Սահմանադրական դատարանն ավարտեց հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական ուժերի հայցերի քննությունը: ՍԴ վերջին նիստը տեղի ունեցավ հուլիսի 1-ին, դատավորները հեռացան խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։
ՀԻՇԵՑՆԵՆՔ, ՈՐ ՅՈԹ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՍԴ ԷԻՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ։ Դատալսումը սկսվեց հունիսի 26-ին և անցկացվում էր բանավոր։ Առաջին երկու օրերին լսվեցին հայցվորների դիմումները, որից հետո անցան հարցուպատասխանի ընթացակարգին: Այնուհետ հայցվորներին, պատասխանողներին և համապատասխանողներին՝ ի դեմս ԿԸՀ-ի, դատախազության, ՆԳՆ-ի և հակակոռուպցիոն կոմիտեի, հարցեր ուղղեցին ՍԴ դատավորները: Դատավարությանը մասնակցում էր նաև երրորդ կողմը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որի ներկայացուցիչներից մեկը արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էր: Նշենք, որ հունիսի 27-ին «Նոր ուժ» կուսակցությունը հայտարարել էր դատաքննությանն իր մասնակցությունը դադարեցնելու մասին։
Նշենք նաև, որ հունիսի 30-ին նիստի մեծ մասն անցկացվեց փակ ռեժիմով: Այդ օրը փակ ձևաչափի անցնելը ՍԴ նախագահ Արման Դիլանյանը բացատրեց գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրման և քվեարկության գործընթացին ու ընտրողների գաղտնի ցուցակներին անմիջականորեն առնչվող հարցերի քննարկման անհրաժեշտությամբ: Փակ հատվածի ավարտից հետո դատը կրկին շարունակվեց բաց ռեժիմով։ Վերջին օրը հնչեցին դատավարության բոլոր կողմերի ներկայացուցիչների եզրափակիչ ելույթները։
Մինչդեռ հայցվորներից ոմանք, ընտրությունների արդյունքները չեղարկելուց բացի, առաջ էին քաշել նաև այլ լրացուցիչ պահանջներ։ Այսպես, մանդատից զրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը ներկայացնում էր իրավաբան Արամ Օրբելյանը, պահանջեց նոր քվեարկություն նշանակել։ Օրբելյանը բազմիցս նշել է, որ ընտրական գործընթացի ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ, ներառյալ արտաքին միջամտությունը, ինչպես նաև ընդդիմադիրների նկատմամբ բազմաթիվ քրեական գործերի հարուցումը: Նա ընդգծեց, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ խախտումների ազդեցությունն ընտրությունների ելքի վրա ապացուցված է: «Եթե Սահմանադրական դատարանն ամբողջությամբ անվավեր չճանաչի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, որով ամփոփվել են արդյունքներն ու բաշխվել են պատգամավորական մանդատները, առնվազն պետք է կայացնի մանդատների վերաբաշխման որոշում: Ըստ այդմ՝ ԲՀԿ-ն կստանա 5 մանդատ»,- իր եզրափակիչ ելույթում նման դիրքորոշում հայտնեց Արամ Օրբելյանը: Նրա խոսքերով, պետությունը չի ապահովել քաղաքացիների քվեարկության անխափան ընթացքը, ինչը խախտել է ոչ միայն ԲՀԿ-ի, այլև այդ կուսակցությանը կողմ քվեարկած 58 500 քաղաքացիների իրավունքները: «Դուք պարտավոր եք ապահովել, որ 58.500 քաղաքացիների ձայները չկորչեն»,- հայտարարեց նա:
