Логотип

Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ․ ԵՐԿՐՈՒՄ ԿԵՑՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՑԵՆԶԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՀԵՏԸՆԹԱՑ ԿԼԻՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻՑ

Հայաստանում կեցության ընտրական ցենզի ներդրումը հետընթաց կլինի իրավական պետության ժողովրդավարական նորմերից և սկզբունքներից։

ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը’ արձագանքելով ընտրողների համար կեցության ցենզ սահմանելու վերաբերյալ Հայաստանի Ընտրական օրենսգրքում իշխանությունների նախաձեռնած փոփոխություններին:

Ալավերդյանը նշել է, որ իրենք երկար ժամանակ պայքարել են, որպեսզի Հայաստանի բոլոր քաղաքացիները, որտեղ էլ գտնվեն, կարողանան քվեարկել ընտրություններում: Քանի որ, նրա խոսքով, այլ երկրում ապրելու պատճառով քաղաքացիներին ձայնի իրավունքից զրկելը պետության հետամնացության նշան է ։ « Նման նախաձեռնությունն, ըստ էության, ուղղված է բոլոր այն քաղաքացիների դեմ, ովքեր հաճախ ստիպված են եղել այս կամ այն պատճառով հեռանալ երկրից։ Փաստորեն, այն ձգտում է ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկել Հայաստանի լիիրավ քաղաքացիներին », – նշել է իրավապաշտպանը։

Ալավերդյանը ենթադրում է, որ նման նախաձեռնության քննարկումը կարող է կապված լինել հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ իշխանության հաշվարկների հետ, քանի որ դրանք կարող էին ցույց տալ, որ ընտրություններին մասնակցելու համար Հայաստան եկած քաղաքացիները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցության օգտին չեն քվեարկել: Այսինքն, Հայաստանի առաջին օմբուդսմենի կարծիքով, քվեարկության արդյունքները չեն գոհացրել իշխող կուսակցությանը։ « Ու թեև քվեարկության արդյունքները փորձեցին սրբագրել, ակնհայտ է, որ դրանք հեռու էին ցանկալիից։ Հնչեցված արդյունքները չեն համապատասխանել իրականությանը, ինչի մասին, ըստ իս, լավագույնս գիտեն իշխող կուսակցության ներկայացուցիչները։ Կարծում եմ, որ հենց դա է դարձել այլ երկրներում բնակվող Հայաստանի քաղաքացիներին ձայնի իրավունքից զրկելու մտադրության պատճառը։ Բայց դա անթույլատրելի է, քանի որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի նման իրավունք ունի », – ընդգծել է իրավապաշտպանը։

Ընդ որում, Ալավերդյանը նման նախաձեռնության քննարկումը չի կապել Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործընթացների հետ, որտեղ տեսականորեն կարող է որոշում կայացվել երկրորդ փուլ նշանակելու մասին: Քանի որ, ինչպես պարզաբանել է իրավապաշտպանը, Սահմանադրական դատարանը, ինչպես և Հայաստանի ողջ դատական համակարգը, այսօր, փաստացի, գտնվում է գործադիր իշխանության վերահսկողության ներքո, ինչի առնչությամբ նա չի ակնկալում նման որոշման ընդունում (երկրորդ փուլի նշանակում – խմբ.): Սակայն նա նշել է, որ այդ նախաձեռնությունը, միևնույն է, պետք է վիճարկել։ « Եթե համապատասխան օրենքն, այնուամենայնիվ, ընդունվի, այն պետք է բողոքարկվի դատական կարգով։ Չէ որ, եթե վեճն ավարտվի հօգուտ իշխանության, ձայնի իրավունքից կարող են զրկվել արտասահմանում բնակվող 800 000-1 000 000 ՀՀ քաղաքացիներ։ Մինչդեռ, քաղաքացիությունը բարձրագույն կարգավիճակ է: Եվ այս առումով ձայնի իրավունքից զրկելը ամենալուրջ խախտումներից մեկն է ցանկացած երկրի համար, որը ձգտում է ժողովրդավարական համակարգի և իրավական պետության ձևավորման », – նշել է Ալավերդյանը։

Հայաստանի առաջին օմբուդսմենի ասելով՝ սա աննախադեպ իրավիճակ է, և նման օրենքի վիճարկումն անհրաժեշտ է, նույնիսկ, դատական համակարգի՝ գործադիր իշխանության վերահսկողության տակ գտնվելու պայմաններում: « Եթե դատարան չդիմենք, դա կարող է մեկնաբանվել որպես համաձայնություն տեղի ունեցածին։ Ուստի, վիճարկման ընթացակարգն ինքնին պարտադիր է։ Այդ հարցը պետք է հասցնել, նույնիսկ, Եվրոպական դատարան, ՄԱԿ – ի դատարան (ՄԱԿ-ի Միջազգային դատարան-խմբ.), քանի որ տեղի ունեցողը հետընթաց է իրավական պետության ժողովրդավարական նորմերից և սկզբունքներից։ Հետևաբար, այն պետք է բարձրացնել ոչ միայն դատական ատյաններում, այլև բոլոր քաղաքական հարթակներում », – եզրափակել է Ալավերդյանը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ « Քաղաքացիական պայմանագիր » կուսակցության պատգամավորները փոփոխություններ են նախաձեռնել Ընտրական օրենսգրքում, որոնց համաձայն, Ազգային ժողովի ընտրություններին և հանրաքվեներին կարող են մասնակցել այն քաղաքացիները, ովքեր նախորդ 365 օրվա ընթացքում 183 և ավելի օր փաստացի գտնվել են Հայաստանի տարածքում: Այդ նախաձեռնությունը քննադատվել է ընդդիմադիր գործիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից։

Արմինֆո