«Օլիմպավան» մարզահամալիրի ներկայացուցիչ Թաթուլ Հովհաննիսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակցության ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում կոչ է արել հնարավորինս շուտ վերսկսել համալիրի աշխատանքը։ Նա զգուշացրել է, որ երկարատև փակումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ինչպես մարզիկների, այնպես էլ ենթակառուցվածքների համար։
Հովհաննիսյանի խոսքով՝ իրավիճակն առանձնակի մտահոգիչ է 2028 թվականի Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլի նախաշեմին, քանի որ մարզիկներին անհրաժեշտ է մարզվել և մասնակցել վարկանիշային մրցումների։
«Ամենամեծ խնդիրն այն է, որ այս ամբողջ տնտեսությունը չի կարելի ուղղակի փակել ու թողնել։ Այստեղ հազարավոր տոննաներով տաք ջուր կա, սարքավորումներ, պոմպեր, մաքրման համակարգեր, մարզադահլիճներ։ Եթե համալիրը երկար ժամանակ չաշխատի, գույքը կսկսի փչանալ։ Դա հետո վերականգնելն արդեն անհնար կլինի», — հայտարարել է նա։
Հովհաննիսյանը նշել է, որ փակվելուց քիչ առաջ համալիրում ստուգումներ են անցկացվել, որոնք, նրա խոսքով, լուրջ խախտումներ չեն հայտնաբերել։ Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ աշխատակիցները չեն կարող նույնիսկ տարածքի պահպանման համար անհրաժեշտ նվազագույն աշխատանքները կատարել։
«Մենք միայն մի բան ենք խնդրում՝ բացե՛ք համալիրը, որպեսզի աշխատակիցները կարողանան աշխատել։ Թող այստեղ մշտապես պետական մարմինների ներկայացուցիչ լինի, թող վերահսկի ամեն մի գործընթաց։ Մենք թաքցնելու ոչինչ չունենք և պատրաստ ենք ցանկացած ստուգման», — ընդգծել է «Օլիմպավանի» ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ համալիրի փակումը բացասաբար է անդրադառնում ոչ միայն աշխատողների, այլև հարյուրավոր երեխաների ու պրոֆեսիոնալ մարզիկների վրա, որոնք զրկվել են մարզվելու հնարավորությունից, հատկապես՝ ամառային սեզոնի թեժ պահին։ Նրա խոսքով՝ իր բազմամյա պրակտիկայում նման դեպք չի հիշում։
News.am