ԲՀԿ պատգամավորի թեկնածու, իրավաբան Էլինար Վարդանյանը հիշեցրեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի այն խոսքերը, թե անկախ ձայների հաշվարկի եղանակից ԲՀԿ-ն չէր կարողանա հաղթահարել անհրաժեշտ շեմը: «Նախնական արդյունքների ամփոփման ժամանակ տվյալների սխալ մուտքագրման հետևանքով հայտարարվում է, թե ԲՀԿ-ն չի հաղթահարել անցողիկ շեմը։ Այնինչ, դա հենց իրենց կողմից տվյալների սխալ մուտքագրման հետևանքն էր։ Եթե նախնական արդյունքներով արձանագրվեր, որ ԲՀԿ-ն հաղթահարել է 4 տոկոսանոց շեմը, ապա արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո ԿԸՀ-ն պետք է կրկնակի քվեարկություն նշանակեր։ Ստացվում է, որ ԿԸՀ-ն տվյալները պատշաճ կերպով չի մուտքագրել միտումնավոր, որպեսզի հետագայում մանևրելու հնարավորություն ունենա»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ Վահագն Հովակիմյանը մեկ բան է ասում, թվերը՝ բոլորովին այլ։
«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԷՐ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ, իսկ որպես այլընտրանք՝ նշանակել քվեարկության երկրորդ փուլ։ Դաշինքի ներկայացուցիչների կարծիքով՝ արդյունքների վերանայման համար հիմքերն առավել քան բավարար են։ Իրավաբան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Արամ Վարդևանյանը, խոսելով Սահմանադրական դատարանից ակնկալիքների մասին, նշեց. «Վստահության բացակայությունն ինքնին չպետք է արժեզրկի գործիքի գործարկումը, իսկ Սահմանադրական դատարան դիմելը ընտրական օրենքի պարտադիր բաղադրիչներից մեկն է։ Այն, որ ՍԴ-ն անկախության, իր չեզոքության, անաչառության լրջագույն դեֆիցիտ ունի, և այդպիսին է նաև հանրային ընկալումը, դա անհերքելի փաստ է։ ԿԸՀ նախագահը մինչև վերջերս եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, և եթե հետևենք նույն տրամաբանությանը, ապա ընդհանրապես ոչ ոք չպետք է մասնակցի ընտրական գործընթացին: Մեր մոտեցումն այսպիսին է»,- հայտարարեց նա։
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտարարեց, որ հնգօրյա դատաքննության ընթացքում ակնհայտ դարձավ ԿԸՀ-ի անգործությունը: «Ընտրողը, վերլուծելով Սահմանադրական դատարանում 5 օր տևած մեր քննարկումները, հասկանում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անգործություն է դրսևորում։ Կարելի է ասել, որ մենք գործնականում չենք ունեցել ԿԸՀ, քանի որ այն չի կատարել իր առաքելությունը և չի ապահովել հավասար և ազատ ընտրական իրավունքի իրացումը»,- իր եզրափակիչ ելույթում հայտարարեց Խուդոյանը։ Նրա խոսքերով, նման մոտեցման դեպքում ընտրական մարմնի գոյությունն իմաստազրկվում է, իսկ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների կեղծումը կարելի է ապացուցել հաշվիչի միջոցով՝ պարզ մաթեմատիկական հաշվարկով:
«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը եզրափակիչ ելույթում նշեց, որ խորհրդարանական ընտրությունների ընթացքում խախտումները շատ են եղել և դրանք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա, իսկ հակառակ պնդումները քննադատության չեն դիմանում: Բազմաթիվ ընտրատեղամասերում անհամապատասխանություններն ու սխալները, նրա խոսքերով, հիմք են տալիս չեղարկելու քվեարկության արդյունքները։
Ինչ վերաբերում է պատասխանողներին և համապատասխանողներին, ապա նրանց դիրքորոշումը հանգում էր նրան, թե ընտրությունների արդյունքները չեղարկելու հիմքեր չկան։ ԿԸՀ-ի դիրքորոշումը բավական անորոշ էր, իսկ դատախազության, ՆԳՆ-ի և հակակոռուպցիոն կոմիտեի կարծիքով՝ ընտրությունների ընթացքում առանձնակի խնդիրներ չեն դիտարկվել։
Մնում է հավելել, որ ՍԴ որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ին՝ օրվա երկրորդ կեսին։
