Логотип

ԿՈՆԴ. ՆԻԿՈԼԸ ՁԵՌՆԱՄՈՒԽ Է ԵՂԵԼ «ԻՐԵՎԱՆԻ ԹԱՔՑՎԱԾ ԳԱՆՁԸ» ԱԼԻԵՎՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ

Այն ամենը, ինչ անում է Փաշինյանը ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, վայրկենապես և միանգամայն հիմնավոր կասկածներ է ծնում, որ դա արվում է բացառապես Բաքվի շահերից ելնելով և հրահանգով։ Հենց այդ պատճառով էլ անհնար է ուշադրության չառնել վերջին օրերի հաղորդագրությունները՝ կապված «Երևանի «Կոնդ» թաղամասի վերակառուցման» հետ։ Բացի այն, որ նույնիսկ որևէ ստեղծագործ գործընթացի նշույլն անգամ բացարձակապես խորթ է հայկական ամենը փլուզող, ոչնչացնող և պղծող այս իշխանությանը, կան բոլոր հիմքերը՝ ենթադրելու, որ ռեժիմը հապճեպ ձեռնամուխ է եղել Բաքվի քարոզչամեքենայի կողմից վաղուց առաջ մղվող նախագծի իրականացմանը։

ԱՆՑԱԾ ՇԱԲԱԹՎԱ ՎԵՐՋՈՒՄ ԶԼՄՆԵՐԸ ՀԱՂՈՐԴԵՑԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՆՑԿԱՑՐԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, «որի ընթացքում քննարկվել է «Կոնդ»թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը»։ Ի թիվս ամենի՝ նշվում էր դրա պատմական միջավայրը պահպանելու, հուշարձաններն ու պատմական ժառանգությունը վերականգնելու մտադրության մասին։ Հաջորդ օրը Նիկոլն ինքը բարեհաճեց գնալ Կոնդ, որտեղ, ըստ պաշտոնական հաղորդագրության, «շրջայց կատարեց, ծանոթացավ պայմաններին, պատմամշակութային նշանակություն ունեցող կառույցների վիճակին, զրուցեց բնակիչների հետ»։

Թվում է, թե ոչ մի վատ կամ դատապարտելի բան չկա մայրաքաղաքի ամենահին թաղամասը վերակառուցելու մտադրության մեջ. հարցը վաղուց է հասունացել և գերհասունացել։ Ինչպես որ առաջին հայացքից դժվար է թաքնված վտանգ տեսնել «հուշարձաններն ու պատմական ժառանգությունը վերականգնելու» ձգտման մեջ։ Բայց միայն՝ այն մարդկանց առաջին հայացքից, որոնք տեղյակ չեն այն փաստի մասին, որ «ադրբեջանական Կոնդի», ինչպեսև առհասարակ «իրևանի» մասին հեքիաթը Բաքվի կողմից եռանդագին առաջ մղվող «Արևմտյան Ադրբեջան» նախագծի բաղկացուցիչ մասն է։

Այստեղ ճիշտ ժամանակն է հիշել, որ 2023 թվականի հոկտեմբերին ադրբեջանական CBC հեռուստաալիքը ցուցադրեց «Իրևանի թաքցված ժառանգությունը» ֆիլմը՝ Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի տարածքային նկրտումների հերթական քարոզչական նմուշը։ Ուշագրավը, սակայն, այն էր, որ Կոնդում նկարահանումները, ինչպես նշում էին հեղինակները, կատարվել էին ադրբեջանական հեռուստաալիքի հատուկ այդ նպատակով եկած նկարահանող խմբի կողմից, ընդ որում՝ թաղամասի բնակիչների մասնակցությամբ։

«ԳԱ»-ն ժամանակին բազմիցս գրել է այդ մասին, նշելով, որ ռեպորտաժում ոչ մի նոր բան չկա, քանզի Բաքվում արդեն վաղուց են հայտարարում «Կոնդում ոչնչացված ադրբեջանական պատմական ժառանգության» մասին՝ շեշտը դնելով, մասնավորապես, թաղամասի հարավային մասում գտնվող պարսկական Թափաբաշի մզկիթի վրա, որը, բնականաբար, նույնպես ադրբեջանական են անվանում։

Սակայն վերոնշյալ ֆիլմի պարագայում անխուսափելիորեն հարցեր էին ծագում, թե ո՞վ է թույլ տվել ադրբեջանցիներին Երևանում հանգիստ կատարել բացահայտ հակահայկական, ստերով լի քարոզչական ֆիլմի նկարահանումները, ինչպե՞ս է դա հնարավոր դարձել ընդհանրապես, և ինչո՞ւ որևէ արձագանք չկա իշխանական կառույցների կողմից։

ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԻ ՇԱՐՔ ՏԵԼԵԳՐԱՄԱԼԻՔՆԵՐ ՀԱՂՈՐԴԵՑԻՆ, որ ֆիլմը նկարահանվել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անմիջական աջակցությամբ, որին այդ խնդրանքով դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Նշվում էր նաև, որ ադրբեջանական խմբի աշխատանքներն ուղղորդել է մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

