Логотип

«Ոչ մի կոպեկ չեմ վճարել». Աբգարյանն արժանացավ ոսկե մեդալի և «Ոսկե ծիրանի» մրցանակի

Ֆրանսահայ հայտնի դերասան, դրամատուրգ և ռեժիսոր Սիմոն Աբգարյանն արժանացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալի: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Պետական պարգևից բացի, դրամատուրգին հանձնվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Master Award» մրցանակը:

Պարգևները ընդունելու կապակցությամբ իր ելույթը Աբգարյանը սկսեց կատակով՝ նշելով, որ դրանք ստանալու համար «ոչ մի կոպեկ չի վճարել», որից հետո շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և բոլոր ներկաներին:

Իր ելույթում դրամատուրգը անդրադարձավ նաև դիմադրության և ներքին կայունության թեմային:

«Վերջին 20-30 տարիների ընթացքում ակտիվորեն քննարկվում է դիմակայության և դիմադրության հայեցակարգը։ Իրականում այս գաղափարն ամենևին էլ նոր չէ։ Երբ ի հայտ են գալիս դիմակայություն և դիմադրություն պահանջող հանգամանքներ, մենք հասկանում ենք, որ ամենակարևորը տոկունությունը պահպանելու և փորձություններին դիմանալու կարողությունն է», – նշեց Աբգարյանը:

Աբգարյանի նախնիները Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ փախել են Կարինից՝ հաստատվելով Ֆրանսիայում։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվեց Լիբանան։ Իսկ այդ երկրում քաղաքացիական պատերազմ սկսվելուց հետո տեղափոխվեց Նյու Յորք, ապա՝ Լոս Անջելես։ Հենց ԱՄՆ-ում՝ Ջերալդ Փափազյանի ղեկավարությամբ հայկական թատերախմբի կազմում 1980-ականներին սկսվեց Սիմոն Աբգարյանի թատերական կարիերան։

Սիմոն Աբգարյանը «Ոսկե ծիրան»23-րդ կինոփառատոնի պատվավոր հյուր է։ Նա հայտնի է թատրոնում և կինոյում գրեթե կեսդարյա աշխատանքով, այդ թվում՝ «Theatre du Soleil»-ում։ Դերասանը համագործակցել է հայտնի ռեժիսորներ Սեդրիկ Կլապիշի, Ատոմ Էգոյանի, Ռոբեր Գեդիգյանի, Սալի Փոթերի, Ֆաթիհ Աքինի և այլոց հետ, մարմնավորել է Արշիլ Գորկու, Միսաք Մանուշյանի կերպարները, իսկ 2026 թվականին խաղացել է գեներալ Շառլ դը Գոլի դերը Անտոնին Բոդրիի ֆիլմում, որի պրեմիերան կայացել է Կաննում։

Աբգարյանը նաև բազմիցս արժանացել է ֆրանսիական թատերական համայնքի բարձրագույն գնահատանքին՝ «Մոլիեր» մրցանակին. 2001 թվականին նա ճանաչվել է «Լավագույն դերասան», իսկ 2020 թվականին՝ «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ֆրանկոֆոն դրամատուրգ» (հեղինակ):