Логотип

Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ 6 հոսպիտալացված կա

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել: ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ գիշերվա ընթացքում շտապօգնության ծառայությունը ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով: Գրանցվել են ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ:

«Հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,- հայտնում են նախարարությունից։

ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներն իրականացնում են համաճարակաբանական հետազոտություն, նմուշառում և լաբորատոր հետազոտություններ՝ հիվանդության հավանական աղբյուրը և փոխանցման գործոնները պարզելու նպատակով։

Արդյունքների ամփոփումից հետո աղիքային վարակի պատճառի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կտրվի։

Հիշեցնենք` Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր էին արձանագրվել նաև այս տարվա ապրիլի 21-ին, հոսպիտալացվել էր 11 անձ։ Իրականացվել էր խմելու ջրի նմուշառում, և հայտնաբերվել էին շեղումներ՝ ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։

Նշենք, որ ապրիլի 30-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանել էր «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ին՝ նշելով, թե ընկերությանը պատասխանատու չէ Հայաստանում առկա բոլոր խնդիրների համար։

Sputnik Արմենիա