Իրանից ՀՀ է ներմուծվել զգալի ծավալի ավիավառելիք և իրացվել առանց համապատասխան հարկեր վճարելու, որի արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
ՊԵԿ–ից հայտնում են, որ օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են վառելիքի ոլորտում հանցավոր սխեմաներ. ներմուծվող ավիոկերոսի իրացման վերաբերյալ ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում տեղեկություններ առկա չեն եղել։
«Պարզվել է, որ Ռ. Կ.–ն դրածո անձանց միջոցով ստեղծել է ինը ընկերություն: Այս ընկերությունների անվամբ Իրանից ՀՀ է ներմուծվել զգալի ծավալի ավիավառելիք, որն էլ հետագայում իրացվել է ՀՀ–ում գործող տարբեր անձանց՝ առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման»,– ասված է հաղորդագրության մեջ։
Կոմիտեից տեղեկացնում են, որ այս ինը կազմակերպությունց երեքը իրացման վերաբերյալ չեն ներկայացրել համապատասխան հաշվարկ–հաշվետվություններ, իսկ վեց կազմակերպության կողմից ներկայացված հաշվարկներում արտացոլվել են խեղաթյուրված տվյալներ՝ այս եղանակով խուսափելով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց։
Արդյունքում, Ռ.Կ.–ի կողմից հիմնադրված և ղեկավարվող ընկերությունների գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս։
ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ, պարզվում է ենթադրյալ հանցավոր խմբում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը։
Sputnik Արմենիա
