ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը հաստատել է, որ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել փաստաբան Վահե Գրիգորյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունը վարչական դատարանում վիճարկել է ավագանու այն որոշումները, որոնցով 2024 և 2025 թվականներին թանկացել են վճարովի կայանատեղիների գները։ Դատարանը երկու դեպքում էլ անվավեր է ճանաչել գների բարձրացումը:
«Այսպիսով, ՀՀ վարչական դատարանները եզրափակիչ դատական ակտերով հաստատել են մեր պնդումը, որ ռեժիմը թե՜ 2024 թ., թե՜ 2025 թ. ոչ իրավաչափորեն է ՀՀ քաղաքացիների համար թանկացրել կարմիր և կապույտ գծանշումներով ավտոկայանատեղիների վճարը։ Ականջդ կանչի’, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյան»,– գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ 2026 թ. համար էլ Երևանի ավագանին հաստատեց, որ կամիր գծում կայանելու մեկ տարվա փաթեթը Ա գոտում 160 հազար դրամ է, իսկ Բ գոտում՝ 24 000: Ժամավճարն Ա գոտու համար 300 դրամ է, Բ գոտու համար` 200 դրամ։
Sputnik Արմենիա