Բարձրացած աղմուկի խորապատկերին նախարարությունը ստիպված հերքեց տեղեկությունը, բայց մի տեսակ անհամոզիչ։ Բացի այդ, ոչ ոք այդպես էլ չպարզաբանեց, թե արդյոք նկարահանումներն իրականում անցկացվել են Երևանում, թե՞ դրանք մոնտաժված կադրեր են, որոնք հեռուստաալիքի կողմից ներկայացվում են իբրև իրական։ Ինչպես որ բացատրություն չտրվեց, թե ինչպես կարող էր «ադրբեջանական նկարահանող խումբն» այդքան ազատ զգալ իրեն Երևանի կենտրոնում և զրուցել բնակիչների հետ՝ առանց ՀՀ իշխանությունների իմացության և աջակցության։

2025 թվականի փետրվարին Կոնդի թեման կրկին արդիականացավ այն բանից հետո, երբ ռուսաստանցի բլոգեր Մաքս Վերնիկը YouTube-ի իր ալիքում հրապարակեց «Երևան.Կոնդ հնագույն թաղամասը և պարսկական մզկիթը» տեսանյութը։ Բնականաբար, Բաքվում կրկին վայնասուն բարձրացրեցին՝ մեղադրելով հայերին «ադրբեջանական մզկիթը ոչնչացնելու» մեջ և, օգտվելով առիթից, կրկնելով զառանցալի թեզերը, թե «Երևան քաղաքն ու Կոնդ թաղամասը ադրբեջանական են», խոսելով «հարյուր հազարավոր ադրբեջանցիների» այնտեղ «վերադառնալու իրավունքի» մասին։

«Վառ երևակայություն է պետք ունենալ այդ և Երևանում նախկինում եղած մզկիթներն ադրբեջանական անվանելու համար։ Մյուս կողմից՝ դա ամբողջությամբ տեղավորվում է պատմական, կրոնական, մշակութային արժեքներն ու շինությունները յուրացնելու ադրբեջանական պետական քաղաքականության և Հայաստանի հանդեպ ապօրինի պահանջներ ներկայացնելու ռազմավարության մեջ։ Թափաբաշի և մի շարք այլ մզկիթներ կառուցվել են, երբ Երևանը պարսկական տիրապետության տակ էր. դրանք շիայական, պարսկական մզկիթներ են և որևէ կապ չունեն ադրբեջանական մշակույթի հետ», – նշվում էր «Գեղարդ» հիմնադրամի փետրվարի 14-ի հայտարարության մեջ։

Տվյալ դեպքում չենք խորանա պատմական փաստերի մեջ, որոնք ցույց են տալիս մզկիթի, Կոնդ թաղամասի, Երևանի և ամբողջ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նկրտումների ողջ անհեթեթությունը։ Բայց անհնար է անտեսել Բաքվի քարոզչության եռանդագին տարածվող թեզերի և հենց հիմա՝ ընտրություններից անմիջապես հետո Կոնդի վերակառուցում ձեռնարկելու Նիկոլի մտադրությունների հերթական և բնավ ոչ զարմանալի համընկնումը։

ՆՄԱՆ «ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ՎԱՂՈՒՑ ԱՐԴԵՆ ԸՆԿԱԼՎՈՒՄ ԵՆ ոչ թե որպես պատահականություն, այլ որպես Հայաստանի սողացող «խաղաղ» զավթման Բաքվի ծրագրերի նպատակաուղղված իրականացում ՔՊ ռեժիմի կողմից։

Արդեն բազմիցս հարկ է եղել գրել այն մասին, որ Ալիևին ու Էրդողանին տված խոստումները, այդ թվում՝ վճարելով նախընտրական շրջանում համակողմանի աջակցության դիմաց, տերերի կողմից առաջ քշվող Փաշինյանը ստիպված է կատարել արագացված տեմպերով։ Դա դրսևորվեց և՛ ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ անց Ալիևի օգնականի Դիլիջան կատարած այցով, և՛ ընդդիմության դեմ բռնաճնշումների ուժգնացումով, և՛ Արցախի հետ կապված ամեն ինչը (դրոշներ, զոհված զինվորների դիմանկարներ և այլն) երկրում ջնջելով, և՛ ԱԺ նախագահի պաշտոնում թուրքական ազդեցության գործակալ համարվող Ռուբինյանի թեկնածության ընտրությամբ և շատ այլ բաներով, գուցե առայժմ ոչ այնքան տեսանելի։

Գործնականում կասկածից վեր է, որ արդեն ՀՀ իշխանությունների կողմից Կոնդի հարցի արդիականացումը նույն շարքից է. Փաշինյանը սկսել է նախապատրաստել առաջին «լոկացիան»՝ «Արևմտյան Ադրբեջան» նախագծի շրջանակներում։ Եվ սկսել է ոչ թե Սյունիքի գյուղերից, որտեղ էլ միայն, ինչպես միամտորեն իրենց հանգստացնում են չափից ավելի լավատեսորեն տրամադրված բազմաթիվ երևանցիներ, իբր բնակեցնելու են ադրբեջանցիներին։ Նա սկսել է հենց Երևանի հնագույն թաղամասից, հայտարարելով այնտեղ «պատմական միջավայրն ու ժառանգությունը» վերականգնելու մտադրության մասին։

Այն հարցը, թե հատկապես ում «միջավայրն» է նա պատրաստվում «վերականգնել», իսկ ավելի ճիշտ՝ ում օգտին է մտադիր կոպտորեն, բառացիորեն ֆիզիկապես, գործողություններով խեղաթյուրել պատմական իրողությունները, անշուշտ և անկասկած հռետորական է։