ հասարակությունն այսուհետ ևս հանդուրժել այս ամենը, թե դիմադրությունն այնուամենայնիվ կժայթքի փողոց՝ հակառակ նույնիսկ ընդդիմադիր ուժերի ցանկությանը։
