Логотип

«Մուլտի սթոունի» աշխատակիցները բողոքի ակցիա են անում ՔԿ Կոտայքի մարզային վարչության մոտ

«Մուլտի սթոունի» աշխատակիցները բողոքի ակցիա են անում ՔԿ Կոտայքի մարզային վարչության մոտ։

Աշխատակիցներն արդեն ավելի քան 11 օր է՝ անորոշության մեջ են, նշում են, որ չեն կարողանում վճարել կոմունալները, արդեն հացի խնդիր ունեն։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. «Մուլտի սթոունի» աշխատակիցները բողոքի ակցիա են անում ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության մոտ: Աշխատակիցները պահանջում են, որ քննիչ Վազգեն Բադալյանը հանդիպի իրենց հետ ու պատասխանի հարցերից գլխավորին՝ ինչ է լինելու ձեռնարկության ճակատագիրը։

«Էս մարդիկ իրենց աշխատավարձն են ուզում։ Արդեն հացի խնդիր ունենք։ Բադալյանն է կապարակնքել դռները, հիմա պահանջում ենք, որ իջնի, խոսի մեզ հետ»,- ասաց աշխատակիցներից մեկը։

Աշխատակիցները խնդրում են ոստիկաններին, որ իրենց թույլ տան գնալ քննչական կոմիտե (ՔԿ-ն, ոստիկանությունը, միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նույն շենքում են. խմբ.), սակայն ոստիկանության ծառայողները թույլ չեն տալիս ներս մտնել։ Երկար փորձերից հետո աշխատակիցներից մեկը քննիչը կարողացավ զանգահարել քննիչին։

Այն պահին, երբ քննիչը լսեց, որ իր հետ զրուցում են հեռախոսի բարձրախոսով՝ նշեց, նպատակահարմար չի համարում այս ձևաչափով խոսել, հրաժարվեց իջնել բողոքող աշխատակիցների հետ հանդիպման և անջատեց հեռախոսը։

«Մեզ ոչ մեկ, ոնց հասկանում եմ, բանի տեղ չի դնում, շարքային քաղաքացին ու՞մ է պետք․․․ Մարդիկ ախր ուրիշ բան չեն ուզում, ուզում են իրենց արդար քրտինքով աշխատածը ստանալ»,- զրույցից հետո ասաց «Մուլտի սթոունի» աշխատակիցը։

Sputnik Արմենիա